Նունե
Նունե (հայտնի է նաև որպես սուրբ Նունե կույս, վրացական աղբյուրներում՝ սուրբ Նինո (წმინდა ნინო), մոտ 296 – մոտ 340, Վիրք), III դարի վերջի – IV դարի 1-ին կեսի ճգնավոր, տոնելի սրբուհի, Հայաստանում և Վրաստանում քրիստոնեություն քարոզիչ: Ըստ ավանդության, նրա քարոզչությամբ և Հիսուս Քրիստոսի անունով կատարած հրաշագործությունների շնորհիվ քրիստոնեություն է ընդունել վրաց թագավոր Միհրանը, արքունիքը և ապա՝ ամբողջ ժողովուրդը: Ըստ հայկական աղբյուրների, Նունեն եղել է ս. Հռիփսիմյանց կույսերից մեկը, նրանց հետ Հռոմից հասել է Հայաստան: Վարագ լեռան մոտ առանձնացել է ընդհանուր խմբից և մեկնել Վիրք, ճգնողական կյանքը շարունակել Մցխեթ քաղաքի մոտակայքում: Այստեղ քրիստոնեություն է քարոզել և «Սուրբ Հոգու զորությամբ» կատարել բժշկումներ: Ըստ ավանդության, կույսը բուժել է Վրաց Միհրան թագավորի հիվանդ զավակին՝ նրան խաչակնքելով, ապա բժշկել նաև հիվանդացած Նանա թագուհուն:
Դրանից քիչ անց, Միհրանը, մի անգամ որսորդության գնալիս, հանկարծակի շրջափակվել է մութ մառախուղով: Որոշել է աղոթք հղել Նունեի քարոզած Աստծուն, ինչից հետո խավարը փարատվել է: Վերադառնալով պալատ՝ թագավորը հրաման է արձակում՝ ընդունել Հիսուս Քրիստոսին որպես Բարձրյալ Աստծո Որդու, իսկ Նունեին՝ որպես առաքելուհու: Թագավորի գործակցությամբ Նունեն քանդել է տվել Կուր (Քուռ) գետի ափին՝ բլրի վրա կանգնեցված Արամազդի (Արմազի) արձանը և փոխարենը կանգնեցրել Քրիստոսի խաչի նշանը:[1]
Նունեի խորհրդով Վրաց թագավորը պատգամավներ է ուղարկել Կոստանդիանոս կայսրին (ըստ վրաց վկայաբանության) կամ՝ Գրիգոր Ա Լուսավորչին (ըստ հայկական վկայաբանության), որպեսզի հոգևորականներ առաքվեն Վիրք: Կուր գետում տեղի է ունեցել ժողովրդային մկրտություն, ապա Մցխեթում կառուցվել է Սուրբ Խաչ եկեղեցին: Նունեն նաև շրջել է Վիրքի մյուս գավառներում՝ քարոզելով քրիստոնեական հավատը:
Վախճանվել է խաղաղությամբ՝ բնական մահով: Գերեզմանի վրա կառուցվել է եկեղեցի, որն ուխտավայր է դարձել:
Ըստ վրացական աղբյուրների՝ սուրբ Նունեն դեպի Վիրք իր ուղևորության սկզբում եղել է Ջավախքում, Փարվանա լճի մոտ: Այստեղ նա մնացել է 2 օր, կերակուր խնդրել ձկնորսներից, հովիվների հետ խոսել հայերեն: Վրաստանում սուրբ Նունեի հիշատակի տոնը տոնվում է հունվարի 14-ին: Հայ եկեղեցին ներկայումս այն նշում է Տոն Կաթողիկեին (Տոն Ս. Էջմիածնի) հաջորդող երեքշաբթի օրը՝ Սուրբ Մանե կույսի հիշատակի հետ միասին:
Ծանոթագրություններ[խմբագրել]
- ↑ Մովսես Խորենացի, Հայոց պատմություն, II, ՁԶ Երանելի Նունեի մասին, թե ինչպես պատճառ դարձավ վրացիների փրկության, Երևան, 1990, էջ 150: