Շաբաթ (յոթնօրյակ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Շաբաթ, յոթօրյա ժամանակամիջոց՝ օրերի հատուկ անվանումներով։

Բաբելոնացիները շաբաթվա օրերն անվանել են անզեն աչքով երևացող 5 մոլորակների, Արեգակի ու Լուսնի անուններով։ Մեր թվարկության 1-ին դարից ժամանակի այդ բաժանումից սկսեցին օգտվել Հռոմում, որտեղից այն տարածվեց Արևմտյան Եվրոպայում; Շաբաթվա օրերի հաջորդականությունը կապված էր աշխարհի երկրակենտրոն համակարգի հետ, ըստ որի Երկրի շուրջը պտտվում են Սատուրնը, Յուպիտերը, Մարսը, Արեգակը, Վեներան, Մերկուրին և Լուսինը։ Ենթադրվում էր, որ օրվա ժամերը ըստ հերթականության ղեկավարում են այդ լուսատուները, առաջին ժամը՝ Սատուրնը (Երևակը), երկրորդը՝ Ցուպիտերը (Լուսնթագը), երրորդը՝ Մարսը (Հրատը), չորրորդը՝ Արեգակը, հինգերորդը՝ Վեներան (Արուսյակը կամ Լուսաբերը), վեցերորդը՝ Մերկուրին (Փայլածուն) և յոթերորդը՝ Լուսինը։ Ութերորդ ժամը նորից ղեկավարում է Սատուրնը և այդպես շարունակ։ Օրն անվանվում էր այն լուսատուի անվամբ, որը ղեկավարում էր օրվա առաջին ժամը, ստացվում էր Սատուրնի օր, Արեգակի օր, Լուսնի օր, Մարսի օր, Մերկուրիի օր, Յուպիտերի օր և Վեներայի օր։ Մինչև այժմ էլ արևմտյան երկրների ժողովուրդներն այդ անվանումները գործ են ածում որոշ փոփոխություններով։ ժողովուրդների մի մասը (հրեաներ, հայեր, ռուսներ, վրացիներ և այլն) շաբաթվա օրերն անվանում են ըստ շաբաթվա մեջ նրանց ունեցած կարգի։ Հայերն օգտագործել են «շաբաթ», «միշաբթի», «երկուշաբթի»․․․, «վեցշաբթի» (հանգստից հետո 1-ին, 2-րդ․․․, 6-րդ օր)։ Հետագայում վեցշաբթին վերանվանվեց ուրբաթի (ասորերեն «ռուբաթ», «նախապատրաստվել հանգստի օրվան» իմաստով), իսկ միշաբթին՝ կիրակիի («տիրոջ օր»)։ Որոշ ժողովուրդների մոտ տարածված է եղել ժամանակի բաժանումը հնգօրյակների և տասնօրյակների (դեկադա)։ Օրինակ, այսպիսին էին հին եգիպտացիների տասնօրյա շաբաթները։ Ավելի ուշ դեկադաներ գոյություն ունեին Ֆրանսիական մեծ հեղափոխության օրացույցում։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 410