Չրփլիի կամուրջ (Ջրափի)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Չրփլիի կամուրջ
Երկիր Հայաստան
ՏեղանքՋրափի
Տեսակկամուրջ և մշակութային արժեք
Հատում էԱխուրյան
Ժառանգության կարգավիճակմշակութային հուշարձան Հայաստանում

Չրփլիի կամուրջ, կամուրջ Շիրակի մարզի Ջրափի գյուղում։ Ընդգրկված է Ջրափիի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Չրփլիի կամուրջը կառուցված է տեղական մաքուր տաշված տուֆաքարերից, կրաշաղախով և իրականացված է մեծ խնամքով ու հնարամտությամբ (այժմ ավերված)։ Ախուրյանն այստեղ չափազանց խոր ու նեղ կիրճով է անցնում և այդ խոր անդունդի վրա, ուղիղ նրա միջից տիրաբար բարձրանում է հսկա կամուրջը, որ տեսնողին հիացմունք ու վեհության զգացում է հաղորդում։ Ջրափի գյուղի մոտ, Ախուրյանի ձորում գտնվող կամուրջը հանդիսանում է միջնադարյան Հայաստանի ամենանշանավոր հիդրո-ինժեներական կառույցներից մեկը։ Կառուցողը կարողացել է տեղանքի բարդ պայմաններում փայլուն կերպով իրականացնել կամրջի շինարարության խնդիրը։ կամրջի երթևեկային մասը հենվում էր միմյանց զուգահեռ երեք երկայնական պատերի վրա, որոնք վերևից իրար էին միանում գլանաձև երկու թաղերով։

Ներքին Ջրափի գյուղի կամուրջը միևնույն ժամանակ ծառայում էր նաև որպես ջրանցույց (ակվեդուկ, կամուրջ-ջրատար)։ Ջուրն աջ ափից կամրջի վրայով փոխադրվում էր ձախ ափը, որը հնարավոր էր դարձնում այն օգտագործել ոռոգման համար։

Ջրափիի կամուրջն ամենամեծն է Ախուրյան գետի վրա կառուցված մյուս 9 կամուրջներից. որի վերաբերյալ, Թորոս Թորամանյանը նշել է. «Այս կամուրջը թե ավելի լայն է, թե ավելի բարձր քան Անիի կամուրջը։ Այս երկու կամուրջները քանդվել են թուրք-պարսկական կռվի ժամանակ պարսիկների ձեռքով՝ թուրքերի արշավանքը դժվարացնելու համար։ Այս կամուրջների շինության ոճը եթե քննենք, պիտի տեսնենք, որ իրենց պարզությամբ, ոճի հատկություններով իրենց կամարների ձևով, պարզությամբ ու գեղեցկությամբ կպատկանին տեղական հայկական ոճին»<ref>«ՀՀ Մշակույթի նախարարություն, «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ, Կամուրջ». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ սեպտեմբերի 24-ին. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 11-ին.։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Թ. Թորամանյան Նյութեր հայկական ճարտարապետության պատմության, հ. 2, Եր., 1948։
  • Վ. Հարությունյան, Միջնադարյան Հայաստանի քարավանատներն ու կամուրջները, Եր., 1960։