Ավարտել է Կ․ Պոլսի Պերպերյան վարժարանը, 1906-1907 թվականներին նույն վարժարանում դասավանդել է գրականություն և գիտություններ։ 1908 թվականից Փարիզում հետևել է Սորբոնի համալսարանի փիլիսոփայության և արվեստների մասնաճյուղերի դասընթացներին։ 1911 թվականին ստանձնել է Պերպերյան վարժարանի տնօրինությունը (մինչև 1922 թվականը)։ 1918 թվականին ընտրվել է Հայ ուսուցչական միության կեդրոնական վարչության ատենապետ,1919 թվականին՝ Կեդրոնական ուսանողական խորհրդի անդամ, գործուն մասնակցություն է ունեցել Կ․ Պոլսի Հայ արվեստի տան (Հայարտուն) հիմնադրմանը, ստանձնել նախագահությունը։ Հրապարակախոսական աշխատանք է տարել պոլսահայ մամուլում («Ոստան»), 1922 թվականին Գ․ Գավաֆյանի, Վահան Թեքեյանի, Հակոբ Օշականի և Կոստան Զարյանի ընկերակցությամբ հրատարակել է «Բարձրավանք» գրական-գեղարվեստական հանդեսը։ 1922 թվականի աշնանը մեկնել է Գերմանիա, Դրեզդենի դալկրոզյան հաստատությունում ուսումնասիրել պարարվեստ (1922-1924 թվականներին)։ 1924 թվականին, Կահիրեում, եղբոր՝ Օննիկ Պերպերյանի հետ, վերաբացել է Պերպերյան վարժարանը։ 1934 թվականին հրավիրվել Երուսաղեմի ժառանգավորաց վարժարան, Հակոբ Օշականի հետ հիմնել Հայ մշակութային միությունը (1940—1947 թվականներ)։ 1944 թվականից Անթիլիասի դպրեվանքում դասավանդել է փիլիսոփայություն։ Լինելով Ա․ Բերգսոնի աշակերտը, Պերպերյանը որոշ առարկաներ դասավանդել է իդեալիստական և կրոնական մեկնաբանությամբ։ Պերպերյանը հիմնել և ղեկավարել է Կահիրեի Պերպերյան վարժարանի (1924-1934) և Հայ գեղարվեստասիրաց միության (1932-1934) երգչախմբերը։ Եղանակավորել է Հ․ Թումանյանի, Ա․ Իսահակյանի, Վ․ Տերյանի, Դ․ Վարուժանի, Վ․ Թեքեյանի, Ռ․ Սևակի, Հ․ Օշականի, Ռ․ Պերպերյանի և այլոց մի շարք բանաստեղծություններ, կատարել պարադրական ձևավորումներ։ Հեղինակ է բազմաթիվ երաժշտագիտական հոդվածների և «Կոմիտաս վարդապետ, անձը և գործը» (1936), «Երկու ժամանակներ» (1943) և այլ աշխատությունների։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 9, էջ 278)։