Ուլուգբեկի աստղադիտարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ուլուգբեկի աստղադիտարանը ներկայումս
Ուլուգբեկի աստղադիտարանի սեքստանտի մնացորդները

Ուլուգբեկի աստղադիտարան, միջին դարերի խոշորագույն աստղադիտարաններից մեկը։ Հիմնել է Ուլուգբեկը (1428 – 1429-ին), Սամարղանդից ոչ հեռու։ Պեղումների ժամանակ հայտնաբերվել են մոտ 46 մետր տրամագծով կլոր շենքի պատի ստորին մասի ավերակները։ Շենքում գտնվում էր միջօրեականի հարթությունում տեղակայված 40, 2 մ շառավղով մարմարե հսկայական սեքստանտը (հնարավոր է՝ կվադրանտ)։ Պահպանվել է գործիքի աստիճանավորված աղեղի միայն ստորին՝ 32° երկարությամբ մասը։ Գործածվում էր աստղագիտական հաստատունների, միջօրեականով անցնելու պահին Արեգակի, Լուսնի և մոլորակների կոորդինատները որոշելու համար։ Աստղերը դիտվում էին ավելի փոքր չափերի գործիքներով (չեն պահպանվել)։

Աստղադիտարանում ստեղծված կարևորագույն աշխատությունը այսպես կոչված «Նոր աստղագիտական աղյուսակներն» են («Զիջ-ի ջեդիդ֊ի Գուրագոնի»), որոնք պարունակում են աստղագիտության հիմունքների տեսական շարադրանքը և 1018 աստղերի դիրքերի աստղացուցակներ (հրատարակվել են Օքսֆորդում, 1665-ին)։

Ուլուգբեկի աստղադիտարանն ավերվել է Ուլուգբեկի սպանությունից կարճ ժամանակ անց (1449)։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png