Շեյթան-Դաղ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Շեյթան Դաղ, բրոնզի և երկաթի դարերի դամբարանադաշտ համանուն լեռան հյուսիսային լանջին (Հայաստանի Լոռու մարզում, Այրում կայարանից արևմուտք)։ 1887-1888 թվականներին Շեյթան Դաղում պեղումներ է կատարել ֆրանսիական հնագետ Ժակ դը Մորգանը և պեղումների արդյունքներն ուղարկել Փարիզի Տրոկադերո Ազգագրական թանգարան։ Պեղվել է 138 դամբարան։ Դրանք 4 սալաքարից կազմված քառանկյուն արկղեր են՝ ծածկված մեկ կամ մի քանի խոշոր սալաքարերով, երբեմն՝ քարակամարով։ Որոշ նոր գերեզմաններ կառուցել են հների վրա դրանց ծածկը դարձնելով հատակ։ Հանգուցյալները հողով ծածկված չեն եղել։ Յուրաքանչյուր դամբարանում եղել է մեկական կմախք՝ զանազան առարկաների հետ։ Շեյթան Դաղից հայտնաբերվել են հիմնականում բրոնզե, նաև՝ երկաթե առարկաներ (ուշ բրոնզի և վաղ երկաթի դարերի նիզակներ, դաշույններ, նետասլաքներ, ուլունքներ, գինդեր, ապարանջաններ, գնդասեղներ, գոտի և այլն), արծաթե մանյակ, կավե կճուճներ ու ստվարներ։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 479