Ուլենշպիգելի և Լամմե Գուդզակի լեգենդը

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ուլենշպիգելի և Լամմե Գուդզակի լեգենդը
ֆր.՝ La Légende et les Aventures héroïques, joyeuses et glorieuses d'Ulenspiegel et de Lamme Goedzak au pays de Flandres et ailleurs
ՀեղինակՇառլ դը Կոստեր
Տեսակգրական ստեղծագործություն
Ժանրպատմավեպ
Բնօրինակ լեզուֆրանսերեն
Կերպար(ներ)Thyl Ulenspiegel?, Lamme Goedzak?, Claes?, Soetkin?, Nele?, Katheline? և Calleken?
Նկարագրում էԻսպանական Նիդերլանդներ
ՆկարազարդողAlbert Delstanche? և Ֆրանս Մազերել
Կազմի հեղինակHippolyte Boulenger?
Երկիր Բելգիա
Հրատարակման տարեթիվդեկտեմբեր 1867
ՎիքիքաղվածքՈւլենշպիգելի և Լամմե Գուդզակի լեգենդը
 Ulenspiegel (novel) Վիքիպահեստում

Ուլենշպիգելի և Լամմե Գուդզակի լեգենդը, լրիվ խորագիրն է՝ Ուլենշպիգելի և Լամմե Գուդզակի լեգենդը, նրանց հերոսական, զվարճալի ու պանծալի արկածները Ֆլանդրիայում և այլուր (ֆր.՝ La Légende et les Aventures héroïques, joyeuses et glorieuses d'Ulenspiegel et de Lamme Goedzak au pays de Flandres et ailleurs), Շառլ Թեոդոր Անրի դը Կոստերի 1867 թվականին լույս տեսած հայտնի ֆրանսերեն վեպն է։ Համարվում է բելգիական գրականության գլուխգործոցը[1]։

Պատմավեպը հիմնված է ստորին գերմաներեն ստեղծագործությունների գրական հերոս Թիլ Ուլենշպիգելի կերպարի վրա։ Կոստերի վեպը պատմում է ֆլամանդացի կատակասեր Թիլ Ուլենշպիգելի այլաբանական արկածների մասին Նիդեռլանդներում իսպանական տիրապետության դեմ հոլանդական ապստամբությունից անմիջապես առաջ և ընթացքում։

Բովանդակություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Շառլ դը Կոստերի վեպը պատմական վեպի և լեգենդի հյուսվածք է։ Նրա հիմքում 16-րդ դարի Նիդերլանդական ժողովրդի անհաշտ պայքարն է իսպանական բռնակալության դեմ։ Գյոզերի, չքավոր դասի և գյուղացիության կռիվն է ազատվելու մոլեռանդ, մարդատյաց Ֆիլիպ II-ի լծից և պապական ինկվիզիցիայի զարհուրանքներից։ Վեպի գործողությունները սկսվում են 1527 թվականի մայիսի 21-ին՝ երկու տղաների ծնունդով։ Մեկը Ֆիլիպն է Իսպանիայի արքայազնը, հետագայում արյունարբու թագավորը, մյուսը՝ ածխագործի որդի Թիլ Ուլենշպիգելը։

Վեպի հերոսը՝ Թիլ Ուլենշպիգելը, կենսուրախ, ազատաբաղձ անձնավորություն տեսնելով իր ժողովրդի տառապանքները, անասելի կեղեքումներն ու ինկվիզիցիայի անիրավությունները դառնում է անձնվեր ազգային գործիչ, միանում գյոզերի ազատարար կռվին։ Թիլը հեղափոխության գործին ծառայում է անձնուրաց արիությամբ, դառնում նրա հռետորը, մունետիկը, լրտեսում թշնամուն, ապստամբների հետ կապեր ստեղծում, դրամ հավաքում նրանց համար, զենք հայթայթում, ժողովրդի մեջ միություն և տոկունություն քարոզում։

Թիլը հոր աճյունի մի մասը քսակի մեջ դրած կրում է կրծքի վրա, որը նրան միշտ մղում է վրեժի ու կռվի։ Թիլը մենակ չէ իր գործերի մեջ, նրա հետ է իր սիրած աղջիկը՝ հեզ ու բարի Նելեն և ուղեկից ընկեր՝ պարզամիտ ու դանդաղաշարժ Լամմե Գուդզակը։

Ժողովուրդը խորհրդանշող հերոսն ու իր ընկերուհին երբեք չեն ծերանում և անմահ են։ Նրանք ապրում են մի աշտարակում, որտեղից տեսնում են ողջ Ֆլանդրիան և հսկում նրա բախտը։ Եվ երբ թվում է թե Թիլը մեռավ առեղծվածային մահով և քահանաները գալիս են նրան թաղելու, նա վեր է կենում և բացականչում.

Միթե կարելի՞ է թաղել Ուլենշպիգելին, մայր Ֆլանդրիայի ոգուն, և Նելեյին նրա սիրտը։ Ֆլանդրիան կարող է քնել, բայց մեռնել՝ երբեք[2]։

Թիլ Ուլենշպիգել հերոսը[խմբագրել | խմբագրել կոդը]

Նախատիպը[խմբագրել | խմբագրել կոդը]

Թիլ Ուլենշպիգելը մի ձեռքում բու, իսկ մյուսում՝ հայելի։

Թիլ Ուլենշպիգելը և իրական և երևակայական անձ է։ Նա միջնադարյան գերմանական և նիդերլանդական լեգենդների զվարճալի և գռեհիկ արկածների հերոս է։ Ուլենշպիգելը հավաքական կերպար է՝ ստեղծված անձնավորություն, որի շուրջ ֆլաման և գերման ժողովուրդները համախմբել են իրենց սիրած արկածները, սրամտությունները, առակները, կատակներն ու շվանկները։ Հերոսի արմատները ֆոլկլորի և թափառող սյուժեների մեջ են[1]։

Թիլը նաև կենսագրություն ունի։ Ըստ ավանդության նա ծնվել է 13-րդ դարի վերջում՝ Բրաունշվեյգի Կնայտլինգեն գյուղում, հոր անունը Կլաաս, մորը՝ Աննա։ Դեռևս 17-րդ դարում գյուղում ցույց էին տալիս Թիլի հայրական տունը։ Նա մահացել է 1350 թվականին ժանտախտից Մյոլն քաղաքում (Շլեզվիգ) և մինչև այսօր կա նրա գերեզմանը։

Թիլի արկածների հավաքածու գիրքը 15-րդ դարում եղել է Ֆլանդրիայում, սակայն չի հասել մեզ։ Պահպանվել է 1519 թվականին Շտրասբուրգում (Գերմանիա) տպված «Ուլենշպիգել, ժողովրդական զվարճալի գիրք» հավաքածուն։

Անվան ծագումնաբանությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Քիլի մականունը զանազան բացատրություններ ունի, գերմաներեն նշանակում է «բու և հայելի», այսպես էլ պատկերել են նրան ժողովրդական գրքերի մեջ՝ մի ձեռքին բու, մյուսում՝ հայելի։ Այդպես է քանդակված նաև նրա գերեզմանի վրա։ Շառլ դը Կոստերը բացատրում է հիմարների, անհեթեթ մարդկանց, սինլքորների և տվյալ ժամանակի հայելին[1]։

Կա նաև բացատրության չտպվող, անպարկեշտ տարբերակը՝ ըստ միջնադարյան հյուսիսային գերմաներենի «ulen» (լվալ, մաքրել) և «spіegel» (հայելի, որսորդական ժարգոնով՝ հետույք)։ Այս ստուգաբանությունը ոչ միայն համապատասխանում է ժողովրդական գրքի հերոս խաբեբա և խարդախ Թիլի բնավորությանը, այլև նույն գրքի որոշակի հատվածին, որտեղ Թիլը գյուղացիներին իր հետույքն է ցույց տալիս։

Հեղինակը[խմբագրել | խմբագրել կոդը]

Շառլ դը Կոստեր

Վեպի հեղինակը բելգիացի Շառլ դը Կոստերն է։ Նա ծնվել է 1827 թվականի օգոստոսի 20-ին, Մյունխենում, ուր նրա հայրը Հռոմի պապի դեսպանի մոտ պաշտոնյա էր։ Կյանքի առաջին տարիները նա անցկացրեց Մյունխենում։ 1833 թվականից նրա ծնողները տեղափոխվել էին հայրենիք և հաստատվել Բրյուսելում։ 17 տարեկանից պաշտոնավարել է Բրյուսելի մի բանկում և ազատ ժամերին զբաղվել է գրելով։ 1850 թվականին մտել է համալսարան, որը ավարտելուց հետո պետական արխիվում պաշտոն է ստանձնել։ Արխիվային նյութերը ուսումնասիրելով ծանոթացել է Բելգիայի պատմությանը և ֆրանսիական հին լեզվին։ Հետագա տարիներին լույս է ընծայել «Ֆլամանդական լեգենդներ» և «Բրաբանտական պատումներ» գրքերը, որոնք մեծ հաջողություն չունեցան։ 1867 թվականին լույս է տեսել «Ուլենշպիգելի և Լամմե Գուդզակի լեգենդը» վեպը, որի վրա աշխատել էր տասը տարի։

Մահացել է 1879 թվականի մայիսի 7-ին, մենակ և կարիքավոր վիճակում։

Բեմադրություններ ըստ վեպի[խմբագրել | խմբագրել կոդը]

Թատերական[խմբագրել | խմբագրել կոդը]

Երաժշտական[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ռիխարդ Շտրաուսի «Թիլ Ուլենշպիգելի ուրախ արարքները» (Till Eulenspiegels lustige Streiche, 1894 - 1895
  • Նիկոլայ Կարետնիկովի «Թիլ Ուլենշպիգել» օպերան, (ռուս.՝ Тиль Уленшпигель), (ներկայացումները՝ 1964 - 1985
  • Գրինբլադ Ռոմուալդի «Ֆլամանդական լեգենդ» ռոք-օպերան, լիբրետոն Յուլի Կիմի և Յուրի Դիմիտրինի։ Պրեմիերան կայացել է 1978 թվականին Լենինգրադում։

Պարային[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1916 թվականին Վացլավ Նիժինսկին Դյագիլևի ռուսական բալետի խմբով բեմադրեց «Թիլ Ուլենշպիգել» բալետը, ըստ Ռիխարդ Շտրաուսի երաժշտության։ Ներկայացումը հաջողություն չունեցավ։ Օգտագործելով նույն երաժշտությունը բալետներ են բեմադրել Ջորջ Բալանչինը, Ժան Բաբիլիեն, Լեոնիդ Յակոբսոնը։
  • 1974 թվականի դեկտեմբերի 29-ին Մինսկում կայացավ բելառուս կոմպոզիտոր Եվգենի Գլեբովի «Լեգենդ Ուլենշպիգելի մասին» բալետ պրեմիերան։ 1975 թվականին բեմադրվեց Լվովում, 1976-ին Լենինգրադում, 1978ին Մինսկում և Հելսինկիում, և 2004 թվականին նոր բեմադրություն կրկին Մինսկում։ 2010 թվականին ներկայացվել է Ռուսաստանի Մեծ թատրոնում։

Կինո[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայերեն թարգմանությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Վեպը ֆրանսերենից հայերեն թարգմանել է Վահե Միքայելյանը։ Հրատարակվել է 1946 թվականին Ավետիք Իսահակյանի խմբագրությամբ և առաջաբանով։ Վերահրատարակվել է 1987 թվականին։

Հուշարձաններ նվիրված Ուլենշպիգելին[խմբագրել | խմբագրել կոդը]

Բելգիացիների գնահատականը[խմբագրել | խմբագրել կոդը]

«Թիլ Ուլենշպիգելը» իր հաստատուն տեղն ունի համաշխարհային գրականության մեջ, սակայն Բելգիայի համար ավելի մի բան է, քան մի հանճարեղ գիրք։ Սա այն գրքերից է, որ ազգային միության չհասած ժողովուրդներին տալիս է ազգային գիտակցություն, կռում է նրա բախտը և գծում նրա ապագա ուղին[1]։

Ուլենշպիգելը ֆլամանդական ավետարանն է, հայրենական գիրքը։ Սա մեր բովանդակ հայրենիքն է, սա մեր վաղն է, սա մեր ողջ պատմությունն է։
- Կ. Լըմոնիե (գրող)
Ուլենշպիգելը՝ գրված հին ֆրանսերենով, առաջին գիրքն է, ուր մեր ժողովուրդը վերստին գտավ իրեն։ Ուլենշպիգելը ինքը բանաստեղծ է, իսկ բանաստեղծը ամբողջ ժողովուրդն է։
- Է. Վերհարն (բանաստեղծ)
Սա առաջին գիրքն է, որ տվեց բելգիացիներին իրենց երկրի բույրն ու ճաշակը։ Այս գրքից սկսում է բելգիական գրականությունը։
- Մ. Օմբիո (գրող)

Թիլ Ուլենշպիգելը նամականիշերի վրա[խմբագրել | խմբագրել կոդը]

Հետաքրքիր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ժողովրդական գրքում Լամմե Գուդզակի կերպարը չի եղել, այն ստեղծել է Շառլ դը Կոստերը։
  • Դը կոստերը 14-րդ դարում գործող Ուլենշպիգելին տեղափոխել է 16-րդ դար՝ նիդեռլանդական ժողովրդի պատմության ամենից փոթորկահույզ շրջանը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 Ավետիք Իսահակյան, «Ուլենշպիգելի և Լամմե Գուդզակի լեգենդը» վեպի նախաբան։
  2. Շառլ դը Կոստեր, Ուլենշպիգելի և Լամմե Գուդզակի լեգենդը, գիրք 5-րդ

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]