Չխկացող մատ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Չխկացող մատ
Չխկացող մատի զարգացման սխեման
Հիվանդության ախտանշաններՅուրահատուկ չխկոցի զգացում մատը ծալելիս/տարածելիս
Բժշկական մասնագիտությունՁեռքի վիրաբուժություն
ՀՄԴ-9727.03
ՀՄԴ-10M65.3
 Trigger finger Վիքիպահեստում

Չխկացող մատ (ռուս.՝ щелкающий палец, անգլ.՝ 'Trigger finger'), «ստենոզացնող լիգամենտիտը» կամ նեղացնող ջլաբունոցաբորբը ձեռքի վիրաբուժության ամենահաճախ հանդիպող հիվանդություններից մեկն է։ Ստենոզացնող լիգամենտիտը (ռուս.՝ стенозирующий лигаментит) «չխկացող մատ» հիվանդության հին անվանումն է, որը սակայն մինչ օրս կիրառվում է կլինիկական պրակտիկայում։ Հայաստանի հիվանդությունների դասակարգման ընդունված կարգի (ՀՄԴ-10) համաձայն այդ հիվանդությունը կոչվում է չխկացող մատ և դրան տրվել է M65.3 ծածկագիրը[1]։

Տարածվածություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիվանդացությունը կազմում է 2-3%, իսկ շաքարային դիաբետով հիվանդների մոտ կարող է հասնել մինչև 10%-ի։ Չխկացող մատը կանանց մոտ հանդիպում է 6 անգամ ավելի հաճախ, քան տղամարդկանց մոտ[2]։ Երեխաների մոտ հանդիպում է նաև, այսպես կոչված, «բնածին» չխկացող մատը, որի դեպքում ավելի շատ ախտահարվում է բթամատը[3]։ Այն հանդիպում է 1000 նորածնից 3.3-ի մոտ[4]։

Կլինիկական պատկեր և ախտորոշում[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիվանդի հիմնական գանգատը լինում է այն, որ առավոտյան արթնանալուց հետո ձեռքի մատներից մեկը կամ մի քանիսը մնում են ծալված դիրքում և դժվարությամբ ու տիպիկ «չխկոցով» են բացվում-փակվում։ Այդ չխկոցը ժամանակի ընթացքում սկսում է ուղեկցվել ցավով և լուրջ անհանգստություն պատճառել հիվանդին՝ հանգեցնելով ձեռքի աշխատունակության նվազման և նույնիսկ կորստի[5]։ Մեծահասակների մոտ հաճախ ախտահարվում են մատանեմատը կամ բթամատը, իսկ միջնամատը, ցուցամատը և ճկույթը՝ ավելի հազվադեպ։ Երբեմն կարող է ախտահարվել միանգամից մի քանի մատ կամ լինել երկկողմանի՝ երկու ձեռքերին[2]։

Պատճառներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ձեռքերի մատները ծալվում են նախաբազկի շրջանում գտնվող ծալիչ մկանների օգնությամբ, որոնք հատուկ «պարանների»՝ ջլերի օգնությամբ կպչում են մատոսկրերին։ Ափի շրջանում ջլերն անցնում են նախադաստակոսկերին և մատոսկրերին կպած օղակաձև կապաններից բաղկացած «թունելների» միջով։ Մատների երկարատև կրկնողական շարժումների, ծանր ֆիզիկական աշխատանքի[6], վնասվածքի, որոշ հիվանդությունների հետևանքով (օրինակ, շաքարային դիաբետ, ռևմատոիդ հոդաբորբ), իսկ որոշ դեպքերում անհայտ պատճառով[7] զարգանում է ծալիչ ջլի և օղակաձև կապանի բորբոքում և այտուց։ Արդյունքում «թունելը», որի միջով պետք է ազատորեն սահեր ջիլը, նեղանում է, իսկ բորբոքված ջլի վրա ձևավորվում է ցավոտ հանգուցանման հաստացում։ Այսպիսով, ծալիչ ջլի և օղակաձև կապանի միջև զարգանում է «կոնֆլիկտ», ինչն էլ արտահայտվում է մատի ծալման-տարածման ժամանակ յուրատեսակ չխկոցով։ Ի տարբերություն մեծահասակների, երեխաների մոտ «բնածին» չխկացող մատի դեպքում օղակաձև կապանն ի ծնե թերզարգացած և նեղ է լինում, կրկին մատը ծալել-տարածելիս ջլի և կապանի միջև զարգանում է կոնֆլիկտ, ինչի արդյունքում ջլի վրա կրկին առաջանում է հանգույց (Նոտտայի հանգույց), որն «արգելակվում» է թունելի մեջ՝ մատիկը պահելով ծալված դիրքում։

Բուժում[խմբագրել | խմբագրել կոդը]

Կոնսերվատիվ (ոչ վիրահատական)[խմբագրել | խմբագրել կոդը]

Նոտտայի հանգույց

Չխկացող մատի բուժումն իրենից մեծ բարդություն չի ներկայացնում, հատկապես ձեռքի վիրաբույժին ժամանակին դիմելու դեպքում։ Սկզբում խորհուրդ է տրվում սահմանափակել ձեռքի ֆիզիկական ծանրաբեռնվածությունը, նշանակվում են ներքին ընդունման հակաբորբոքային-ցավազրկողներ (օրինակ, Արթրինալ[8], Մելգեզիկ[9]), ֆիզիոթերապիա, երբեմն պատրաստվում է հատուկ օրթեզ (ֆիքսատոր, բեկակալ) ախտահարված մատը հատկապես գիշերներն անշարժեցնելու համար[10]։ Սակայն վերջին հետազոտությունները ցույց են տվել, որ նշված բուժամիջոցներն անարդյունավետ են կամ օգնում են միայն հազվագյուտ դեպքերում[11]։

Դրա համար այդ բուժամիջոցներին զուգահեռ կամ դրանց փոխարեն միանգամից կատարվում է ստերոիդ հակաբորբոքային դեղամիջոցի ներարկում անմիջապես բորբոքված օղակաձև կապանի շրջանում։ Ներարկումը կատարվում է տեղային անզգայացմամբ և առանձնապես ցավոտ չէ։ Առաջին ներարկման կարճաժամկետ արդյունավետությունը կազմում է մոտ 70%[12]։ Եթե այն արդյունավետ չի լինում, 1-2 ամիս անց կարելի է կատարել նաև երկրորդ ներարկումը, որի արդյունավետությունը կազմում է մոտ 50%։ Այսպիսով, ստերոիդի 2 ներարկումների արդյունավետությունն ընդհանուր առմամբ կազմում է մոտ 85%։ Ներարկումն արդյունավետ չի լինում հատկապես այն դեպքերում, երբ չխկացող մատն ունի երկարատև՝ ավելի քան 6 ամսվա պատմություն կամ երբ հիվանդի մոտ առկա է շաքարային դիաբետ կամ միանգամից մի քանի ախտահարված մատ[13]։

Այդ իսկ պատճառով, եթե ներարկումներն արդյունավետ չեն լինում կամ եթե հիվանդը հրաժարվում է ներարկումներից կամ դրանց հակացուցման դեպքում կատարվում է վիրահատական միջամտություն[14]։

Վիրահատական[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիրահատական միջամտությունը կարելի է կատարել 2 եղանակով՝ փակ և բաց։

Փակ եղանակի դեպքում կատարվում է ախտահարված կապանի հատում հաստ ասեղով, որի արդյունավետությունը կազմում է մոտ 90%։ Սակայն փակ եղանակը վտանգավոր է կիրառել բթամատի, ցուցամատի և ճկույթի դեպքում, քանի որ բարձր է ասեղով մատնային նյարդի վնասման վտանգը[15]։

Վիրահատական բաց եղանակի արդյունավետությունը կազմում է մոտ 97%[16]։ Այս միջամտությունը կատարվում է տեղային անզգայացմամբ և տևում է ընդամենը 15-20 րոպե։ Մատի հիմքում՝ ափի շրջանում կատարվում է մաշկի փոքրիկ կտրվածք, և ախտահարված օղակաձև կապանը հատվում է՝ ազատելով ջիլը։ Վիրահատությունից հետո նույն օրը հիվանդը գնում է տուն և խորհուրդ է տրվում միայն ծանրաբեռնվածության սահմանափակում 4 շաբաթ։ Ափի շրջանի սպին հետագայում գրեթե չի նկատվում։ Ժամանակի ընթացքում ջլի գնդիկանման հաստացումը հաճախ անհետանում է։ Բայց նույնիսկ չանհետանալու դեպքում հատած օղակաձև կապանը ձևավորում է նոր՝ ավելի լայն թունել, որի միջով ջիլը սահում է ազատորեն ու առանց ցավի։

Օղակաձև կապանի հատում բաց եղանակով

Ինչ վերաբերում է «բնածին» չխկացող մատին, ապա նորածինների ծնողներին խորհուրդ է տրվում սպասել մինչև 1-2 տարի, քանի որ երբեմն ժամանակի ընթացքում թերզարգացած օղակաձև կապանը լայնանում է, և չխկոցն ինքնաբերաբար անցնում է։ Եթե ի վերջո չխկոցը մնում է կամ դառնում է ցավոտ կամ մատը մնում է ծալած վիճակում, ապա 1-2 տարեկանում կատարվում է օղակաձև կապանի հատում բաց եղանակով։

Նախազգուշացում[խմբագրել | խմբագրել կոդը]

Հաճախ հիվանդին թվում է, որ եթե չխկացող մատը զոռով, ցավին դիմանալով շարժի ու հաճախակի վարժություններ կատարի, ապա կկարողանա անցկացնել այդ չխկոցը և տարրալուծել առկա ցավոտ գնդիկը։ Սակայն նման կտրուկ ու ցավոտ վարժություններն ավելի են խորացնում ջլի և կապանի բորբոքումը, հետևաբար դա արգելված է։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «DocumentView». www.arlis.am. Վերցված է 2017 թ․ հունիսի 1-ին.
  2. 2,0 2,1 Makkouk AH, Oetgen ME, Swigart CR, Dodds SD (2008 թ․ հունիս). «Trigger finger: etiology, evaluation, and treatment». Curr Rev Musculoskelet Med. 1 (2): 92–6. doi:10.1007/s12178-007-9012-1. PMC 2684207. PMID 19468879.{{cite journal}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
  3. «Congenital trigger thumb» (անգլերեն). 2017 թ․ մարտի 26. {{cite journal}}: Cite journal requires |journal= (օգնություն)
  4. Kikuchi, Noriaki; Ogino, Toshihiko (2006 թ․ ապրիլ). «Incidence and development of trigger thumb in children». The Journal of Hand Surgery. 31 (4): 541–543. doi:10.1016/j.jhsa.2005.12.024. ISSN 0363-5023. PMID 16632044.
  5. «Trigger Finger: Practice Essentials, Background, Anatomy». 2016 թ․ օգոստոսի 24. {{cite journal}}: Cite journal requires |journal= (օգնություն)
  6. Gorsche, R.; Wiley, J. P.; Renger, R.; Brant, R.; Gemer, T. Y.; Sasyniuk, T. M. (1998 թ․ հունիս). «Prevalence and incidence of stenosing flexor tenosynovitis (trigger finger) in a meat-packing plant». Journal of Occupational and Environmental Medicine. 40 (6): 556–560. ISSN 1076-2752. PMID 9636936.
  7. Kasdan, M. L.; Leis, V. M.; Lewis, K.; Kasdan, A. S. (1996 թ․ նոյեմբեր). «Trigger finger: not always work related». The Journal of the Kentucky Medical Association. 94 (11): 498–499. ISSN 0023-0294. PMID 8973080.
  8. http://www.tonusles.am/am/products/222-arthrinal-en Արթրինալ
  9. http://www.tonusles.am/am/products/169-melgesic Մելգեզիկ
  10. Ryzewicz, Mark; Wolf, Jennifer Moriatis (2006 թ․ հունվար). «Trigger digits: principles, management, and complications». The Journal of Hand Surgery. 31 (1): 135–146. doi:10.1016/j.jhsa.2005.10.013. ISSN 0363-5023. PMID 16443118.
  11. Huisstede, Bionka M.; van Middelkoop, Marienke; Randsdorp, Manon S.; Glerum, Suzanne; Koes, Bart W. (2010 թ․ փետրվար). «Effectiveness of interventions of specific complaints of the arm, neck, and/or shoulder: 3 musculoskeletal disorders of the hand. An update». Archives of Physical Medicine and Rehabilitation. 91 (2): 298–314. doi:10.1016/j.apmr.2009.09.023. ISSN 1532-821X. PMID 20159137.
  12. Murphy, D.; Failla, J. M.; Koniuch, M. P. (1995 թ․ հուլիս). «Steroid versus placebo injection for trigger finger». The Journal of Hand Surgery. 20 (4): 628–631. doi:10.1016/S0363-5023(05)80280-1. ISSN 0363-5023. PMID 7594291.
  13. http://www.orthochirurg.com/resources/journals/Upper%20Limb/hand/soft%20tissue/trigger%20fings246.pdf(չաշխատող հղում) Trigger Digits: Diagnosis and Treatment
  14. Amirfeyz, R.; McNinch, R.; Watts, A.; Rodrigues, J.; Davis, T. R. C.; Glassey, N.; Bullock, J. (2017 թ․ հունիս). «Evidence-based management of adult trigger digits». The Journal of Hand Surgery, European Volume. 42 (5): 473–480. doi:10.1177/1753193416682917. ISSN 2043-6289. PMID 28488453.
  15. Wang, Hsien-Chung; Lin, Gau-Tyan (2005 թ․ հունիս). «Retrospective study of open versus percutaneous surgery for trigger thumb in children». Plastic and Reconstructive Surgery. 115 (7): 1963–1970, discussion 1971–1972. ISSN 1529-4242. PMID 15923844.
  16. Turowski, G. A.; Zdankiewicz, P. D.; Thomson, J. G. (1997 թ․ հունվար). «The results of surgical treatment of trigger finger». The Journal of Hand Surgery. 22 (1): 145–149. doi:10.1016/S0363-5023(05)80195-9. ISSN 0363-5023. PMID 9018628.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]