Ուլֆ Էկման
|
|
Այս հոդվածի չեզոքությունը կասկածի ենթակա է։ Խնդրում ենք տեսնել քննարկման էջի քննարկումը։ Խնդրում ենք չհեռացնել այս պիտակը մինչև խնդիրը չլուծվի։ |
|
|
Այս հոդվածը կարող է վիքիֆիկացման կարիք ունենալ Վիքիպեդիայի որակի չափանիշներին համապատասխանելու համար։ Դուք կարող եք օգնել հոդվածի բարելավմանը՝ ավելացնելով համապատասխան ներքին հղումներ և շտկելով բաժինների դասավորությունը։ |
Ուլֆ Էկման, հոգևոր քարոզիչ, «Կյանքի Խոսք» հոգեգալստական-խարիզմատ ուղղությանը պատկանող կրոնական կազմակերպության (եկեղեցու) հիմնադիր։
Ուլֆ Էկմանը ծնվել է 1950 թվականի դեկտեմբերի 8-ին Գյոթեբորգ քաղաքում։ 1970 թվականի մայիսի 28-ին` դպրոցն ավարտելու նախօրեին, նա դառնում է բողոքական քրիստոնյա։ Ապա ընդունվում է Ուպսալայի համալսարան, որտեղ ուսումնասիրում է ազգագրություն, պատմություն և աստվածաբանություն։ 1976 թվականի գարնանը նա հանդիպում և շուտով ամուսնանում է բողոքական միսիոների դուստր Բիրգիտա Նիլսոնի հետ։ 1979 թվականին Ուլֆ Էկմանը դառնում է Շվեդիայի Լյութերանական եկեղեցու հոգևոր սպասավոր։ Մի քանի տարի Ուպսալայի համալսարանում ծառայում է որպես քահանա։ Սակայն, նրա քարոզները չեն գոհացնում եկեղեցական ղեկավարությանը, որի հետևանքով Էկմանին ազատում են համալսարանի քահանայի պաշտոնից։
Այնուհետև նա իր ընտանիքի հետ միասին մեկնում է ԱՄՆ և մեկ տարի սովորում «Ռեմա» Աստվածաշնչյան ուսուցման կենտրոնում, որը դասական հոգեգալստական աստվածաբանության կենտրոնն է ԱՄՆ-ում և, կարելի է ասել, նաև աշխարհում։ 1983 թվականին Ուլֆ Էկմանը պաշտոնապես լքում է Շվեդիայի Լյութերանական եկեղեցին և Ուպսալայում հիմնում «Կյանքի Խոսք» տեղական հոգեգալստական եկեղեցին ու Աստվածաշնչյան դպրոցը, որը հիմնադրման օրից տվել է շուրջ 10 000 շրջանավարտ։ Եկեղեցին հետագայում աստվածաշնչյան դպրոցներ է հիմնում ևս ինը երկրներում, ինչպիսիք են Ռուսաստանը, Ալբանիան, Իսրայելը, Սինգապուրը և այլն։
Հովիվ Ուլֆ Էկմանի առաջնորդությամբ` Ուպսալայի «Կյանքի Խոսք» եկեղեցին 1989 թվականից ակտիվորեն սկսում է զբաղվել միսիոներական գործունեությամբ։ Մի քանի տարվա ընթացքում Արևելյան Եվրոպայի երկրներում և Ռուսաստանի Դաշնությունում հիմնվում են 700-ից ավելի տեղական քրիստոնեական եկեղեցիներ (համայնքներ), որոնք այս կամ այն չափով հանդիսանում էին «Կյանքի Խոսք»-ի միսիոներական աշխատանքի արդյունք։ Ուլֆ Էկմանը որպես Ուպսալայի «Կյանքի Խոսք» եկեղեցու գլխավոր հովիվ շարունակում է ծառայել մինչև 2000 թվականը, երբ այդ պաշտոնը հանձնելով երկրորդ հովիվ Ռոբերտ Էկին, ինքը ստանձնում է «Կյանքի Խոսք»-ի միջազգային հեղինակության բարձրացման գործը։ Առ այսօր նա իրականացնում է ակտիվ քարոզչական գործունեություն, պարբերաբար համաժողովներ է անցկացնում բողոքական հովիվների և առաջնորդների մասնակցությամբ, դասավանդում է հոգևոր ուսուցման խոշոր կենտրոններում։ Նա հանդիսանում է ԱՄՆ-ի Օրալ Ռոբերտսի համալսարանի (Oral Roberts University) հոգաբարձուների խորհրդի անդամ, ինչպես նաև հիշյալ համալսարանի հետ համատեղ Ուպսալայում հիմնադրված Livets Ord (Կյանքի Խոսք) բարձրագույն ուսումնական հաստատության նախագահը։
Ուլֆ Էկմանը հեղինակ է շուրջ 40 գրքերի, որոնք թարգմանված են աշխարհի բազմաթիվ լեզուներով։ Նրա աստվածաշնչյան ուսուցումները բովանդակող միլիոնավոր տեսա- և լսաժապավեններ, CD և DVD սկավառակներ Ուպսալայի «Կյանքի Խոսք» եկեղեցուց տարածվում են աշխարհով մեկ։