Ոչ ժառանգական փոփոխականություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ոչ ժառանգական փոփոխականությունը կապված չէ գենոտիպի փոփոխման հետ: Այն ծագում է որևէ հայտնի գործոնի ազդեցության տակ, որը տեսակի, սորտի, ցեղատեսակի բոլոր առանձնյակների վրա ազդում է միևնույն ձևով և փոխում է դրանց որոշակի ուղղությամբ: Արտաքին միջավայրի ազդեցությամբ ծնողական ձևերի կողմից ձեռք բերած հատկանիշները սերունդները չեն ժառանգում:

Այդպիսի գործոնը կոչվում է «որոշակի», որովհետև հայտնի է փոփոխության պատճառը: Վաղուց նկատվել է, որ տվյալ ցեղատեսակի, սորտի կամ տեսակի առանձնյակները որոշակի գործոնի ազդեցությամբ փոփոխվում են մեկ որոշակի ուղղությամբ: Այսպես օրինակ՝ կովերի կաթնատվությունը կապված է կերի որակից և քանակից կամ, եթե ձիերին երկար ժամանակով տեղափոխենք լեռներ կամ կղզիներ, որտեղ կերը բավական սննդարար չէ, ապա ժամանակի ընթացքում դրանք կդառնան ցածրահասակ: Սպիտակագլուխ կաղամբը տաք երկրներում մշակելիս գլուխ չի առաջացնում: Ջրային ընկույզի և լոտոսի վերջրյա և ստորջրյա տերևներն ունեն տարբեր ձևեր: Այս բոլոր փոփոխություններն առաջացել են արտաքին միջավայրի գործոնների ազդեցությամբ: Դրանք ժառանգական չեն,և եթե այդ կենդանիներին կամ բույսերին տեղափոխենք գոյության նախկին պայմանների մեջ,ապա նախկին հատկանիշները կվերականգնվեն: Ժամանկակից գենետիկայի տեսակետից փոփոխության այս ձևը կոչվում է մոդիֆիկացիոն:

Աղբյուրներ[խմբագրել]

Կենսաբանություն 11, բնագիտամաթեմատիկական և ընդհանուր հոսքեր [1]