Ուպանիշադներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ուպանիշադներ
սանսկրիտ՝ उपनिषद्
Ժանրկրոնական գրականություն
Կազմված էMukhya Upanishads?
Մասն էՎեդաներ

Ուպանիշադներ սանսկր․ ուպանիշադ, բառացիորեն՝ կողքին (ուսուցչի) նստելը, այսինքն՝ ճշմարտությունը ճանաչելու նպատակով ուսուցչի շուրջը նստելը, այստեղից էլ հետագայում՝ նվիրական գիտելիք, գաղտնի ուսմունք], հնդկաստանում հնագույն կրոնափիլիսոփայական բնույթի գրավոր տեքստեր։

Ուպանիշադները Բրահմանների, Սամհիտաների և Արանյակաների հետ կազմում են Վեդաները և վերջինների փիլիսոփայական մասն են։ Ուպանիշադների ժողովածուն բաղկացած է 108 տեքստից։ Դրանք տարբերվում են ծավալով, առաջացման ժամանակով (մ․թ․ա․ 6–3-րդ դարերից մինչև 14–15 դարեր), քննվող փիլիսոփայական հարցերի իդեալիստական, երբեմն նաև մատերիալիստական մեկնաբանություններով։ Ըստ առաջացման ժամանակի Ուպանիշադները բաժանվում են «վաղ» և «նոր» շերտերի։ «Վաղ» շերտին են պատկանում Բրիհադարանյակա, Չհանդոգյա, Այտարեյա, Տայիտտիրիյա, Կենա, Կաուշիտակի ուպանիշադներ։ Համեմատաբար նորերից են Շվեաաշվաաարա, Կատհա, Իշա, Մունդակա, Մահանարյանա, Մայտրի, Փրաշնա, Մանդուկյա ուպանիշադներ։ Ուպանիշադներում հիմնականում քննվում են փիլիսոփայական և բարոյափիլիսոփայական հարցեր և նվազագույն չափով՝ ծեսերը և ծիսակատարությունները։ Ուպանիշադներում հատուկ ուշադրության առարկա են իրականության սկզբնապատճառի որոնումները, միակ բարձրագույն էության (բրահման), հոգու շրջապտույտի, ազատագրման ճանապարհների և դրանց ընտրության մասին խորհրդածությունները և այլն։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։