Չարվակա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Չարվակա (սանսկրիտերեն՝ carvaka - ուսմունք չորս տարրերի մասին), հին և միջնադարյան Հնդկաստանի ոչ ուղղափառ փիլիսոփայական դպրոց, որին բնորոշ են աթեիստական ու բնապաշտական սկզբունքներ և մատերիալիստական միտումներ։ Կապված է Բրիհասպատի իմաստունի (մեր թվարկությունից առաջ I հազարամյակ) ուսմունքի հետ։ Հայտնի է նաև լոկայաթա անվամբ։ Ըստ Չարվակայի, աշխարհը չորս նախատարրերի՝ օդի, կրակի, ջրի և հողի (երբեմն նաև եթերի) համակցություն է։ Հոգին այդ տարրերի հատուկ համակցության՝ մարմնի հատկանիշն է։ Մահվանից հետո մարմինը նորից բաժանվում է սկզբնատարրերի, իսկ հոգին ոչնչանում է։ Դիտելիքի հավաստիության միակ աղբյուրն ու չափանիշը զգայական ընկալումն է։ Տրամաբանությունը զգայական տվյալները զուգակցող օժանդակ միջոց է, հետնաբար պետք է դատել գոյություն ունեցողի շուրջը և ոչ թե դատողությունից բխեցնել ինչ-որ բանի գոյությունը։ Չարվակայի բարոյագիտությունը մերժում է ավանդական այն դրույթը, ըստ որի տառապանքի աղբյուրը երկրայինի՝ զգայականի մեջ է, և կյանքի իմաստը դրանից ազատագրվելն է։ Չարվական պնդում է միայն երկրային կյանքի գոյությունը և սովորեցնում տառապանքից խուսափելով ձգտել հաճույքի։ Վեդաների և բրահմայական կրոնի հեղինակությունը ժխտելու, ինչպես նաև մատերիալիստական և հեդոնիստական ուղղվածության պատճառով Չարվական եղել է հնդկական ուղղափառ փիլիսոփայության հոսանքների քննադատության առարկա։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png