Ողբերգ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ողբերգ. երաժշտության մեջ ողբը կոչվում է ողբերգ և այն շատ ժողովուրդների ժողովրդական երգի մի տեսակ է, որը կապված է հուղարկավորության, հարսանիքի, ինչպես և ծեսից դուրս՝ կենցաղային այլ հանգամանքներում լացի արարողության հետ, հիմնված ավանդական խոսքային և մեղեդիական բանաձևերի հանպատրաստից տարբերակման վրա։ Հայկական իրականության մեջ, հնում, կազմել է թագավորների, զորավարների և այլ նշանավոր անձանց կորուստը սգալու-ողբալու ծեսի գլխավոր բաղկացուցիչը։ Կատարել են մասնագետ, ողբասաց կանայք հանդիսավոր իրադրության մեջ, «լալով, երգելով ու նվագելով․․․ պարելով ու կաքավելով»։ Բուն ժողովրդական տեսակը կենցաղային երևույթ է և մինչև այժմ էլ գոյատևում է։ Սրանք որոշակի ելևէջային պաշարի վրա հիմնվող, բայց իմպրովիզացիայի սկզբունքով զարգացող մեղեդիական դարձվածքներ են, որ միավորվելով, այնուամենայնիվ, ավարտուն երգային ձև են ընդունում։ Նկատելի դեր է կատարում ասերգային-արտասանական տարրը, ռիթմն ամբողջապես կապված է խոսքային տեքստից, հուզականությունը, որպես կանոն, զուսպ է։ Բնույթով բոլորովին այլ են ծնողական տնից բաժանվելու կապակցությամբ հարսի կամ մոր հրաժեշտի տխուր երգերը, որոնք հարսանեկան ծեսի մաս են կազմում։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։