Պատարագ (եկեղեցական)
Պատարագ (պահլ. patarag, զենդ. paitiragayami - նվեր, ընծա) Քրիստոնեական գլխավոր արարողությունն է։ Խորհրդանշում է Հիսուս Քրիստոսի անձնազոհությունը:
Սուրբ Պատարագի արարողության բուն առանցքը կազմում է Հաղորդության խորհուրդը, որը հաստատվել է Հիսուս Քրիստոսի կողմից Խորհրդավոր ընթրիքի ժամանակ: Այն Քրիստոսի ինքնազոհաբերման խորհուրդն է, որի ժամանակ Անմահ Գառն Աստծու՝ որպես հաշտության զոհ, խորհրդավոր կերպով պատարագվում է Սուրբ Սեղանի վրա՝ բաշխելով մեզ իր Սուրբ Մարմինն ու Արյունը, որով վերականգնվում է ի սկզբանե հաստատված հաղորդակցական կապը:
[խմբագրել] Բովանդակությունը և ընթացակարգը
Պատարագը բովանդակում է Հիսուսի մարդեղության ողջ խորհուրդը, կյանքի դրվագները և նրա բոլոր փրկագործության տնօրինությունները՝ Ծնունդից մինչև Համբարձում և Հոգեգալուստ, որոնք արտացոլվում են խորհրդապաշտական գործողություններով՝ Աստվածաշնչյան ընթերցումներով, սաղմոսների և շարականների կատարմամբ, խրատներով, քարոզներով ու աղոթքներով։
Պատարագը բաղկացած է չորս հիմնական մասերից.
- Պատրաստություն, որի նպատակն է սրբագործել խորհրդակատար քահանային և հավատացյալ ժողովրդին` պատրաստ լինելով Ս. Պատարագի արարողությանը: Խորհրդանշում է Քրիստոսի մարդեղությունը:
- Երախայից կամ ճաշու պատարագ: Խորհրդանշում է Քրիստոսի գործունեությունը:
- Հավատացելոց կամ Սրբեցելոց պատարագ: Խորհրդանշում է Վերջին ընթրիքը և Ավագ Շաբաթը:
- Վերջին օրհնություն և Արձակում: Խորհրդանշում է Համբարձումն ու Սուրբ Հոգու գալուստը:
Պատարագի ժամանակ կատարվում է հաղորդություն` հավատացյալները ճաշակում են Հիսուս Քրիստոսի մարմինն ու արյունը խորհրդանշող սրբազան հաց և գինի: Դարերի ընթացքում պատարագը կրել է ծիսական փոփոխություններ: Քրիստոնեական տարբեր դավանանքներում ընթանում է տարբեր ձևերով։ Սովորաբար Հայկական Առաքելական եկեղեցին պատարագը կատարում է կիրակի, սրբոց և տերունական օրերին: Պատարագի լեզուն հին հայերենն է` գրաբարը:
[խմբագրել] Ծագումը
Պատարագի առաջին կազմողը եղել է Հակոբոս առաքյալը` Եդեսիայի առաջին եպիսկոպոսը: Առաջին պատարագամատյանը կամ խորհրդատետրը Կեսարիայից Հայաստան է բերել Գրիգոր Լուսավորիչը: