Ուղտասար (լեռ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ուղտասար
Petrogliph-Ughtasar-Armenia.jpg
Տեղադրություն Հայաստան Հայաստան
Բարձրություն 3563 մ


Ուղտասար, լեռ ՀՀ Սյունիքի բարձրավանդակի կենտրոնական հատվածում, Սիսիանից մոտ 30 կմ հեռու, 3000-3300 մ ծովի մակերևույթից բարձրությամբ, որտեղ 1968 թվականին հայտնաբերվել է ժայռապատկերներով հարուստ հնավայր։[1]

Ուղտասար[խմբագրել]

Ժողովուրդն վայրն անվանել է Ուղտասար՝ Սև և Ալ լճերի միջև ընկած լեռնային տեղանքը սապատավոր ուղտի նմանեցնելու պատճառով։ Պատմում են նաև, որ ժամանակին լեռան լանջին ուխտավորները զոհաբերել են իրենց որսը, ապա այն պատկերել քարերի վրա, իսկ նախքան զոհաբերության արարողությունը երկար և դժվարին ճանապարհ անցել, մինչև զոհ մատուցելը՝ մարմնով մաքրվել Ուղտասարի լճերում։ Իրականում Ուղտասարը ոչ միայն զոհատեղի է, այլ նաև նախնադարյան ժամանակների մարդկանց ասոցիատիվ, պատկերավոր և գեղարվեստական մտածողության արգասիքն է, նրանց աշխարհընկալման, հոգեբանության, հավատալիքների և հմայությունների սրբատեղի քարեդարանն է բաց երկնքի տակ։

Petrogliph-Ughtasar-Armenia2.jpg

Ուղտասարի ժայռապատկերներ[խմբագրել]

Ուղտասար հնավայրում հայտնաբերվել են ավելի քան 2000 ժայռապատկերներ՝ ցրված լեռան ստորոտներում, հրաբխային խառնարանից գոյացած մանր լճակների շուրջ, ձորակներում և դարավանդներում։ Դրանք Սյունիքի հնագույն հուշարձաններից են։ Ժայռապատկերների մեծ մասը փորագրված է պղնձագույն և սև ժայռաբեկորների հորիզոնական կամ ուղղաձիգ հարթ մակերևույթներին՝ 2-6 սմ խորության, 2-20 մմ լայնության խորագծերով։

Ժայռապատկերների բովանդակությունը բազմազան է. դրանցում տեղ են գտել որսորդությանը, մարդուն շրջապատող բնաշխարհին, հմայական արարողություններին, տիեզերական պատկերացումներին, հատկապես արևի պաշտամունքին աղերսվող տեսարաններ։ Ուղտասարում ամենահին ժայռապատկերները վերաբերում են մ.թ.ա. V-IV հազարամյակներին։ Զանգվածեղ ժայռաբեկորների վրա դրոշմված են եղջերուների, գիշատիչների մեծադիր ծավալային պատկերներ։ Առավել մեծ քանակություն է կազմում բրոնզեդարյան (մ.թ.ա. III-II հազարամյակներ) ժայռապատկերների խումբը, որոնք առավելապես բազմաֆիգուր են և պատկերում են Հայկական լեռնաշխարհի հնագույն ցեղերի կենցաղը, որսորդությունը, հավատալիքները, ինչպես և վերստեղծված է Հայաստանի կենդանական աշխարհը։ Կանվայրի և ընտելացված կենդանիների՝ բեզոարյան ուղղաեղջյուր և գալարուն եղջյուրներով այծերի, վիթի, եղջերուի, տուրի (վայրիցուլ), ձիու, շան, վարազի, հովազի պատկերներ։

Կենդանիների պատկերները վերարտադրված են բնանմուշների, նրանց ֆիզիկական հատկանիշների խորիմացությամբ, կենսաշունչ արտահայտչամիջոցներով։ Կենդանիների ոճավորված պատկերներում ցայտուն գծերով արտահայտված են նրանց ամենաբնորոշ շարժումները, տեսակային առանձնահատկությունները։ Թեմատիկ տեսարանների մեծ մասում անմիջական մասնակիցը մարդն է՝ պատկերված որսի տեսարաններում, շարժման մեջ, լայնալիճ աղեղը ձեռքին, որսի կենդանու վրա նետարձակելիս, զինված նիզակով, հաճախ՝ պարանը ձեռքին։ Պատկերված են ինչպես մեծ խմբերով կատարվող, այնպես էլ անհատական որսի տեսարաններ (շուրջկալ, որսի կենդանուն քշելու, հետապնդելու տարբեր եղանակներ)։ Վարպետորեն են քանդակված գազանի և մարդու մենամարտի, այծի հոտը գիշատիչների ոհմակի հարձակումներից պաշտպանող շան և այլ տեսարաններ։

Ուղտասարի ժայռապատկերների արվեստը տպավորիչ է թեʹ գեղարվեստական առումով, թեʹ բովանդակությամբ։ Դրանք մեզ են հասել գրեթե անվնաս վիճակում. Միայն աննշան մասն է, հողմահարման ազդեցությամբ, վնասվելով պոկվել ժայռաբեկորների մակերևույթից, իսկ որոշ մասը, որ մոտ է աղբյուրներին, ծածկված է հողաշերտով[2]։

Պատկերասրահ[խմբագրել]

Գրականության[խմբագրել]

  • Կարախանյան Գ., Սաֆյան Պ., Սյունիքի ժայռապատկերները. Հայաստանի հնագիտական հուշարձանները, 4, Ժայռապատկերներ, պրակ 1, Երևան, 1970։

Ծանոթագրություններ[խմբագրել]