Որդան կարմիր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Որդան կարմիրը, կամ Արարատյան որդան կարմիրը (լատիներեն՝ Porphyrophora hamelii) Margarodidae ընտանիքին պատկանող միջատ է, որից հնում հայերը պատրաստում էին նույնանուն ներկը:

[խմբագրել] Միջատի նկարագրությունը

Զարգացման բոլոր փուլերում բնորոշվում է կարմիր գույնով, ինչը պայմանավորված է օրգանիզմում կարմինի առկայությամբ: Բնութագրվում է վառ արտահայտված սեռական դիմորֆիզմով: Չափահաս էգը անթև, օվալաձև, դանդաղ շարժվող միջատ է: Մարմնի երկարությունը` 2-12 մմ, լայնությունը` 1-6 մմ, քաշը` 2-100 մգ (միջինը` 27 մգ). Մարմինը սեգմենտավորված է, ոտքերը կարճ են, թույլ զարգացած: Աչքերը պարզ են, փոքր, ուռուցիկ: Արուները արտաքնապես խիստ տարբերվում են էգերից: Նրանց մարմնի երկարությունը 2-4,5 մմ է, լայնությունը` 0,4-1,3 մմ, քաշը` 0,6-3,4 մգ: Մարմինը հստակ բաժանված է գլխի, կրծքավանդակի և որովայնի: Կրծքավանդակից սկսում են զույգ թափանցիկ թևերը` մուգ կարմիր եզրերով: Աչքերը բարդ են, մեծ: Ոտքերը երկար են, հարմարեցված են համեմատաբար արագ շարժման համար: Մարմինը ավարտվում է արծաթափայլ թելերով, որոնց երկարությունը 2-3,5 անգամ ավելի երկար է քան մարմինը:

[խմբագրել] Միջատի զարգացումը

Որդան կարմրի ձվերը ձմեռում են հողի մեջ մոտ 7 ամիս (սեպտեմբերից մարտ): Գարնանը (մարտ-ապրիլ) ամիսներին, ձվերից դուրս են գալիս երկարավուն թրթուռները, որոնք կպչում են սնուցող բույսի արմատներին: Հետագայում թրթուռները ձևափոխվում են թաղանթապատյանների (ցիստաների): Օգոստոսի վերջում տեղի է ունենում կերպարանափոխություն՝ մետամորֆոզ: Սեպտեմբերի սկզբներին արդեն ձևավորված արուները և էգերը դուրս են գալիս հողի վրա և զուգավորվում: Արուները զույգավորումից հետո սատկում են, իսկ էգերը մտնում են հողի տակ ձվադրման համար: Այսպիսով, մեկ տարում որդան կարմիրը տալիս է մեկ սերունդ:

[խմբագրել] Որդան կարմիրի պահպանումը

Որդան կարմիրը պահպանվում է [1] արգելոցում` Արազափ գյուղի մոտ, սակայն արգելոցը չի ապահովում միջատի լիարժեք պահպանությունը:

Որդան կարմրի արուն
Որդան կարմրի էգը
Որդան կարմրի ցիստաները արմատների շուրջ