Մրցակցություն (տնտեսագիտություն)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Մրցակցություն (այլ կիրառումներ)
Երկու մրցակից կազմակերպությունների կողմից գովազդ թերթում, 1885 թվական

Մրցակցություն (լատին․՝ concurrentia < լատին․՝ concurro - «բախվել» բառից ), մաքսիմալ շահույթ ստանալու նպատակով ռեսուրսների ձեռքբերման, արտադրության և իրացման լավագույն պայմանների համար տնտեսվարող սուբեկտների պայքարը։ Բարիքներիառաջարկն ապահովող տնտեսվարող սուբեկտների՝ արտադրողների (ֆիրմաների, ձերնարկությունների) և վաճառողների մրցակցությունը բնորոշվում է որպես նրանց միջև տնտեսական պայքար՝ շուկայում իրենց բաժինն ունենալու և շահույթ ստանալու նպատակով։ Մրցակցությունն արտադրողների և սպառողների յուրատեսակ փոխազդեցություն է, որում դինամիկ կերպով կոորդինացվում են նրանց տնտեսական որոշումները կամ ընտրությունը։ Մրցակցությունը սահմանվում է նաև որպես արտադրողների միջև տնտեսական պայքար՝ սահմանափակ ռեսուրսների տնօրինման, բարիքների արտադրության և իրացման առավել շահավետ պայմանների համար։ Մրցակցությունն արդյունավետ կերպով սահմանափակում է նրանցից յուրաքանչյուրի հնարավորությունը միակողմանի ներգործելու շուկայի ընդհանուր պայմանների վրա։ Մրցակցությունը հասարակության սահմանափակ ռեսուրսների բաշխման արդյունավետ միջոց է։

Գործառույթներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տնտեսական հարկադրում և խթանում[խմբագրել | խմբագրել կոդը]

Մրցակցության հիմնական առանձնահատկությունն այն է, որ շահույթի ստացումը հավանական է, բայց երաշխավորված չէ, իսկ վնասը՝ հնարավոր է, բայց ոչ անխուսափելի, այսինքն՝ գործունեության արդյունքը ֆիրմաների համար սկզբնապես պարունակում է զգալի անորոշություն, չնայած, որ մրցակցության նշված չափանիշը հստակ է ու կայուն։ Մրցակցությունը օբյեկտիվորեն հարկադրում է տնտեսվարող սուբեկտներին մեծացնելու ներդրումները, ընդլայնելու արտադրությունը, իրականացնելու կազմակերպական և կառուցվածքային վերափոխումներ։

Արդյունավետության բարձրացում և տնտեսական աճի ապահովում[խմբագրել | խմբագրել կոդը]

Այստեղ ընդգրկումը բավականին լայն է, ներառյալ գիտատեխնիկական նորամուծությունների կիրառումը և դրա տեմպերի արագացումը, աշխատանքի արտադրողականության աճը, ծախսերի ռացիոնալացումը, արտադրության ծավալների մեծացումը, արտադրանքի տեսականու նորացումը և որակի բարելավումը, վատնումների կրճատումը և վերացումը։

Գնագոյացման գործառույթ[խմբագրել | խմբագրել կոդը]

Լինելով շուկայական տնտեսության առանցքային տարր՝ մրցակցությունն էական դեր է խաղում գնագոյացման մեխանիզմում։ Որքան մրցակցությունը սաստիկ է, այնքան ակնառու է դրսևորվում դրա ներգործությունը գների իջեցման ուղղությամբ։ Եվ ընդհակառակը՝ մրցակցության թուլացումը, մանավանդ մենաշնորհային իրավիճակներում, ճանապարհ է բացում գների արհեստական, պարտադրվող բարձրացման համար։

Տնտեսական ռեսուրսների տեղաբաշխման գործառույթ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս գործառույթի կարևոր բաղադրիչ է ներդրումային ռեսուրսների ուղղորդումը, ներառյալ դրանց միջճյուղային վերաբաշխումը։ Մրցունակության ուժեղացման նպատակադրումը հանգեցնում է ներդրումների չափերի մեծացմանը։

Եկամուտների բաշխման գործառույթ[խմբագրել | խմբագրել կոդը]

Նորմալ մրցակցությունը նպաստում է եկամուտների առավել համաչափ բաշխմանը և նվազեցնում է բաշխման ծայրահեղ անհամաչափությունը։

Հակամենաշնորհային գործառույթ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կանխարգելվում է շուկայական չափից ավելի իշխանության ձևավորումը, հաղթահարվում է դրա չարաշահումը։

Կարգավորման գործառույթ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մրցակցությունը շուկայական ինքնակարգավորման մեխանիզմի կարևորագույն տարրն է, որի շնորհիվ տնտեսության մեջ տեղի է ունենում կառուցվածքային և կազմակերպական փոփոխություններ, պահպանվում կամ վերականգնվում են տնտեսական տարաբնույթ համամասնություններ։

Սպառողների շահերի պաշտպանության գործառույթ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մրցակցության միջոցով սպառողները հնարավորություն են ստանում բավարարել իրենց պահանջմունքները ավելի քիչ ծախսումներով։

Տեսակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մրցակցությունը լինում է ազնիվ (բարեխիղժ) և անազնիվ (անբարեխիղճ)։ Բարեխիղճ մրցակցության դեպքում շուկայում գործող տնտեսվարող սուբյեկտները(ֆիրմա, ձեռնարկություն) հետևում են շուկայավարման կանոներին։ Անբարեխիղճ մրցակցության դեպքում խախտվում են շուկայավարման կանոները, տնտեսվարող սուբեկտները մրցակցի մասին վատ տեղեկություններ տարածելու, կոմերցիոն գաղտնիքներ բացահայտման և այլ միջոցներով փորձում է մենաշնորհային դիրք գրավել շուկայում:Կախված նրանից, թե մրցակցությունը տարածային ընդգրկման առումով, որ շուկաներում է ծավալվում լինում են երկու տիպի՝ ներքին ու արտաքին մրցակցություն։ Ներքին մրցակցությունը տեղի է ունենում որևէ երկրի ազգային շուկայում, իսկ արտաքին մրցակցությունը ծավալվում է համաշխարհային կամ տարածաշրջանային շուկաներում։ Լինում է նաև ներճյուղային և միջճյուղային մրցակցություն։ Ներճյուղային մրցակցությունը տեղի է ունենում միևնույն ճյուղի տարբեր արտադրողների միջև, իսկ միջճուղային մրցակցությունը՝ տարբեր ճյուղերի։ Մրցակցության տեսակներից է գնային և ոչ գնային մրցակցությունը։ Գնային մրցակցուրյան դեպքում տնտեսվարող սուբեկտները մրցակցից առաջ անցնելու նպատակով իջեցնում են ապրանքների գները ի հաշիվ արտադրանքի ինքնարժեքի իջեցման կամ սեփական շահույթի հաշվին, իսկ ոչ գնային մրցակցության դեպքում տնտեսվարող սուբյեկտները մրցակցի նկատմամբ առավելությունն ապահովում են նոր տեխնոլոգիաների ներդրման, գովազդի և այլ միջոցներով։

Կախված մրցակցության ոլորտից, լինում են՝

  1. ներճյուղային մրցակցություն՝ այն կատարվում է միևնույն ճյուղի արտադրողների միջև ապրանքների արտադրության և իրացման ավելի նպաստավոր պայմաններ ստեղծելու և գերշահույթ ստանալու համար։ Ներճյուղային մրցակցության մեջ ձևավորվում է ապրանքների հասարակական՝ շուկայական արժեքը։ Լավագույն պայմաններում գործող ձեռնարկությունները ստանում են գերշահույթ, որը հավասար է այդ ֆիրմաների ապրանքների շուկայական արժեքի և անհատական արժեքի տարբերությանը։
  2. միջճյուղային մրցակցություն՝ այն կատարվում է տարբեր ճյուղերի արտադրողների միջև կապիտալն ավելի շահութաբեր ոլորտներում ներդնելու համար։ Միջճյուղային մրցակցության գործընթացում կապիտալն անընդհատ շարժվում է դեպի շահույթի բարձր նորմա ունեցող ճյուղ, որը անխուսափելիորեն հանգեցնում է ապրանքների առաջարկի ու պահանջարկի միջև հարաբերակցության փոփոխմանը, արժեքից գների շեղմանը և, վերջին հաշվով, շահույթի միջին կամ ընդհանուր նորմայի ձևավորմանը։

Կախված մրցակցության մեթոդներից լինում են՝

  1. գնային մրցակցություն՝ այս ձևը ենթադրում է ապրանքների ու ծառայությունների իրացում մրցակցի գնից ցածր գներով։ Գնի իջեցումը հնարավոր է ապահովել կամ արտադրանքի ինքնարժեքի իջեցման, կամ շահույթի կրճատման հաշվին։
  2. ոչ գնային մրցակցություն ՝ այն հիմնված է ավելի բարձր որակի ու հուսալիություն ունեցող ապրանքների արտադրության վրա՝ շնորհիվ տեխնիկական առավելության։

Կախված շուկայի վիճակից լինում են՝

  1. ազատ կամ կատարյալ մրցակցություն՝ այն ընթանում է կատարյալ մրցակցային շուկայում,
  2. ոչ կատարյալ մրցակցություն կամ մենատիրական մրցակցություն, այն տեղի է ունենում ոչ կատարյալ մրցակցային պայմաններում,
  3. կարգավորվող մրցակցություն։

Մարքեթինգային տեսանկյունից կազմակերպությունների մակարդակով մրցակցությունը դասակարգվում է՝

  1. ֆունկցիոնալ, երբ միևնույն պահանջարկը հնարավոր է բավարարել տարբեր կերպ։ Օրինակ՝ թեթև մարդատար ավտոմեքենան և հեծանիվը շատ երկրներում կարող են բավարարել միևնույն տեղափոխման պահանջարկը,
  2. տիպային- կազմակերպությունները թողարկում են միևնույն պահանջարկի համար մի քանի ապրանք, որոնք տարբերվում են իրենց պարամետրերով։ Օրինակ՝ նույն դասի, բայց տարբեր հզորություն ունեցող ավտոմեքենաներ,
  3. Առարկայական, սա առաջանում է այն պատճառով, որ կազմակերպությունները արտադրում են նմանատիպ ապրանքներ,որոնք տարբերվում են միայն որակով։

Հիմնական տիպեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Իրական շուկաները մի շարք կարևոր պարամետրերի գծով ունեն զգալի տարբերություններ։ Այս հանգամանքն արտահայտվում է ըստ առանձին շուկաների մրցակցության բնույթի և աստիճանի տարբերվող դրսևորումներով։ Ինչպես շուկաները, այնպես էլ մրցակցությունը տարբերակված են։ Մրցակցության հիմնական տիպերը կամ շուկայական կառուցվածքները առանձնացվում են հետևյալ հատկանիշների հիման վրա.

  • Արտադրողների (վաճառողների) և սպառողների (գնորդների) թիվը շուկայում, ինչպես նաև դրանց չափերը՝ շուկայի ընդհանուր ծավալի նկատմամբ։
  • Շուկայում վաճառվող արտադրանքի բնույթը. այն կարող է լինել ստանդարտ (համասեռ, նույնատիպ)՝ առանց անհատական բնութագրերի, հատուկ ապրանքանիշերի, տարբերակված (դիֆերենցված) կամ որոշ դեպքերում՝ դրանց զուգակցումով։
  • Շուկա մուտք գործելու և ելքի ազատության աստիճանը մասնակիցների համար. խոսքը վերաբերում է մուտքի ու ելքի պայմաններին, արգելքներին և դրանց բնույթին։ Շուկա մուտքի պարամետրերը ցույց են տալիս, թե նոր արտադրողի համար ինչ աստիճանի դժվարություն կամ ծախսատարություն ունի արտադրանքի թողարկումը սկսելը (օրենսդրական, ֆինանսական, տեխնոլոգիական արգելքներ)։
  • Վաճառվող արտադրանքի գների նկատմամբ շուկայի մասնակիցների վերահսկողության առկայությունը և աստիճանը. ըստ այս չափանիշի՝ շուկաները լինում են՝ գին ընդունող շուկաներ, որոնցում առանձին կողմերն ազդեցություն չունեն գների սահմանման հարցում և հարմարվում են շուկայում որոշված գնին. օրինակ՝ գին ընդունող ֆիրմայի արտադրանքի նկատմամբ պահանջարկը բացարձակապես առաձգական է, և գին որոշող (որոնող) շուկաներ, որոնցում առանձին մասնակիցները կարող են տարբեր չափով ներգործել գնագոյացման վրա
  • Շուկայական տեղեկատվության մատչելիությունը. այն է, երբ գնորդները և վաճառողները տեղեկացված են լինում գների, ապրանքների, մատչելի այլընտրանքների, պահանջարկի և առաջարկի մասին։

Թվարկված պարամետրերի հիման վրա առանձնացվում է մրցակցության երկու հիմնական տիպ՝ կատարյալ (ազատ, անսահմանափակ, լրիվ) և ոչ կատարյալ (սահմանափակ) մրցակցություն, որի դրսևորման հիմնական ձևերն են․

Մրցակցության բոլոր այս ձևերը վերոնշյալ պարամետրերի տարբեր համադրություններ են, որոնք ձևավորում են ճյուղային շուկաների մեծ մասում հնարավոր տիպային կառուցվածքները և իրավիճակները։ Մրցակցության գործընթացին առնչվող բոլոր տնտեսական սուբյեկտները իրենց վարքագիծը և գործունեության հիմնահարցերի՝ գլխավորապես գների ու արտադրության ծավալի վերաբերյալ որոշումները ձգտում են հարմարեցնել կոնկրետ շուկայի պայմաններին՝ հաշվի առնելով իրենց շուկայական դիրքի ինչպես առավելությունները, այնպես էլ սահմանափակումները։ Դա նաև նշանակում է, որ շուկաները չեն կարող միատեսակ արդյունավետությամբ գործել կատարյալ և ոչ կատարյալ մրցակցության պայմաններում։ Կատարյալ մրցակցության մոդելին վերագրվում է տեսական և գործնական որոշակի նշանակություն։ Այդ հայեցակարգը նկարագրում է մրցակցության գործընթացը իդեալական պայմաններում և այդ առումով՝ ավելի շատ գիտական վերացարկում է։ Կատարյալ մրցակցության առկայությունը տնտեսական կյանքի ոլորտների մեծ մասում հնարավոր չէ, կամ էլ՝ աննպատակահարմար է։ Կատարյալ մրցակցության մոդելի մշակումը և ուսումնասիրությունը դիտվում են որպես մրցակցության իրական գործընթացների հետազոտման ելակետ և տեսական հիմք։ Այդ մոդելն արժեքավոր է նաև նրանով, որ արտացոլում է ամենամրցակցային միջավայրը և տրամադրում որոշակի նմուշ (էտալոն)՝ իրական մրցակցային պայմանները նկարագրելու, այդ նմուշից շեղումների աստիճանը բնութագրելու համար։ Մի շարք իրական շուկաներ ավելի մոտ են կատարյալ մրցակցության մոդելին, քան ոչ կատարյալ մրցակցության որևէ այլ մոդելի։ Այդպիսիք են, օրինակ, արժութային շուկաները, արժեթղթերի և այլ ֆոնդային ապրանքների շուկաները, ինչպես նաև որոշ գյուղատնտեսական ապրանքների շուկաները։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Գ. Ե. Կիրակոսյան, Ի. Ե. Խլղաթյան «Տնտեսագիտության տեսություն»