Շորժայի քրոմիտի հանքավայր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Շորժայի քրոմիտի հանքավայր, հանքավայր ՀՀ Գեղարքունիքի մարզում, Սևանա լճի արևելյան ափին՝ Շորժա գյուղից 1.5 կմ արևելք։

Բնութագիր[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայտնաբերվել է 1889 թվականին։ Մագմայական հանքավայր է՝ բաղկացած երակաձև (երկարությունը՝ մինչև 65 մ հաստությունը՝ 2 մ), բնաձև (լայնակի կտրվածքը՝ մոտ 4 մ²), ոսպնյակաձև (երկարությունը՝ մինչև 30 մ, հաստությունը՝ 1-4 մ) մոտ 30 հանքամարմիններից, որոնց չափերն ըստ խորության մեծանում են։ Cr2O3-ով առավել հարուստ (մինչև 50%) հանքամարմինները գտնվում են ոսպնյակաձև դունիտային զանգվածների մեջ։ Երկրաբանական կառուցվածքում մասնակցում է սերպենտինացած պերիդոտիտ-դունիտային զանգվածը (1, 5 կմ²), որը հարում է վերին կավճի և էոցենի հրաբխանստվածքային ապարներին։

Տարբերում են հոծ, խիտ և ցանավոր հանքամարմիններ՝ կազմված քրոմշպինելիդներ, սերպենտին (անտիգորիտ, քրիզոտիլ), երբեմն՝ ձիթակն միներալներից։ Հազվադեպ հանդիպում են նաև քրոմնռնաքարեր, կալցիտ, պենտլանդիտ, միլարիտ, երբեմն՝ բնածին պղինձ։ Cr2O3-ի (40% միջին պարունակությամբ) մոտ 12 հզ․ տ հանքանյութի մի մասը 1942-1951 թվականներին արդյունահանվել է։

Շորժայի քրոմի հանքավայրն առաջին անգամ նկարագրել է Հ․ Տ․ Կարապետյանը, 1923 թվականին, 1930-1932 թվականներին հետախուզել են Ա․ Գ․ Բետեխտինը և Գ․ Հ․ Քեչեկը։ 1942-1951 թվականներին հետախուզական աշխատանքներ է կատարել Հայկական երկրաբանական վարչությունը, արդյունահանված հանքանյութը (Cr203-ը՝ 40%) վերամշակել Երևանի «Քրոմպիկ» գործարանը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։