Պանսպերմիա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Պանսերմիա (հին հունարեն՝ πανσπερμία), հիպոթեզ տիեզերքում կենդանի էակների սաղմերի համատարածվածության վերաբերյալ։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս վարկածի էությունն այն է, որ իբր Երկրի վրա կյանքը ծագել է Տիեզերքում ցրված կյանքի սաղմերի՝ սպորների, ծաղկափոշու, միկրոօրգանիզմների առկայության շնորհիվ, որոնք երկնաքարերի կամ տիեզերական փոշու միջոցով թափանցել են Երկիր։ Այս տեսությունը ստացել է պանսպերմիա անունը, այսինքն «ամենուրեք կյանք»։

Վարկածի առաջացումն ու զարգացումը[խմբագրել | խմբագրել կոդը]

Պանսպերմիա

Այս վարկածն առաջարկվել է 1895 թվականին շվեդացի ֆիզիկոս Սվանտե Ավգուստ Արենիուսի կողմից։ Նա գտնում էր, որ կյանքը Երկրի վրա անօրգանական նյութերից չի առաջացել, այլ բերվել է այլ մոլորակներից։ Դրա հետ կապված հարցեր էին առաջանում, օրինակ, թե ինչպես է հնարավոր այդպիսի անցումը մի մոլորակից մեկ այլ մոլորակ։ Պատասխանները որոնում և գտնում էին ֆիզիկայի օրենքներում։ Հ․ Հելմհոլցը, Գ․ Ռիխտերը, Ջ․ Թոմսոնը, Պ․ Պ․ Լազարևն առաջինը պաշտպանեցին այդ հայացքները։ Սակայն այս վարկածն ուներ բազմաթիվ հակառակորդներ, որոնք ենթադրում էին, որ Տիեզերքում փոխադրվելու ժամանակ կենդանի օրգանիզմներն կոչնչանային ուլտրամանուշակագույն ճառագայթների ազդեցության տակ, ինչպես նաև խիստ շիկանալուց և չէին կարող հասնել Երկրի մակերևույթ։

Ժամանակակից լաբորատոր հետազոտությունները հաստատում են կենդանի օրգանիզմների բարձր կայունությունն անբարենպաստ ազդեցությունների՝ մասնավորապես ցածր ջերմաստիճանի նկատմամբ։ Սպորները և բույսերի սերմերը չեն ոչնչանում և չեն կորցնում իրենց կենսական հատկություններն անգամ հեղուկ թթվածնի և ազոտի մեջ գտնվելիս։ Օրինակ՝ պարզվել է, որ բակտերիաների սպորները -243-ից մինչև 140 աստիճան տատանումների դեպքում 1000 տարվա ընթացքում չեն կորցնում իրենց կենսունակությունը։ Կարծիք կար նաև, որ կյանքի մանրագույն սաղմերը կարող էին տիեզերական տարածքում վիթխարի արագությամբ տեղափոխվել լույսի ճնշման տակ և հասնել Երկիր։ Այդ վարկածի կողմնակիցներից էր ռուս գիտնական Վ․Վերնադսկին։

Պանսպերմիայի տեսության ժամանակակից կողմնակիցներն այն կարծիքին էին, որ կյանքը Երկրի վրա առաջացել է պատահաբար կամ միտումնավոր՝ տիեզերական եկվորների միջոցով։

Սակայն, եթե նույնիսկ պանսպերմիայի վարկածն ընդունելի համարենք, այն չի կարող լիարժեք պատասխանել կյանքի ծագման հարցին ընդհանրապես, այլ միայն պատասխանում է այն հարցին, թե ինչպես է կյանքը Երկիր տեղախովել այլ մոլորակներից։ Իսկ ինչպես է առաջացել կյանքը այլ մոլորակների վրա։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 9, էջ 123