Շոտլանդական դպրոց

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Շոտլանդական դպրոցի հիմնադիր Թոմաս Ռիդը

Շոտլանդական դպրոց, ողջամտության փիլիսոփայություն, ձևավորվել է 18-րդ դար 60-80-ական թթ․ շոտլանդական համալսարաններում։ Հիմնադիրն է Թոմաս Ռիդը, ելակետային գաղափարների մշակմանը մասնակցել են Բիթին, Օսվալդը, Ստյուարտը և ուրիշներ։ Շոտլանդական դպրոցի հիմնական նպատակը՝ ողջամտության ըմբռնման մշակումը, իրականում հանգել է ողջամտության ժամանակի պատկերացումների, այդ թվում նաև նախապաշարմունքի, փիլիսոփայելու ամրագրման փորձին։ Փիլիսոփայելու մեկնակետ է ճանաչվել հավատը բարձրագույն հոգևոր էության, մասնավորապես, աստծու կեցության նկատմամբ, որը նույնքան ինքնին հասկանալի է համարվել, որքան իսկըզբանե մարդու բնության մեջ տրված աստվածային ծագում ունեցող ներքին ակընհայտության գաղափարը։ Ողջամտության այս ըմբռնումը ուղղվել է Հյումի սկեպտիցիզմի դեմ և միաժամանակ պաշտպանել է շրջապատող առարկաների՝ մարդու գիտակցությունից անկախ լինելու մասին պարզունակ ռեալիստական պնդումը, որով շոտլանդական դպրոցը մերժել է Բերկլիի սուբյեկտիվ իդեալիզմը։ Շոտլանդական դպրոցի մշակած ողջամտության վերաբերյալ հայեցակետը արդի անգլո-ամերիկյան ռեալիստական մի շարք դպրոցների տեսական և իմացական աղբյուրն է։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։