Կուսանաց անապատ (Շինուհայր)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Շնհերի կուսանաց անապատից)

Շնհերի կուսանաց անապատ, Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Շինուհայր գյուղի հին գյուղատեղիի հարավային ծայրին։ Հիմնվել է 17-րդ դարում։ Հայ ճանապարհորդ, վաճառական Զաքարիա Ագուլեցու՝ 1669 թվականի այցելության ժամանակ անապատն ուներ 60 միանձնուհի։ Ըստ շինարարական արձանագրության, անապատի Սուրբ Աստվածածին՝ մեկ զույգ խաչաձև մույթերով, կիսաշրջանաձև խորանի երկու կողմերում ուղղանկյուն ավանդատներով երկթեք ծածկով եռանավ բազիլիկը կառուցել է ագուլիսցի մահտեսի Ազարիան 1676 թ.-ին՝ վասպուրականցի ճարտարապետ Ուստա Մուրադի ձեռքով։ Հարավային կողմում կանգուն երկու թաղակիր կամարներով սեղանատունը կառուցել են ցղնեցի Հովհաննեսը և նրա որդի Աստվածատուրը՝ 1720 թվականին։ Անապատը 17-րդ դարի վերջին դարձել է գրչության կենտրոն, իսկ միանձնուհիների թիվն անցել է 100-ից։ Այստեղ 1694 թվականին գրված Ավետարանի հիշատակարանում նշվում է, որ այն գրչագրել է Հռիփսիմե կրոնավորը Շնհերի կուսանաց անապատ, որտեղ կար 120 միանձնուհի։ Սակայն18-րդ դարի մենաստանը անմխիթար վիճակում էր, Աբրահամ Գ Կրետացի կաթողիկոսի 1735 թվականի այցելության ժամանակ կար ընդամենը 20 միանձնուհի, իսկ շինությունները կիսավեր էին։ 19-րդ դարի վերջին անապատի համալիրի ներսում կառուցվել է դեպի ընդհանուր պատշգամբ բացվող դասասենյակներով եկեղեցական-ծխական դպրոց։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է Քրիստոնյա Հայաստան հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո: