Պայմանական դատապարտություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Պայմանական դատապարտություն, դատավճռով նշանակված պատիժը դատապարտյալի նկատմամբ ի կատար չածելը՝ պայմանով, որ նա սահմանված փորձաշրջանում նոր դիտավորյալ հանցագործություն չի կատարի։ Ըստ խորհրդային օրենսդրության, պայմանական դատապարտություն կիրառվում է ազատազրկման և ուղղիչ աշխատանքների դատապարտվածների նկատմամբ այն դեպքերում, երբ, հաշվի առնելով գործի հանգամանքներն ու հանցավորի անձնավորությունը, դատարանը նպատակահարմար է համարում նշանակված պատիժը հանցավորի նկատմամբ ի կատար չածել։ Փորձաշրջանում (նշանակվում է 1–5 տարի ժամկետով) նոր հանցագործություն կատարելու և ազատազրկման դատապարտվելու դեպքում դատապարտյալի նկատմամբ պատժաչափը վերջնականորեն որոշվում է մի քանի դատավճիռներով պատիժ նշանակելու և պատիժներն ի մի գումարելու կանոնով (ւոես Համակցություն դատավճիռների)։ Եթե դատապարտյալը փորձաշրջանում նոր հանցագործություն (հասարակական կամ այլ կարգի խախտումներ) չի կատարում, նշանակված ժամկետն անցնելուց հետո դատվածությունը մարվում է։ Հասարակական կազմակերպությունների կամ աշխատավորական կոլեկտիվների միջնորդությամբ, կամ սեփական հայեցողությամբ դատարանը կարող է պայմանական դատապարտվածին հանձնել նրանց վերադաստիարակությանը, կամ փորձաշրջանի ոչ պակաս, քան կեսն անցնելուց հետո՝ վերացնել մնացած փորձաշրջանը։ Օրենքով նախատեսված կարգով պայմանական դատապարտվածը պարտադիր ներգրավվում է աշխատանքի։ Պայմանական դատապարտություն կիրառվում է դիտավորյալ հանցագործության համար մինչե 3 տարի ժամկետով դատապարտված, իսկ անզգուշությամբ կատարված հանցագործության համար մինչե 5՝ առաջին անգամ դատապարտված չափահաս, աշխատունակ դատապարտյալների նկատմամբ։ ԽՍՀՄ Գերագույն խորհրդի 1982 թվականին ընդունած հրամանագրերով պայմանական դատապարտության դեպքում կարող են նշանակվել լրացուցիչ պատիժներ (տուգանք, որոշակի պաշտոններ վարելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկում, պատճառած վնասի վերացում)։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png