Չարչարանց երգեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

«Չարչարանց երգեր», պասսիոններ գերմ.՝ Passion, լատին․՝ passio - տառապանք, չարչարանք), ավետարանական տեքստով երաժշտական ստեղծագործություն Հուդայի դավաճանության և Հիսուսի խաչելության մասին՝ հատկացված նախազատիկյան այսպես կոչված «ավագ շաբաթվա» արարողությանը։

Սկզբնապես (4-րդ դար) եղել է սաղմոսերգական տիպի երգ–արտասանություն, մեղեդիապես զարգացած հանգաձևերով։ Մոտավորապես 14–րդ դարից կատարվել է մեներգչի և երգչախմբի «հարց ու պատասխանի» վրա հիմնված փոխերգեցողությամբ, ապա դրամայի մասնակիցների (Հիսուս, Պետրոս, Հուդա, Պիղատոս և ուրիշներ) երգամասերը անհատականացել են։

Պոլիֆոն երգեցողության զարգացման դարաշրջանում (16-րդ դար) կանոնիկ տեքստը կատարել է երգչախումբը, իսկ 17-րդ դարում գոյացել ու 18–րդ դարում ամրապնդվել է «չարչարանց երգեր»-ի օրատորային տեսակը։

Ստեղծվել են նաև եկեղեցական արարողությունից անկախ, ժողովրդական թատերականացումներ։ «Չարչարանց երգեր»-ի թեմայով ժանրային առումով տարբեր տեսակի նշանավոր երկեր են գրել Օբրեխտը, Օ․ Լասսոն, Հ․ Շյուցը և ուրիշներ։ Այդ թեմայով ստեղծված երաժշտության նվաճումներից է համարվում Յոհան Սեբաստիան Բախի՝ մարդկայնությամբ խորապես ներթափանցված պասսիոններն են՝ գրված բողոքական (լյութերական) ավանդույթով գոյացած գերմանական տեքստով։

Նոր ժամանակներում նույն թեման ազատ մեկնաբանված Է, օրինակ, Քշիշտոֆ Պենդերեցկու «Չարչարանքները ըստ Ղուկասի» ստեղծագործության մեջ։

«Չարչարանաց» թեմատիկան հայ հոգևոր երաժշտության մեջ անդրադարձված է ասերգային և երգային տիպի բազմազան մոնոդիկ ստեղծագործություններում։ Վերջինների թվում, Պատարագի հատվածներից բացի, կան շարականներ, երգեր (հատկապես Ներսես Շնորհալու հորինած), գանձեր և տաղեր, որոնք մեղեդիապես, ընդհանուր առմամբ, հարազատ են ժողովրդական երաժշտական ոճին։ Դրանց մի մասը բազմաձայն մշակել են Մակար Եկմալյանը, Կոմիտասը և ուրիշներ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 674