Շեյխ Ադին կամ Շեխադին, ծնվել է մոտավորապես 1075 թվականին, Հաքարիում։ Երիտասարդ տարիներին հայտնի է նաև Շեխադի ալ-Հաքարի անունով։ Նա նախ մեկնում է Բաղդադ, որտեղ նա աշակերտել ու բարեկամական կապեր է հաստատել այնպիսի հայտնի գործիչների հետ, ինչպիսիք են ներկայիս Կադիրի աղանդի հիմնադիր շեյխ Աբդուլկադիր Գեյլանին, քուրդ սուֆի Սուհրե Վերդին, զրահադաշտականության հիման վրա Քուրդիստանում ալիևիականության հիմք դնող Աբուլ Վաֆան և այլք։ Այդ ընթացքում թուրք-սելջուկները նվաճել էին Քուրդիստանը, Հայաստանը, Փոքր Ասիան և այլազգիների ու այլադավանների նկատմամբ սաստկացնում էին ճնշումները։ Այս հանգամանքը ստիպեց Շեխադիին՝ շարժվել դեպի հարավ և ապաստան գտնել Լիբանանի Բաքաայի հովտում գտնվող Բաալբեկ բնակավայրում։ Այստեղ ծանոթություն հաստատեց լիբանանցի արաբ իսլամագետների հետ և կրոնական, պատմական, փիլիսոփայական, աշխարհագրական ու աստղագիտական մի շարք աշխատություններ շարադրեց։ Այս ուսումնասիրությունների արդյունքում նա բարեփոխման ենթարկեց զրադաշտականությունը՝ հավատարիմ մնալով նրա հիմնական սկզբունքներին։ Նման կերպով մշակվեց քրդերի ազգային-ազատագրական պայքարի նոր գաղափարախոսությունը՝ եզդիականությունը։ 1116 թվականին Շեխադին վերադարձավ Քուրդիստան և անմիջապես մեկնեց լեռնային շրջաններ, որոնց բնակչությունը չէր ենթարկվել օտար նվաճողներին։ Այստեղ՝ Հաքարիի և Սինջարի լեռների միջև ընկած աշխարհագրական տարածքում նա սկսեց եզդիականության քարոզչությունը՝ համախմբելով քրդերին նոր գաղափարախոսության շուրջ։ Քուրդ ժողովրդի պատմության մեջ այդպիսի կարևոր դեր խաղացած Շեխադի ալ-Հաքարին վախճանվեց 1162 թվականին, Լալըշում։