Ուխտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ուխտ, հավատքի արտահայտման ձև, բաղձանքի իրականացման նպատակով կրոն, երդում (օրինակ, սրբատեղիների այցելություն, նվիրաբերություններ տաճարին, եկեղեցուն և այլն), որով հավատացյալը դիմում է Աստծուն (աստվածներին) կամ սրբերին։ Հնում զորավարները մարտից առաջ ուխտել են հաջողության դեպքում զոհեր մատուցել աստվածներին, արժեքավոր իրեր, զենքեր են ընծայաբերել տաճարներին։

Ուխտը կարող է լինել նաև որոշակի ժամկետով (երբեմն՝ ընդմիշտ) կենսական հաճույքներից հրաժարման, պահեցողության, մազերը կտրելու կամ պահելու, իր անձը, անգամ զավակներին որևէ սրբի կամ սրբավայրի նվիրաբերելու և այլ կարգի երդում։

Ուխտից հրաժարումը համարվել է ծանր մեղք և աստծո պատժին արժանի արարք։

Ուխտի տարածված ձևերից էր խստակեցությունը, երբ ուխտավորը ինքնազրկմամբ (պահեցողություն, մազե քուրձ հագնել և այլն) ու աղոթքներով ձգտում է արժանանալ «երկնային շնորհների»։

Ուխտը լինում է ոչ միայն անձնական, այլ նաև հասարակական (օրինակ, սահմանված ուխտագնացության տոներ)։

Ուխտ է անվանվում նաև կրոնական միաբանությունը։

Ուխտ բառը գործածվում է նաև «երկկողմանի դաշինք» իմաստով։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png