Ոստանիկ Մարուխյան
Վիքիփեդիայից՝ ազատ հանրագիտարանից
| Ոստանիկ Զավենի Մարուխյան | |
| Ծննդյան օր՝ | մարտի 4, 1946թ. |
| Ծննդավայր՝ | |
Ոստանիկ Զավենի Մարուխյան (ծնվել է՝ 1946թ.-ի մարտի 4-ին Երևանում) ճարտարագետ, տ.գ.թ., պրոֆեսոր, Հայաստանի Պետական Ճարտարագիտական Համալսարանի ռեկտոր (2006-ից ),ԱԺ պատգամավոր (2003-2007), Ճարտարագիտական ակադեմիայի իսկական անդամ, ՀՊՃՀ-ի Էներգետիկայի դեպարտամենտի «Ջերմաէներգետիկա և շրջակա միջավայրի պաշտպանություն» ամբիոնի վարիչ։
Բովանդակություն |
[խմբագրել] Կենսագրություն
[խմբագրել] Կրթությունը
Ոստանիկ Զավենի Մարուխյանը 1964թ.-ին ավարտել է Երևանի Խ. Աբովյանի անվան թիվ 2 միջնակարգ դպրոցը: 1964-1969թթ. սովորել է Երևանի Կ. Մարքսի անվան պոլիտեխնիկական ինստիտուտի էլեկտրատեխնիկական ֆակուլտետում` ՙՋերմային էլետրակայաններ՚ մասնագիտությամբ: 1971-1974թթ. սովորել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի ասպիրանտուրայում: 1969թ-ից մինչև 1975թ. աշխատել է Երևանի Պոլիտեխնիկական ինստիտուտի էներգետիկական ֆակուլտետի ՙՋերմաէներգետիկա՚ ամբիոնում` որպես ասիստենտ, իսկ մինչև 1983թ.-ը` որպես այդ ամբիոնի ավագ դասախոս: 1983թ.-ից մինչև 1997թ` որպես ամբիոնի դոցենտ, իսկ 1997թ.-ից առ այսօր` որպես ՀՊՃՀ-ի Էներգետիկայի դեպարտամենտի ՙՋերմաէներգետիկա՚ ամբիոնի պրոֆեսոր:
1978-1979թթ. ուսումնագիտական ստաժավորում է անցել Բուդապեշտի, տեխնիկական համալսարանում և Էներգատնտեսության ինստիտուտում: 1996-2001թթ մասնակցել է ուսումնագիտական վարժանքների Աթենքի տեխնիկական համալսարանում, Փարիզի միջուկային տեխնոլոգիաների հետազոտական ինստիտուտում և Լունդի համալսարանում:
[խմբագրել] Աշխատանքային գործունեությունը
1983թ.-ից մինչև 1987թ. աշխատել է Երևանի Պոլիտեխնիկական ինստիտուտի էներգետիկական ֆակուլտետում` որպես դեկանի տեղակալ, իսկ 1987-1990թթ.` որպես էներգետիկական ֆակուլտետի դեկան: 1990թ.-ի ապրիլից մինչև 1990թ.-ի դեկտեմբերը զբաղեցրել է ՀՊՃՀ-ի ուսումնամեթոդական վարչության պետի, 1990-1992թթ. ՀՊՃՀ-ի ուսումնամեթոդական վարչության պետ-պրոռեկտորի, 1992-1993թթ. ՀՊՃՀ-ի ուսումնամեթոդական աշխատանքների գծով պրոռեկտորի, 1993-1999թթ ՀՊՃՀ-ի ուսումնամեթոդական աշխատանքների գծով փոխպրեզիդենտի և 1999-2003թթ ՀՊՃՀ-ի ուսումնամեթոդական աշխատանքների գծով պրոռեկտորի պաշտոնները: Գործուն մասնակցություն է ունեցել ՀՊՃՀ-ում կրթական բարեփոխումների իրականացման գործընթացին, իր անմիջական ղեկավարությամբ և մասնակցությամբ առաջին անգամ մշակվել և հաջողությամբ կիրարկվել են բակալավրական, ինչպես նաև կրտսեր մասնագետի կրթական ծրագրերի գծով ուսումնական պլաններն ու առարկայական ծրագրերը:
1999թ.-ի փետրվարից մինչ հունիս պաշտոնավարել է` որպես ՀՀ ԿԳ նախարարի առաջին տեղակալ: Համահեղինակ է ՀՀ-ի բարձրագույն կրթության ոլորտի համար համակարգային նշանակություն ունեցած մի շարք կանոնադրական և չափորոշիչ փաստաթղթերի: Թվով 11 ուսումնական ձեռնարկների և դասագրքերի հեղինակ է:
1991-ից ՀՅԴ անդամ Է: 2003թ.-ի մայիսին ՀՀ Ազգային Ժողովի ընտրություններում ՀՅԴ համամասնական ցանկով ընտրվել է ՀՀ Ազգային Ժողովի պատգամավոր: Եղել է ՀՀ Ազգային Ժողովի պետաիրավական հարցերի մշտական և եվրոպական կառույցներին ինտեգրման ժամանակավոր հանձնաժողովների անդամ: ԱԺ-ում իր գրեթե եռամյա գործունեության ընթացքում համահեղինակ է թվով 22 օրենսդրական նախաձեռնության, եղել է ՀՀ Սահմանադրական բարեփոխումների նախագծի մշակման աշխատանքային խմբի անդամ և ԱԺ-ի լիագումար նիստում այն ներկայացնող համազեկուցող:Եղել է Հայաստան-Հունաստան և Հայաստան-Իտալիա պատգամավորական բարեկամության խմբերի նախագահը:
2002թ.-ի հոկտեմբերին պարգևատրվել է ՀՀ Ճարտարագիտական ակադեմիայի արծաթե մեդալով:
2003թ.-ի հունվարին ընտրվել է ՀՀ Ճարտարագիտական Ակադեմիայի իսկական անդամ: Թվով 108 գիտական, գիտամեթոդական և հրապարակախոսական հոդվածների հեղինակ է: Իր գիտահետազոտական աշխատանքների ոլորտը ներառում է ժամանակակից ՋԷԿ-ի և ԱԷԿ-ի աշխատանքային ռեժիմների օպտիմալացման և բնապահպանական հիմնախնդիրները: Հասարակական կարգով վարում է ՀՀ Էներգետիկայի նախարարության տեխնիկական խորհրդի փորձագիտական հանձնախմբի նախագահի պաշտոնը, ՀՀ ԳԱԱ-ի էներգետիկայի պրոբլեմային գիտական խորհրդի և ՀՀ ԳԱԱ-ի և ՀՊՃՀ-ի տեղեկագիր-ամսագրի խմբագրական կոլեգիայի անդամ է:
Համատեղության կարգով ղեկավարում է նաև (հասարակական հիմունքներով) ՀՊՃՀ-ի Ջերմաէներգետիկայի և շրջակա միջավայրի պաշտպանության ամբիոնը:
2006թ-ին շնորհվել է ՀՊՃՀ-ի ոսկե հուշամեդալով:
2006թ-ի հունիսին ընտրվել է ՀՊՃՀ ռեկտոր:
[խմբագրել] Ընտանիքը
Ամուսնացած է, կինը` Էլմիրա Մուշեղի Մինասյանը, մասնագիտությամբ ճարտարագետ էներգետիկ է, աշխատում է ՀՀ էներգահամակարգի ՙՀաշվարկային կենտրոն՚ ՊՓԲԸ-ում` որպես առաջատար մասնագետ։
Որդին` Կարեն Ոստանիկի Մարուխյանը, ավարտել է ՀՊՃՀ-ի էներգետիկական ֆակուլտետը, մագիստրոսական երկամյա ուսուցումը, ասպիրանտուրան, ունի հետազոտողի որակավարման աստիճան, այս տարի կպաշտպանի թեկնածուական ատենախոսությունը: Աշխատում է ՙSynopsys՚ հայ-ամերիկյան ընկերությունում:
Դուստրը` Տաթևիկ Ոստանիկի Մարուխյանը, ավարտել է ՀՊՃՀ-ի էներգետիկական ֆակուլտետը,ստացել է տնտեսագետ-ճարտարագետի որակավորում: Ավարտել է Լոնդոնի սոցիալ-քաղաքական գիտությունների և բնապահպանության բարձրագույն դպրոցը և ստացել մագիստրոսի որակավորում:
Ունի երեք թոռ:

