Նոր քարի դարը Հայկական լեռնաշխարհում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Նորքարիդարյան գտածոներ
Պորտասար (թուրքերեն՝ Գյոբեկլի թեփե).Նեոլիթյան շրջանի հնավայր Հայկական լեռնաշխարհում

Նոր քարի դարում (Նեոլիթ) (մեր թվարկությունից առաջ 10.000- 5.500 տարի առաջ)՝ մեր թվարկությունից առաջ 8-րդ հազարամյակի վերջերից, մեր հայրենիքի և Առաջավոր Ասիայի մյուս շրջաններում արդեն եղել են կայացած երկրագործական հասարակություններ և առաջին նստակյաց բնակատեղիները։

Քաղաքակրթության անցման նախադրյալներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մեր թվարկությունից առաջ 10-8-րդ հազարամյակներում Հայկական լեռնաշխարհում սկզբնավորվել են քաղաքակրթության անցման նախադրյալները։ 1990-ական թվականների կեսին Սասնո ջուր գետի արևմտյան ափի հնավայրից հայտնաբերված գտածոները վկայում են, որ Հայկական (Արևելյան) Տավրոսի հյուսիսային շրջանների նոր քարի դարի մշակույթը տեղական արմատներ ունի։ Ուրֆայում (Եդեսիա), Աղձնիք ու Ծոփք նահանգներում մի շարք հուշարձաններ ձևավորվել են տեղական մշակութային ավանդույթների հենքի վրա։

Պատմամշակութային գտածոներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Եդեսիայի մոտակա Գյոբեկլի թեփե հնավայրի արևելյան հատվածի վաղ շերտերում պեղվել է 1000 մ² տարածքով հրապարակ, իսկ հարևանությամբ՝ «սալե կոթողների տունը» և «զանգերի տունը»։ Ավելի ուշ շուրջ 120 մ² տարածք սալարկվել է թրծած աղյուսով՝ ձևավորելով բոսորագույն մի նոր հրապարակ։ Հասարակության կյանքում մեծ տեղ են ունեցել հավատալիքներն ու ծեսերը՝ կապված «նախնիների պաշտամունքի» և «ցլի պաշտամունքի» հետ։ Գյոբեկլիում բացվել են Երկիր մոլորակի ցայժմ հայտնի ամենահին տաճարները։ Մինչև 4 մ բարձրությամբ քանդակազարդ կոթողներով «սրբազան շինություն» է պեղվել այսպես կոչված «առյուծների տուն» հուշարձանում։ Քարակոթողների զգալի մասն ունի 3-6 մ բարձրություն, ամենամեծը՝ 9 մ բարձրությամբ, կշռում է ավելի քան 50 տ։ Կոթողները քանդակազարդված են մարդու, թռչնամարդու, կրիայի, առյուծի և այլ պատկերներով։ Գյոբեկլիում հայտնաբերվել են զգալի քանակությամբ մալաքիտ և լազուրիտ։ Փաստագրվել են նաև պատրաստի իրեր, որոնք երբևիցե հայտնաբերված հնագույն մետաղե գտածոներից են։ Այս իրերը (մեծ մասամբ՝ զարդեր) պատրաստվել են սառը կռման եղանակով։ Նորքարիդարյան հիմնական մշակաբույսերը՝ ոլոռ, սիսեռ, ոսպ, միահատիկ ցորեն, նույնպես վերոհիշյալ տարածքում են ընտելացվել։

Նկարներ Գյոբեկլի թեփե հնավայրից

Մշակույթ և կենցաղ[խմբագրել | խմբագրել կոդը]

Շուրջ 7000 տարի Ք. ա. բնակավայրերի խմբեր ձևավորվեցին Արարատյան դաշտավայրում, Արաքս գետի ձախափնյա վտակների մերձակայքում։ Դրանցից են Առատաշեն, Մասիս բլուր և Ակնաշեն հուշարձանները, որոնք հետազոտվել են միջազգային հնագիտական ծրագրերի շրջանակններում։

Ուշ նեոլիթյան այս գյուղակները բաղկացած են եղել խիտ կառուցված տների և այլ շինությունների կուտակումներից։ Կավածեփ և հում /չթրծված/ աղյուսից կառուցված շինությունների գերակշռող մասն ուներ կլոր կամ ձվաձև հատակագիծ։ Բնակիչները մշակում էին մի քանի տեսակի ցորեն, գարի և ոսպ, բուծում էին ոչխար, այծ և խոշոր եղջերավոր անասուններ, զբաղվում էին որսորդությամբ ու ձկնորսությամբ։

Պեղումների արդյունքում հայտնաբերվել են վանակատից, գետաքարից, ոսկրից, եղջյուրներից և խեցուց հմտորեն պատրաստած մեծաքանակ արտեֆակտեր, որոնք կիրառվում էին փայտի և մորթու մշակման, վուշից և կաշվից հագուստ կարելու համար[1]։

Նեոլիթյան ժամանակաշրջանն ամենից առաջ բնորոշվում է քարե գործիքների պատրաստման տեխնիկայի բարելավմամբ[2]։

Պահպանելով ու կատարելագործելով քարի ու ոսկրի մշակման նախնական եղանակները, նեոլիթյան գործիքները դառնում են առավել կատարյալ, երևան են գալիս օբսիդիանե մեծ շեղբեր, հղկված քարե գործիքներ ու զենքեր։ Նախամարդու ձեռքին բացառիկ կարևոր գործիք է դառնում քարե կացինը, որի օգնությամբ վերամշակվում են ծառերը, կառուցվում փայտե ծածկով տներ, պատրաստվում լաստեր, մակույկներ, սայլակներ։Ուշ նեոլիթյան այս գյուղակները բաղկացած են եղել խիտ կառուցված տների և այլ շինությունների կուտակումներից։ Կավածեփ և հում /չթրծված/ աղյուսից կառուցված շինությունների գերակշռող մասն ուներ կլոր կամ ձվաձև հատակագիծ։ Օգտագործելով քարի մշակման նոր տեխնիկան, մարդը սկսում է օբսիդիանի հետ միասին լայնորեն օգտագործել նաև դժվարությամբ մշակվող, առանձնապես ամուր քարատեսակներ՝ մարմարը, բազալտը, նեֆրիտը, լայնորեն կիրառվում են քարի մշակման այնպիսի նոր ձևեր, ինչպիսիք են սղոցումը, գայլիկոնումը և տաշումը։ Օգտվելով այդ տեխնիկայից, նեոլիթյան մարդը հեշտությամբ կարողանում է քարին տալ ցանկացած ձևը։ Դրա հետևանքով առաջանում են նոր, նախկինում անհայտ գործիքներ, սկզբում հավաքչության, իսկ հետո՝ հողագործության համար. քարե բրիչներ փայտի կոթով, աղորիքներ, սանդեր, վարսանդներ և այլն։ Ծաղկման Է հասնում գործիքի մակերեսի երկկողմանի մշակման տեխնիկան։ Ամենուրեք տարածվում են նոր տիպի նետի բազմազան ծայրեր, որոնք մշակված են երկկողմանի ռետուշով։

Հսկայական նշանակություն ունեցավ կավե ամանների գյուտը, որը թույլ տվեց մարդուն բարելավել մթերքներ պատրաստելու եղանակները և ընդլայնել սննդի տեսակներն ու դրանց պահպանումը։ Կավե ամանների պատրաստումը նեոլիթի նույնպիսի բնորոշ առանձնահատկություններից Է, ինչպիսին էր քարե գործիքների հղկումը։

Սակայն ամենաէականն ու կարևորը բուն տնտեսության մեջ կատարված փոփոխություններն էին։ Որսորդությունից, ձկնորսությունից և հավաքչությունից բույսերի մշակմանն ու կենդանիների ընտելացմանն անցնելը հիմք հանդիսացավ նախնական հողագործության և անասնապահության հետագա զարգացման համար։ Հին որսորդները նեոլիթի ժամանակ, իրենց նախնիների համեմատությամբ, խոշոր հաջողությոմւների հասան, մեծ չափով զարգացան նետն ու աղեղը` որսորդական գլխավոր զենքը։ Զարգացած նեոլիթում նետա­ձգության արվեստը (հեռաձգությունը) հասնում է աննախընթաց կատարելության։ Նեոլիթի մարդը ոչ միայն կատարելագործեց նետ ու աղեղը, սովորեց տարբեր միջոցներով, այդ թվում` թակարդներով կենդանիներ որսալը, այլև ստեղծեց միսը, կաշին, ոսկորը, եղջյուրը օգտագործելու շատ նոր եղանակներ։

Հայաստանի ուշ նոր քարի դարի տնտեսությունում ներդրվեց երկու կարևոր արտադրություն՝ խեցեգործությունը և պղնձահանքերի շահագործումը։ Վերջինս մետաղի մշակման մարդկության առաջին քայլերից էր։ Ք. ա. VI հազարամյակի հավաքածուներում գերակայում է տեղական կոպիտ արտադրանքը։ Հայտնաբերվել են նաև բարձրորակ, գունազարդ անոթներ, որոնք դասվում են հալաֆյան ոճին և հավանաբար ներմուծվել են Հյուսիսային Միջագետքից[3]։ Զարդերը, հիմնականում ուլունքները, պատրաստված են նաև պղնձից, և մեզ հայտնի մետաղե առաջին արտեֆակտերն են /Չոյունյու թեփեսի/: Պղնձե զարդերը և գեղարվեստական խեցեգործությունը պայմանավորեց հեռագնա առևտրի նոր տեսակի զարգացումը։ Այժմ մասնագիտացված արհեստագործական կենտրոնները դարձան նույնքան կարևոր, որքան հումք մատակարարող շրջանները։

Հին հավաքիչները հիանալի ուսումնասիրել էին իրենց շրջապատող բնական աշխարհը։ Նրանք շատ օգտակար դիտումներ ու հայտնագործություններ էին արել և կարող էին սննդամթերքի համար բազմաթիվ բույսեր օգտագործել։ Այդուհանդերձ, որսորդական այս ցեղերի կյանքը զգալի չափով կախված էր բնության քմահաճույքներից։ Մթերքների կարճատև առատությունից հետո ամիսներ շարունակ սով էր լինում և հաճախ որսորդ ու ձկնորսական ցեղերի գոյությունը վտանգի տակ էր դրվում։ Երկրագործության ու անասնապահության սկսվող նոր դարագլուխը ավելի ապահով դարձրեց մարդկային կոլեկտիվների կյանքը[4]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Simonyan, Hakob (2022). HISTORICAL AND CULTURAL HERITAGE OF ARMENIA. Yerevan: Ministry of Education, Science, Culture and Sports of the Republic of Armenia / “Scientific Research Center of Historical and Cultural Heritage” SNCO. ISBN 978-9939-9087-1-7.
  2. А. В. Арциховский, Основы археологии, էշ 50—51, 54։
  3. Schmidt K. (2010). Göbekli Tepe-the Stone Age Sanctuaries: New results of ongoing excavations with a special focus on sculptures and high reliefs. Documenta Praehistorica.
  4. Бадалян Р., Аветисян П., Ломбард П., Шатенье К. (2005). Поселение Араташен (неолитический памятник в Араратской долине). Культура древней Армении. Ереван. էջեր 34–41.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link) CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայ ժողովրդի պատմություն

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստան հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։