Նունչակի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
նունչակիներ

Նունչակ (ճապոներեն՝ ヌンチャク, 双節棍, չինարեն 雙節棍 shuāng jié gùn, 兩節棍 liǎng jié gùn), արևելյան մարտարվեստների սառը զենք, նախատեսված հակառակորդին հարվածներ հասցնելու, նրան խեղդելու և այլ հնարքներ կատարելու համար։

Փաստեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Իրենից ներկայացնում է փայտից կամ այլ նյութից երկու կարճ ձողեր, որոնք իրար են միացած հաստ թելով կամ շղթայով։ Ընդհանուր առմամբ նունչակիները նման են իրար, սակայն պատրաստվում են տարբեր նյութերից և տարբեր չափերի՝ կախված օգտագործողի ցանկությունից և օգտագործման նպատակից։

Հիմնական տարբերությունը նունչակիի թելերի կամ շղթայի երկարությունն է։ Օրինակ՝ չինական նունչակիների երկարությունը հասնում է 20-30 սմ-ի, իսկ օկինավականներինը պատրաստվում է տվյալ օգտագործողի ոտնաչափի երկարությանը հավասար։

Ամենատարածված վարկածով զենքի նախատիպ է հանդիսացել բրնձի կալսիչը։ Նունչակիի ստեղծման մասին հավաստի փաստեր չկան։ Կարծիքներ կան, որ այն առաջին անգամ պատրաստել են Չինաստանում կամ հարավային Ասիայի այլ երկրներում։ Այսպիսի զենքի պատրաստման նախադրյալներից մեկն այն է եղել, որ գյուղացիներին արգելվել է որևէ զենք կրել և նրանց կողմից պատրաստվել է այս տեսակի զենք։ Նունչակիի առավելությունը սովորական փայտից կամ հարվածող զենքից այն է, որ հարվածի ժամանակ հարվածողի ձեռքին հետհարված չի հասնում։

Մարտարվեստների ժամանակակից վարպետների մոտ տարածված մեկ այլ կարծիքի համաձայն նունչակիի նախատիպը եղել է ձիավորի թամբասարքի մի մաս։ Կարծիք կա նաև, որ նրա նախատիպ է հանդիսացել պահակների ձեռնափայտը կամ բանանի ծառի կեղևները մաքրելու սարքը (Օկինավայում այդ կեղևից պատրաստում էին բարձր որակի գործվածք)։

Իսկ արևելյան մարտարվեստների հեղինակավոր վարպետներ Միյագիի և Իկեդայի կարծիքով, նունչակիի նախատիպ հանդիսացած զենքը Օկինավա են բերել չինական ծագումով ճապոնացիները, որովհետև փաստեր կան, ըստ որի Չինաստանում ավելի վաղ ժամանակներում գործածվում էր այս տեսակի զենք։

նունչակիներով տեխնիկայի ցուցադրություն

Օգտագործման տեխնիկան[խմբագրել | խմբագրել կոդը]

Նունչակուներ օգտագործելը պահանջում է բարձր տեխնիկական պատրաստվածություն և կոորդանացիոն հմտություններ։ Մարտավեստներում նունչակիները ունեն տարբեր կիրառություն։ Դրանցով կարելի է հեռու տարածությունից հարված հասցնել հակառակորդին, մանավանդ մեծ արագությամբ դրանք պտտեցնելիս հարվածի ուժը շատ է մեծանում։

Մարտի տեխնիկան ներառում է տարբեր հնարքներ՝ կախված հակառակորդի կողմից օգտագործվող զենքի տեսակից (սուր, դանակ, փայտ, նիզակ, ատրճանակ և այլն)։ Նունչակուով կարելի է նաև խլել հակառակորդի մոտ գտնվող զենքը։

Մարտարվեստներում օգտագործվում է հատկապես օկինավյան կոբուդո ոճում, իսկ ոճից փոխառվել է ժամանակակից Ճապոնական կարատեի շատ ոճերի և Չինական ուշուի մեջ, որտեղ կան դրանցով հատուկ վարժություններ (կատաներ)։ Նունչակուները հատկապես հայտնի են դարձել Բրյուս Լիի մասնակցությամբ ֆիլմերից, որտեղ մեծ վարպետը ցուցադրում է դրա օգտագործման փայլուն հնարավորություններ։