Շուկայական գներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Շուկայական գներ, շուկայում իրացվող ապրանքների արժեքի դրամական արտահայտություն։ Գինը արտադրանքի արժեքի դրամական ձևն է։ Շուկայական էկոնոմիկայում գինը որոշում է արտադրության ծավալը և կառուցվածքը, նյութական և դրամական հոսքերի շարժումը, վերջապես, հասարակության կյանքի մակարդակը։ Փաստացի գներ, որոնցով իրականացվում է ապրանքների առք ու վաճառքը։ Կապիտալիզմի պայմաններում ձևավորվում են տարերայնորեն և առաջարկի ու պահանջարկի ազդեցությամբ շեղվում շուկայական արժեքից վեր կամ վար։ Ներքին մեծածախ առևտրում որպես շուկայական գներ հանդես են գալիս այլ ձեռնարկություններին, մոնոպոլիաներին կամ միջնորդ-ֆիրմաներին արտադրանքի վաճառքի, իսկ մանրածախ առևտրում՝ բնակչությանը ապրանքների ու ծառայությունների իրացման գները։ Մոնոպոլիաների (այդ թվում միջազգային) ներսում արտադրանքի իրացման ժամանակ կիրառվող շուկայական գները կոչվում են տրանսֆերտային՝ փոխանցման գներ, օգտագործվում են հարկադրումից խուսափելու համար և առևտրական գաղտնիք են։ Շուկայական գների տարատեսակ են միջազգային առևտրում կնքվող գործարքների գները։

Տնտեսավարող սուբյեկտը ոչ միայն սահմանում է արտադրանքի գինը, այլ նաև ստեղծում գնագոյացման իր համակարգը, որտեղ ընդգրկվում են թողարկվող արտադրանքի ողջ անվանակարգը, հաշվի են առնվում արտադրության ծախսերի տարբերությունները, սպառողների գնողունակության հնարավորությունները, արտադրանքի սպառման սեզոնայնությունը և այլ գործոններ։ Երբեմն ձեռնարկությունն ինքն է նախաձեռնություն դրսևորում փոխել գները, արձագանքում է մրցակիցների գործողություններին, շուկայական կոնյուկտուրային և այլն։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 596