Ուշբրոնզեդարյան Հայաստանի խեցեգործություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ուշբրոնզեդարյան Հայաստանի խեցեգործություն, խեցեգործությունը Հայաստանում ուշբրոնզեդարյան ժամանակահատվածում։ Խեցեգործության արտադրանքը անհամեմատ ավելի լայն ու բազմակողմանի էր, քան մետաղագործությանը։ Մետաղե իրերի տասնյակ կամ հարյուրավոր տիպերի դիմաց խեցեգործության մեջ մենք ունենք կավե առարկաների հազարավոր տեսակներ ու նմուշներ, որոնք հնարավորություն են տալիս ավելի ևս ճշգրտելու ուշ բրոնզի դարաշրջանի զարգացման ժամանակագրական փուլերը։ Տասնամյակների ու հարյուրամյակների ընթացքում հաջորդաբար հանդես են գալիս նրբախեցի ամանեղենի շատ տեսակներ՝ փորագիր երկրաչափական զարդամոտիվներին միագույն, երկգույն կամ եռագույն ագուցվածքով, վերադիր կենդանակերպ զարդերով, նուրբ փայլեցված երկրաչափական նկարների գոտիներով, ներճկուն ու ռելիեֆ մակերեսներով, փորագիր պարզեցված զարդանաշխերով։

Պաշտամունքային նմուշներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Առանձնապես մեծ հետաքրքություն են ներկայացնում սև փայլեցված պաշտամունքային ամանները՝ իրենց վերագիր ու փորագիր պատկերներով կամ նախնադարյան նկարիչների ու փորագրիչների կողմից ստեղծված ամբողջական կոմպոզիցիաներով։ Հայաստանի պետական թանգարանում այժմ հիանալի սերիաներով ներկայացված ե երկրաչափական հարուստ մոտիվներով նախշված երկբուրգ մեծ սափորների բազմապիսի տեսակներ, ցուլերի ռելիեֆ գլխիկներով կամ կենդանիների ամբողջական պատկերներով զարդարված ցածրավիզ ամաններ, ամաններ, որոնք զարդարված են վագրերի ու օձերի վերագիր ռելիեֆ քանդակներով, զահաբերվող կենդանիներին ներկայացնող քանդակային տեսարաննրով։Եղնիկների, քարայծերի, ու այլ կենդանիների մի ուրիշ խումբ ներկայացված է գծավոր փորագիր զարդերով։ Այս տիպի ամանեղենի վրա երբեմն պատկերվում են նույնիսկ որսի ամբողջական տեսաարաններ, մարտակառքերի ու մարդակերպ էակների մասնակցությամբ։ Կավե ամանների այս խումբը մոտենում է Շամքորի շրջանի սև փայլեցրած խեցեղենին, որի վրա գծային տեխնիկայով պատկերված են որսորդական հմայության ամբողջ տեսարաններ։ Այդ տեսակետից մեծ հետաքրքություն են ներկայացնում որսորդական ինքնատիպ հորինվածքների հարթաքանդակ պատկերներով զարդարված Դվինի խոր շերտերի հսկա կարասները։

Նմուշներ Զանգեզուրում և Սևանում[խմբագրել | խմբագրել կոդը]

Վերջին տարիներին Զանգեզուրի և Սևանի շրջաններում հանյտնաբերվեցին ռեալիստորեն մշակված կոշկաձև անոթների ուշագրավ նմուշներ[1], որոնք ներկայացնում են ցածրակրունկ, փափուկ ճտկավոր կոշիկների տարբեր ձևերն ու մանրամասները։Հայաստանի անոթների այս խումբը առանձնահատուկ տեղ է գրավում Կովկասում լայնորեն տարածված նույնատիպ խեցեղենի մեջ՝ որոշ ընդհանրություններ, դրսևորելով միայն Մինգեչաուր-Նախիջևանյան խմբի և Հյուսիսային Իրանի[2] մ.թ.ա. 11-10-րդ դարերի նմուշների հետ։

Ի տարբերություն արհեստների այլ ճյուղերի, բրոնզեդարյան Հայաստանի խեցեգործությունը համեմատաբար քիչ ընդհանրություններ ունի Հին Արևելքի և Կովկասի նույնատիպ արտադրանքի հետ և լավագույն ձևով է դրսևորում տեղական արհեստի զարգացման առանձնահատկությունները։

Տեխնոլոգիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Օգտագործվում էին կավերի ամենատարբեր տեսակներն ու նրանց մշակման, փայլեցման, զարդանախշման, թրծման, ձևավորման բազմաթիվ եղանակներ։

Վաղուց արդեն հանդես էին եկել բրուտագործական դուրգն ու ամանեղենը թրծելու բավականաչափ մեծ ու բարդ վառարանները, որոնք հայտնի էին դեռևս III—II հազարամյակներում Հարավային Միջագետքի Ուրուկ, Նիպպուր և այլ քաղաքներում[3]։ Ավելի ուշ շրջանի, սակայն էապես չտարբերվող, վառարանների տասնյակ տեսակներ են հայտնաբերվել ժամանակակից Մինգեչաուրի հին բնակավայրի ու կարասային թաղումների շրջանում[4]։ Դրանք հում աղյուսից պատրաստած քառանկյունի կամ կլոր երկհարկանի կառույցներ էին այրման ու թրծման առանձին հարկաբաժիններով, օդի և ջերմության փոխաբերման համապատասխան բարդ հարմարանքներով, կամարակապ ծածկով, կավածեփ պատերով։ Այդպիսի հնոցների այրման խցերում ստացվում էր մոտավորապես 1200-1300° ջերմություն, որը թրծման բաժանմունքում հասնում էր մոտա վորապես 1000 աստիճանի։ Բարձր ջերմաստիճան ապահովելու համար օգտագործվում էր տեղական անտառանյութը։

Խեցեգործական արտադրանքի տիպերի բազմազանությունը, որոշակի տիպերն ու ստանդարտը, ավարտված լակոնիկ, միօրինակ ձևերը ցույց են տալիս, որ նա խորապես մասնագիտացված էր ու կենտրոնացված առանձին արհեստավորական գերդաստաններում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. А. А. Мартиросян, Армения в эпохы бронзы
  2. L.Vanden Berghe, Archelogue de I'lran Anclen, Leyden
  3. В. Ф. Гайдукевич, Керамическая обжигательная печь Мунчак-Тепе, КСИИМК, XXVIII, էջ 72—82
  4. Г. И. Ионе, О гончарных обжигательных печах из Мингечаура, МИА, т. II, Баку, 1950, էջ 31 և հետ.,

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հայ ժողովրդի պատմություն
  • А. А. Мартиросян, «Армения в эпохы бронзы»
  • L.Vanden Berghe, «Archelogue de I'lran Anclen, Leyden» էջ 116
  • Առաքելյան Բ., Գալոյան Գ., «Հայ ժողովրդի պատմություն» էջ 210, 1971