Ուրվականներից քշվածները

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ուրվականներից քշվածները
千と千尋の神隠し
Ժանրֆենտեզի, մուլտիպլիկացիա, գիտական ֆանտաստիկա, արկածային
ԵրկիրՃապոնիա Ճապոնիա
ԹվականՀուլիսի 20, 2001 թ
Լեզուճապոներեն
ՌեժիսորՀայաո Միյաձակի
ՊրոդյուսերՏոշիո Սուզուկի
Սցենարիստ(ներ)Հայաո Միյաձակի
ԴերակատարներՐումի Հիրագի, Միյու Իրինո, Մարի Նացուկի, Տակեշի Նաիտո, Յասուկո Սավագուչի, Ցունեհիկո Կամիջո, Տակեհիկո Օնո, Բունտա Սուգավարա
ՕպերատորԱցուշի Օկուի
ԵրաժշտությունՋո Հիսաիշի
ՄոնտաժՏակեշի Սեյամա
ԸնկերությունTokuma Shoten, Studio Ghibli, Nippon Television Network, Dentsu, Buena Vista Home Entertainment, Tohokushinsha Film, Mitsubishi Commercial Affairs
Տևողություն124 րոպե[1]
Բյուջե¥1.9 միլիարդ ($19 միլիոն)
ՏեղայնացնողToho
ԿայքՊաշտոնական կայքէջ
Պաշտոնական կայքէջ
Պաշտոնական կայքէջ
Ֆիլմի թողարկում «Ուրվականներից քշվածները» (բնօրինակ անվանում — 千と千尋の神隠し)

Ուրվականներից քշվածները (ճապ.՝ 千と千尋の神隠し Սեն տո Չիհիրո նո Կամինաքուշի, Սենի ու Չիհիրոյի անհետացումը), ճապոնական անիմացիոն ֆիլմ, որի սցենարի հեղինակն ու ռեժիսորը Հայաո Միյաձակին է։ Արտադրել է Գիբլի ստուդիան[2]։ Թողարկվել է 2001 թվականին։ Անիմեն պատմում է 10-ամյա աղջկա՝ Չիհիրո Օգինոյի մասին։ Տնից տեղափոխվելիս Չիհիրոն պատահմամբ ընկնում է ուրվականների աշխարհ։ Կախարդ Յուբաբան Չիհիրոյի ծնողներին վերածում է խոզերի, իսկ Չիհիրոն աշխատանքի է անցնում նրա լողարանում։ Հետագայում նա փորձում է ազատվել այդ աշխատանքից և փրկելով իր ծնողներին, արդյունքում վերադառնալ մարդկային աշխարհ։

Ամռանը Միյաձակիի տուն հաճախ գալիս էր իր ընկեր, պրոդյուսեր Սեիջի Օկուդայի 10-ամյա աղջիկը[3], ում այցելության ժամանակ էլ Միյաձակին որոշում է գրել անիմեի սցենարը։

Այդ ժամանակ Միյաձակին աշխատաում էր 2 տարբեր սեփական ծրագրերի վրա, որոնք հետագայում մերժվում են։ «Ուրվականներից քշվածները»-ի արտադրությունը սկսվում է 2000 թվականին՝ $19 միլիոն բյուջեով։ Արտադրության ժամանակ Միյաձակին հասկանում է, որ անիմեի տևողությունը կլինի մոտ 3 ժամ և որոշում է կտրել որոշ տեսարաններ։

Walt Disney Pictures ընկերությունը առաջարկում է Pixar ընկերության ռեժիսոր Զոն Լասեթերին, ով Միյաձակիի երկրպագուն է, կատարել անիմեի անգլերեն թարգմանությունը՝ ամերիկյան թողարկման համար։ Լասեթերը ընտրում է Քիրք Վայզին՝ որպես ադապտացիայի ռեժիսոր, իսկ Դոնալդ Վ. Էրնսթին՝ պրոդյուսեր։ Սցենարիստներ Սինդի Դևիս Հևիթը և Դոնալդ Հ. Հևիթը գրում են անգլերեն երկխոսությունները՝ համապատասխանեցնելով դրանք անիմեում ճապոներեն լեզվով շրթունքների շարժումներին[4]։

Անիմեն թողարկվում է 2001 թվականի հուլիսի 20ին և դառնում Ճապոնիայի պատմության մեջ ամենահաջողակ ֆիլմը։ Ամբողջ աշխատրյում այն աճում է մոտ $330 միլիոն, և արժանանում շատ քննադատների գովեստին։ Անիմեն բոքս օֆիսում անցնում է նույնիսկ «Տիտանիկ»-ին, որը համարվում էր տվյալ ժամանակի ամենատարածված ֆիլմը։ Անիմեն հաճախ է գրավում բարձր դիրքեր հանրահայտ մուլտիպլիկացիաների շարքերում[5][6][7]։

75-րդ Օսկարի մրցանակաբաշխության ժամանակ «Ուրվականներից քշվածները» հաղթել է «լավագույն մուլտիպլիկացիա» մրցանակը, 2002 թ-ի Բեռլինի միջազգային ֆիլմերի փառատոնին` Ոսկե արջ։ Այն նաև գտնվում է «BFI 50 ֆիլմեր, որ պետք է նայել մինչ 14 տարեկանը լրանալը»-ի լավագույն տասնյակում։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

10-ամյա Չիհիրո Օգինոն և իր ծնողները ճանապարհորդում են դեպի իրենց նոր տունը, երբ նրա հայրը պատահմամբ սխալ ճանապարհով է գնում։ Չգիտակցելով, նրանք ներս են մտնում ուրվականների աշխարհ, և Չիհիրոյի հայրը համառորեն պահանջում է ուսումնասիրել տարածքը։ Մինչ Չիհիրոյի ծնողները խոզերի պես սնվում են մոտակա ռեստորանում, Չիհիրոն հայտնաբերում է ուրվականների աշխարհի լողարանը և Հաքու անունով մի տղայի։ Հաքուն նախազգուշացնում է Չիհիրոյին, որ նա պետք է հետ վերադառնա և անցնի գետը մինչ մայրամուտ, սակայն Չիհիրոն չի հասցնում։ Նա վերադառնում է իր ծնողների մոտ և տեսնում է, որ նրանք վերածվել են խոզերի, իսկ գետը անանցանելի է դարձել։ Այսպես նա մնում է ուրվականների աշխարհում։

Չիհիրոյին գտնելուց հետո Հաքուն նրան տանում է լողարանի կաթսայատանը աշխատող Կամաջիի մոտ՝ (սարդ յոկայի, որ ղեկավարում է լողարանի սուսուվատարիներին) աշխատանքի ընդունելու համար։ Կամաջին և մեկ այլ աշխատող՝ Լինը Չիհիրոյին ուղարկում են լողարանի տիրոջ՝ կախարդ Յուբաբայի մոտ։ Յուբաբան Չիհիրոյին տալիս է աշխատանք, սակայն փոխում է նրա անունը և դարձնում Սեն (ճապ.՝ )։ Այցելելով այն ախոռը, որտեղ գտնվում էին իր ծնոնղերը, Չիհիրոն հայտնաբերում է հրաժեշտի նամակ և հասկանում է, որ արդեն մոռացել է իր իրական անունը։ Հաքուն զգուշացնում է նրան, որ Յուբաբան կառավարում է մարդկանց վերնցելով նրանց իրական անունները, և եթե Չիհիրոն մոռանա իր իրական անունը, ինչպես որ ինքն է մոռացել, ապա չի կարողանա լքել ուրվականների աշխարհը։

Աշխատանքի ժամանակ Սենը հանդիպում է մի լուռ, դիմակով ուրվականի՝ Անդեմ անունով, և մտածելով, որ նա նույնպես հաճախորդ է, ներս է թողնում նրան։ «Գարշահոտ ուրվական» մականունով մի ուրվական ներս է մտնում լողարան։ Նա Սենի առաջին հաճախորդն է դառնում։ Սենը բացահայտում է, որ նա աղտոտված գետի ոգին է։ Իրեն մաքրելու և լողացնելու դիմաց շնորհակալություն հայտնելու համար, ոգին Սենին տալիս է կախարդական «փսխողական պուտինգ»։ Մինչ այդ, Անդեմը գայթակղումը է լողարանի աշխատակիցներից մեկին, տալով նրան ոսկի, և հետո ուտում է նրան։ Սնունդ պահանջելով նա շրջում է ամբողջ լողարանով և աջ ու ձախ ոսկի է բաժանում աշխատակիցներին։ Մինչ ագահ աշխատակիցները սնունդով կաշառում են Անդեմին, նա ևս երկու ժլատ աշխատակցի է կուլ տալիս։

Սենը հայտնաբերում է թղթից պատրաստած շիկիգամիներին, որ հարձակվում են վիշապի վրա։ Նա հասկանում, որ այդ վիշապը կերպարանափոխված Հաքուն է։ Ծանր վիրավոր Հաքուն մտնում է Յուբաբայի չարդախը, իսկ Սենը հետևելով նրան բարձրանում է վերև։ Երբ նա հասնում է Հաքուին, նրա մեքջի ետևում թաքնված շիկիգամին վերածվում է Զենիբայի՝ Յուբաբայի երկվորյակ քրոջը։ Զենիբան փոխակերպում է Յուբաբայի տղային՝ Բոհին, և մուկ դարձնում։ Տղային փոխարինելու համար նա կեղծ կրկնօրինակ է ստեղծում, իսկ Յուբաբայի թռչունին վերածում է փոքրիկ թռչնակի։ Զենիբան բացատրում է Սենին, որ Հաքուն իր մոտից գողացել է կախարդական ոսկե կնիքը, իսկ այն իր մեջ կրում է մահացու անեծք։ Հաքուն Սենի, Բոհի և թռչունի հետ ընկնում է կաթսայատուն, որտեղ Սենը կերակրում է նրան «փսխողական պուտինգով»։ Հաքուն փսխում է կնիքը և դրա հետ մեկ տեղ սև կողինջ, որին Սենը ոտքով տրորում է։

Հաքուն մնում է անգիտակից, իսկ Սենը որոշում է այցելել Զենիբային, վերադարձնել կնիքը և ներողություն խնդրել նրանից՝ Հաքուի փոխարեն։ Մինչ լողարանը լքելը, Սենը հանդիպում է Անդեմին, որ դարձել էր հսկայական արարած և կերակրում է նրան մնացած պուդինգով։ Անդեմը հետևում է Սենին միաժամանակ փսխոլով կուլ տված աշխատակաիցներին։ Ի վերջո Սենը, Անդեմը, Բոհը և թռչունը նստում են գնացք՝ այցելելու Զենիբային։ Տեսնելով Անդեմի ավերածությունները՝ լողարանում, Յուբաբան զայրանում է Սենի վրա և ասում նրան, որ կմորթի նրա ծնողներին։ Հաքուն բացահայտում է, որ Բոհը չկա և ասում է Յուբաբային, որ կվերադարձնի երեխային, եթե նա բաց թողնի Սենին և իր ծնողներին։

Սենը, Անդեմը, Բոհը և թռչունը հասնում են Զենիբայի տուն, որտեղ Զենիբան, արդեն բարեսրտորեն պատմում է, որ Հաքուի հանդեպ սիրո պատճառով Սենը կոտրել էր իր անեծքը, և որ Յուբաբան սև կողինջով կառավարել էր Հաքուին։ Հաքուն հայտնվում է վիշապի կերպարանքով և Սենին ու Բոհին տանում է հետ՝ Յուբաբայի լողարան։ Անսպասելիորեն Անդեմը համաձայնվում է աշխատել Զենիբայի մոտ և մնում է նրա հետ։ Ճանապարհին Սենը հիշում է իր մանկությունից մի քանի դրվագ։ Փոքր տարիքում խաղալիս նա ընկել էր Կոհակու գետը, սակայն ապահով կերպով ցամաք էր վերադարձել։ Սենը բացահայտում է, որ Հաքուն Կոհակու գետի ոգին է և այդպես ասում է նրա իրական անունը։ Հաքուն վերջապես ազատվում է Յուբաբայից։ Նրանք հասնում են լողարան և Յուբաբան ասում է Սենին, որ իր ծնոնղերի անեծքը կոտրելու համար նա պետք է խոզերի խմբից գտնի իր ծնոնղերին։ Սենը ասում է, որ իր ծնոնղերը այդ խոզերի միջև չեն և այդպիսով ճիշտ պատասխան է տալիս։ Յուբաբան նրան վերադարձնում է իր իրական անունը՝ Չիհիրո։ Հաքուն Չիհիրոյին տանում է գետի մոտ, որ այժմ չորացել է և խոստանում է հետագայում կրկին հանդիպել նրան։ Չիհիրոն անցնում է գետը և գտնում է իր ծնոնղներին, որ ոչինիչ չեն հիշում։ Նրանք միասին վերադառնում են մեքենայի մոտ և հեռանում են։

Հերոսները[խմբագրել | խմբագրել կոդը]

Չիհիրո Օգինո[խմբագրել | խմբագրել կոդը]

Չիհիրո Օգինո (ճապ.՝ 荻野 千尋 Օգինո Չիհիրո), ֆիլմի գլխավոր հերոսուհին։ Հարցազրույցներից մեկում Հայաո Միյաձակին ասել է, որ Չիհիրոն ամենասովորական տասնամյա աղջիկ է։ Բայց սեյու Հիիրագի Րումին բոլորովին այլ բնորոշում է տալիս`«Նա կամակոր է ու երես առած, շատ նման է ժամանակակից աղջիկներին»։ Ֆիլմի սկզբում Չիհիրոն կամակորում է, դժգոհ է տեղափոխությունից ու նախօրօք իր դպրոցը անհետաքրքիր ու ձանձրալի է համարում։ Բայց ընթացքում ցույց է տալիս իր լավագույն հատկանիշները` նա պատասխանատու է, համբերատար ու անշահախնդիր։

Յուբաբան նրան տալիս է Սեն (千) անունը, փոխարենը վերցնելով իրականը ՝ Չիհիրո (千尋): «Չիհիրո» թարգմանաբար նշանակում է «անհատակ խորություն», բառացի՝ 1000 հիրո (հիրո` խորության միավոր, 1,81 մետր)։ 千 կանջին կարող է կարդացվել նաև սեն։

Հաքու[խմբագրել | խմբագրել կոդը]

Հաքու (ճապ.՝ ハク) կամ Կոհակու գետի ոգին (ճապ.՝ ニギハヤミコハクヌシ Նիգիհայամի Քոհաքու Նուշի), վիշապատղա, ում անունը թարգմանվում է, որպես «Սաթե գետի տիրակալ»։ Նա հայտնվել է «անսպասելի ու չգիտես որտեղից»։ Կամաջի պապիկի խոսքերով, նա Չիհիրոյի նման գնացել է Յուբաբայի մոտ ու ասել, որ ուզում է կախարդել սովորել։ Պապիկը փորձել է Հաքուին հետ համոզել, բայց նա ահագին պնդաճակատն էր։ Յուբաբան դարձրեց նրան իր աշակերտը, հետո` աջ ձեռքը։ Սկզնական շրջանում Հաքուն օգնում է Չիհիրոին, և ինքն էլ զգում է, որ սկսում է փոխվել. հիշել, ինչպիսին էր մինչև Յուբաբայի մոտ գալն ու ինչի համար է եկել Յուբաբայի մոտ։ Հիշողությունը, որ Յուբաբան անվան հետ վերցրել էր, վերադառնում է ու Հաքուն հիշում է, որ ժամանակին փրկել է Չիհիրոյին։ Աղջիկը կոշիկի հետևից գետն էր ընկել և քիչ էր մնում խեղդվեր, բայց վիշապը` այդ գետի ոգին, փրկել է նրան։ Գետը կոչվում էր Քոհաքուգավա (琥珀川)` սաթե գետ, Հակուն էլ դրա տիրակալ-պահապանն էր. մարդու կերպարանք ստացած վիշապը։

Զենիիբայից վերադառնալուց Չիհիրոն հիշում է այդ պատմությունը եվ ասում Հաքուին նրա իսկական անունը։ Լսելով այդ, Հաքուն վերածվում է մարդու եվ նրանք երկուսով վերադառնում են Յուբաբայի մոտ։

Սեյուներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հերոսներ Սեյու
Չիհիրո Օգինո (ճապ.՝ 荻野 千尋 Օգինո Չիհիրո)/Սեն (ճապ.՝ ) Րումի Հիրագի
Հաքու (ճապ.՝ ハク)/Կոհակու գետի ոգին (ճապ.՝ ニギハヤミコハクヌシ Նիգիհայամի Քոհաքու Նուշի) Միյու Իրինո
Յուբաբա (ճապ.՝ 湯婆婆 Յուբաբա, բառացի «լողարանի տիկին») Մարի Նացուկի
Զենիբա (ճապ.՝ 銭婆 Ձենիբա)
Կամաջի (ճապ.՝ 釜爺 Քամաջի, բառացի «կաթսայատան ծերուկ») Բունտա Սուգավարա
Լին (ճապ.՝ リン Րին) Յումի Տամաի
Չիչիյակու (ճապ.՝ 父役) Ցունեհիկո Կամիջո
Անիյակու (ճապ.՝ 兄役)/Օգնական մենեջեր Տակեհիկո Օնո
Անդեմ (ճապ.՝ カオナシ Քաոնաշի, բառացի «դեմք չունեցող») Ակիո Նակամուրա
Աոհերու (ճապ.՝ 青蛙, բառացի «գորտ») Տացույա Գաշուին
Բանդաիգաերու (ճապ.՝ 番台蛙)/Բրիգադիր Յո Օիզումի
Բոհ (ճապ.՝ Բո) (երեխա) Րյոնոսուկե Կամիկի
Ակիո Օգինո (ճապ.՝ 荻野 明夫 Օգինո Ակիո), Չիհիրոյի հայրը Տակաշի Նաիտո
Յուկո Օգինո (ճապ.՝ 荻野 悠子 Օգինո Յուկո), Չիհիրոյի մայրը Յասուկո Սավագուչի
Գետի ոգի (ճապ.՝ 川の神 Կավա նո Կամի) Կոբա Հայաշի
Բողկի ոգի (ճապ.՝ おしら様 Օշիրա֊սամա) Կեն Յասուդա

Արտադրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գլխավոր հերոսի դերում ընտրել եմ մի հասարակ աղջկա, ում հանդիսատեսը կհամակրի և կսիրի։ Սա հեքիաթ չէ, որտեղ հերոսները մեծանում են, այլ մի պատմություն, որտեղ հերոսները կարողանում են բացահայտել այն, ինչ արդեն կա իրենց մեջ։ Հետագայում դրանք կբացահայտվեն որոշակի հանգամաններում։ Ես ցանկանում եմ, որ փոքրիկները այդպես ապրեն և վստահ եմ, որ նրանք նույնպես։

Ամեն ամառ Հայաո Միյաձակին իր և ընկերոջ ընտանիքի՝ հինգ աղջիկների հետ մնացել է լեռնային տնակում։ Հենց այդ ժամանակ էլ նրա մոտ առաջանում է ցանկություն՝ ստեղծել անիմե իր ընկերների համար։ Միյաձակին նկարել էր անիմեներ դեռահասների և երեխաների համար («Իմ հարևան Տոտորոն», «Կախարդուհու առաքման ծառայությունը»), սակայն նա երբեք 10-ամյա աղջիկների համար անիմե չէր նկարել։ Ոգեշնչվելու համար նա որոշում է կարդալ շոջո մանգայի ամսագրեր («Նակայոշի», «Րիբոն»), որոնք աղջիկները թողնում էին տանը։ Սակայն Միյաձակին հասկանում է, որ դրանց հիմնական թեման սիրային է։ Միաձակին մտածում է, որ դա այն չէ, ինչ աղջիկները «հոգու խորքում» ուզում էին տեսնել և որոշում է ստեղծել մի հերոսուհու, որին աղջիկները կհավանեին[8]։

Ռեժիսոր և սցենարիստ Հայաո Միյաձակին ոգեշնչվել է շոջո մանգա ամսագրերից և նկարել է «Ուրվակններից քշվածները»

Մի քանի տարի է ինչ Միյաձակին ուզում է նոր անիմե նկարել, սակայն նրա երկու գաղափարները մերժվում են։ Առաջինը հիմնված էր ճապոնական «Կիրի նո Մուքո նո Ֆուշիգինա Մաչի» գրքի վրա, իսկ երկրորդը դեռահաս աղջկա մասին էր։ Միյաձակիի երրորդ առաջարկը ընդունվում է և դառնում «Ուրվականներից քշվածները»։

Կան երեք պատմություններ լողարանի մասին, որ հիմված է Միյաձակիի հայրենիքում գտնվող լողարանի վրա։ Նա մտածում էր, որ լողարանը խորհրդավոր վայր է, իսկ լոգարանի մոտ գտնվող փոքրիկ դուռը միշտ հետաքրքրել էր նրան։ Նա ուզում էր իմանալ, թե ինչ է գտնվում այդ դռան հետևում և գրում է պատմություններ, որոնցից մեկը դառնում է «Ուրվականներից քշվածները»-ում լոգարաննեից մեկի մասին մի պատմությունը[8]։

Զյուֆեն, Թայվանում գտնվող քաղաք, որից ոգեշնչվելով նկարել են անիմեում «ոգիների աշխարհ»-ը
Էդո-Տոկիո բացօթյա ճարտարապետական թանգարանում գտնվող` Տակահաշի Կորեկիյոյի բնակավայրը, որ հանդիսացել է ոգեշնչման առարկա Միյաձակիի համար` անիմեում «ոգիների աշխարհ»-ում կառույցները նկարելու համար

«Ուրվականներից քշվածները»-ի արտադրությունը սկսվում է 2000 թվականին, ¥1.9 միլիարդ (US$19 միլիոն) բյուջեով[9], Ինչպես և Մոնոնոքե հիմեի դեպքում, Միյաձակին և Studio Ghibli-ի անձնակազմը համակարգչային անիմացիան են փորձարկում։ Ավելի շատ համակարգիչներով և Softimage կոչվող ծրագրով անձնակազմը սովորում է ինչպես համակարգչով անիմացիա ստանալ, սակայն շարունակում է հերոսներին ձեռքով նկարել, որ պահպնվի անիմեի առանձնահատկությունը։ Միյաձակին նույնպես աշխատում էր նրանց հետ, որ վստահ լիներ, որ ամեն ինչ ճիշտ է արված[9]։ Աիմեն պատրաստելու ժամանակ առաջացած ամենամեծ խնդիրը ֆիլմի տևողությունն էր։ Երբ անիմեի արտադրություը նոր էր սկսվել, Միյաձակին հասկանում է, որ եթե հետևեն իր գրած սյուժեին, ապա անիմեի տևողությունը 3 ժամից կանցնի։ Նա որոշում է որոշ տեսարանաններ կտրել, և անիմեն ավելի հասարակ դարձնել։

Միյաձակին չէր ուզում գեղեցիկ հերոսուհի ստեղծել։ Սկզբում նա զայրացել էր, որ Չիհիրոն շատ ձանձրալի և անհետաքրքիր տեսք ունի. «Նա սիրունիկ չէ։ Միթե՞ ոչինչ չենք կարող անել, որ ուղղենք դա»,- ասել է Միյաձակին։ Երբ անիմեն գրեթե պատրաստ էր, Միյաձակին ասում է. «նա հիասքանչ կին կդառնա»[8]։

Ոգեշնչման աղբյուրները[խմբագրել | խմբագրել կոդը]

Միյաձակին անիմեում «ոգիների աշխարհ»-ի շատ կառույցներ նկարել է հիմնվելով իրական կառույցների վրա, որոնցից է, օրինակ՝ Ճապոնիայում, Տոկիոյի Կոգանեի քաղաքի Էդո-Տոկիո բացօթյա ճարտարապետական թանգարանը։ Անիմեի արտադրության ժամանակ՝ ոգեշնչվելու համար, նա հաճախ այցելել է այդ թանգարանը։ Միյաձակիին շատ է հետաքրքրել Մեյջի ժամանակաշրջանի կառույցները, որոնք կային այդ թանգարանում։ Թանգարանը Միյաձակիին նոստալգիկ զգացողություններ է պարգևել։ «...հատկապես երեկոյան, երբ մենակ այստեղ եմ կանգնում, արդեն մայրամուտ է և փակվելու ժամն է` աչքերս արցունքներով են լցվում։»[8]

Մեկ այլ ոգեշնչման առարկա է Նոտոյայոկան` Յամագատա նահանգում գտնվող ճապոնական ավանդական րյոկան (հյուրանոց)։ Այն հայտնի է իր գեղեցիկ ճարտարապետությամբ և առանձնահատուկ զարդարանքով[10]։

Թայվանում գտնվող ոսկե քաղաք Զյուֆենի կառույցները ոգեշնչման առարկա են հանդիսացել նաև Միյաձակիի մեկ այլ ֆիլմի համար։ Դոգո Օնսենը (լողարան) նույնպես ոգեշնչման առարկա է եղել։ «Ուրվականներից քշվածները» անիմեում լողարանը Միյաձակին նմանեցրել է հենց Դոգոյի շենքին[11]։

Թարգմանչական ստեղծարարություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Քանի որ ճապոնական մշակույթը ոչ բոլորին է հայտնի, անգլերենի թարգմանիչները հատուկ հուշումներ են գրել։ Օրինակ` «սա բաղնիք է»։

Որոշ մանրուքներ փոխել են կամ ջնջվել։ Օրինակ, երբ Հաքուն պահանջում է Սենին ուղարկել իր աշխարհ, օրիգինալում Յուբաբան խոստանում է ևս մի փորձություն կազմակերպել։ Անգլերեն թարգմանությունում` Հաքուին կտոր-կտոր անել Չիհիրոյին ազատ արձակելու դեպքում։

Միյաձակին նախատեսում էր, որ վերջում Չիհիրոն կատարվածից ոչինչ չի հիշելու։ Անգլերեն կրկնօրինակման մեջ Չիհիրոն վերադառնում է որպես լրիվ նոր մարդ ու խոստանում, որ գլուխ կհանի նոր դպրոցից։ Օրիգինալում հայրը պարզապես խնդրում է, որ Չիհիրոն շտապի ու մեքենա նստի։

Ինչպես նաև, անվանումը` «Սենն ու Չիհիրոյի խորհրդավոր անհետացումը», անգլերեն տարբերակում թարգմանիչները դարձրել են «Spirited away»` «Ուրվականներից քշվածները»։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «SPIRITED AWAY (PG)». British Board of Film Classification. 2003 թ․ օգոստոսի 14. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հունվարի 28-ին. Վերցված է 2015 թ․ հունվարի 23-ին.
  2. «Սեն տո Չիհիրո նո Կամինաքուշի». http://www.bcdb.com Արխիվացված 2012-12-04 archive.today, մայիսի 13, 2012
  3. Սունադա, Մամի (Ռե֊իսոր) (2013 թ․ նոյեմբերի 16). 夢と狂気の王国 [Երազի ու Խենթության թագավորություն] (Վավերագրական) (Japanese). Տոկիո: Studio Ghibli. Վերցված է 2014 թ․ հուլիսի 12-ին.{{cite AV media}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) Հարցազրույց Տոշիո Սուզուկիի հետ
  4. Թուրան, Քեննեթ (2002, սեպտեմբերի 20). ««Ուրվականներից քշվածների» կախարդանքի ներքո». Los Angeles Times. Վերցված է 2012, հուլիսի 20-ին.
  5. «Տասնամյակի 50 Լավագույն Ֆիլմերը (2000–2009)». Paste Magazine. 2009 թ․ նոյեմբերի 3. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հոկտեմբերի 17-ին. Վերցված է 2011 թ․ դեկտեմբերի 14-ին.
  6. «Կինոքննադատներն ընտրում են տասնամյակի լավագույն ֆիլմերը». Metacritic. 2010 թ․ հունվարի 3. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ ապրիլի 3-ին. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 4-ին.
  7. «Անիմացված Ֆիլների Թոփ 100֊ը». Rotten Tomatoes. Վերցված է 2013, մայիսի 06-ին.
  8. 8,0 8,1 8,2 8,3 8,4 Միյաձակին «Ուրվականներից քշվածների» մասին // Հարցազրույցներ //. Nausicaa.net (Հուլիսի 11, 2001).
  9. 9,0 9,1 Ինչպես են ստեղծել Հայաո Միյաձակիի «Ուրվականներից քշվածները»․ Մաս 1 Արխիվացված 2009-03-12 Wayback Machine. Jimhillmedia.com.
  10. «Գինզեն Օնսենում Նոտոյան վերանորոգման համար դադարեցնում է աշխատանքը․ Tenkai-japan: Cool Japan Guide-Travel, Shopping, Fashion, J-pop». Tenkai-japan. 2010, հուլիսի 1. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 28-ին. Վերցված է 2013, մայիսի 06-ին.
  11. Դոգո Օնսեն japan-guide.com
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ուրվականներից քշվածները» հոդվածին։