Նոր Հաճն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Նոր Հաճընից)
Քաղաք
Նոր Հաճն
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՄարզԿոտայքի մարզ
ՔաղաքապետԳագիկ Մաթևոսյան
Հիմնադրված է1953 թ.
Այլ անվանումներՆոր Հաճըն
Մակերես2,3 կմ²
ԲԾՄ1.320 մ
Պաշտոնական լեզուՀայերեն
Բնակչություն9400[1] մարդ (2022)
Ազգային կազմՀայեր
Կրոնական կազմՀայ Առաքելական եկեղեցի
ՏեղաբնականունՆորհաճնեցի
Ժամային գոտիUTC+4 +5, ամառը UTC+10
Հեռախոսային կոդ+374 (224)
Փոստային ինդեքս2412
Փոստային դասիչ2412
Պաշտոնական կայքmunicipality.hachn.am
Նոր Հաճն (Հայաստան)##
Նոր Հաճն (Հայաստան)
Նոր Հաճն (Կոտայքի մարզ)##
Նոր Հաճն (Կոտայքի մարզ)

Նոր Հաճն, երբեմն՝ Նոր Հաճըն, քաղաք Հայաստանի Կոտայքի մարզում, մարզկենտրոնից 37 կմ հարավ-արևմուտք։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիմնադրվել է 1953 թվականի փետրվարի 26-ին որպես Արզնի ՀԷԿ-ին կից բանվորական ավան[2]։ Գտնվում է Կոտայքի մարզում, Արզնի կիրճի և Արզնի-Շամիրամ ջրանցքի հարևանությամբ։ Այն ունի մոտավորապես 13.000 բնակիչ։ Ռաֆայել Իսրայելյանի նախագծով 1973 թվականին Նոր Հաճնում կանգնեցվում է Հաճն հերոսամարտի նահատակների հիշատակը հավերժացնող հուշարձան կոթող։ Նոր Հաճնը արդյունաբերական կենտրոն է ադամանդագործության բնագավառում։ Նորհաճնեցի վարպետների հղկած թանկարժեք քարերն այսօր էլ մեծ պահանջարկ են վայելում համաշխարհային շուկայում։ Քաղաքն ունի արվեստի և հանրակրթական դպրոցներ, քաղաքային գրադարան, մարզադպրոց, մշակույթի պալատ, Կիլիկիայի պատմության թանգարան։[փա՞ստ]

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նոր Հաճնի ազգաբնակչության փոփոխությունը.[3]

Տարի 1959 1975 1989 1991 2001 2004 2011 2015
Բնակիչ 1406 5671 11091 11300 10168 10100 9307[4] 9400

Արդյունաբերություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1945 թվականին ավարտվել էր Երկրորդ համաշխարհային պատերազմը, բնականաբար ավարտվել էր նաև Հայրենական Մեծ պատերազմը, ու այդ հաղթանակում իր ուրույն տեղն ու դերն ուներ հայ ժողովուրդը։ Ու թեև Հայաստանը պատերազմի տարիներին ռազմական ավերածությունների չէր ենթարկվել, այնուամենայնիվ կատարում էր ռազմական պատվերներ, այսինքն ամբողջ արդյունաբերությունը ծառայում էր ռազմաճակատի կարիքների բավարարմանը, իսկ պատերազմից հետո հարկ էր լուծել մի շարք սոցիալ-տնտեսական խնդիրներ, քանզի պատերազմի ավարտից հետո պահանջվում էր արագորեն վերակառուցել հանրապետության ժողովրդական տնտեսությունը, այն համապատասխանեցնել խաղաղ ժամանակաշրջանի պահանջներին։[փա՞ստ]

1948 թվականին հանրապետության արդյունաբերության համախառն արտադրանքը 1940 թվականի մակարդակը գերազանցել էր 3 տոկոսով։ Հատուկ ուշադրություն դարձվեց հանրապետության էներգետիկ բազայի ընդլայնմանը։ 1949 թվականին շահագործման հանձնվեց Սևանի ստորերկրյա հիդրոէլեկտրակայանը։ Ավարտվեց Ձորագետի վերակառուցումը, և գործարկվեց նրա երկրորդ ագրեգատը, նոր հզորություններ ավելացվեցին Քանաքեռի ՀԷԿ-ում և սկսվեց Սևան-Հրազդան կասկադի խոշորագույն ՀԷԿ-ի՝ Գյումուշի շինարարությունը։[փա՞ստ]

1955 թվին Գյումուշի ՀՀԿ-ը կառուցելուց հետո հիմք դրվեց մի նոր շինարարության՝ Արզնիի ՀԷԿ-ին և հենց այդ ժամանակ էր, որ այսօրվա Նոր Հաճն քաղաքի հարավային տարածքում հիմնվեց մի փոքրիկ ուժային հանգույց, որն անվանվում էր “Սիլովոյ ուզել”։[փա՞ստ]

Ու երբ 1956 թվականին ավարտվեց Արզնիի ՀԷԿ-ի շինարարությունը մի խումբ շինարար ընկերներ Արզնի ձորից բարձրանալով սարավանդի վրա կառուցեցին Նոր Հաճնը, այն քաղաքն ու արդյունաբերական խոշոր համալիրը, որը մի մասն էր կազմում 1960-1980-ական թվականներին կառուցված քաղաքների՝ Չարենցավան, Աբովյան և արդյունաբերական մոտ 300 ձեռնարկությունների։ 1958 թվականին նորավարտ ինժեներ Աշոտ Մկրտիչի Հարությունյանին ուղարկեցին այստեղ հիմնելու մեխանիկական արտադրամաս։ Այն ժամանակ Արզնիի հիդրոէլեկտրակայանի շինարարությունը նոր էր ավարտվել և փայտե տնակներով պատված բնակավայրը կոչվում էր Սիլավոյ։ Այն ոչ միայն անբարեկարգ էր, ցեխի ու քարի մեջ կորած, այլ չուներ կուլտուր – կենցաղային տարրական պայմաններ։[փա՞ստ]

Արտադրությունում աշխատելու համար հանրապետության տարբեր վայրերից մարդիկ եկան, շատերը եկան ընտանիքներով։ Նրանք դժվարություններից չէին ընկրկում։[փա՞ստ]

Հավատում էին, որ փոքրիկ արտադրամասը կվերածվի մեծ գործարանի, և նրա մասին շատ շատերը կիմանան։ Հավատում էին սպասվող լավ կյանքին և աշխատում էին համերաշխ, համառորեն նվիրումով։ Ու մարդիկ եռանդով գործի անցան, ձեռնամուխ եղան արտադրության և ավանի զարգացմանն ու վերափոխմանը։[փա՞ստ]

Դա 1958 թվականի մայիսն էր, երբ ԽՍՀՄ նախարարների խորհրդի որոշմամբ հիմնադրվեց Արզնու տեխնիկական ճշգրիտ քարերի գործարանը։[փա՞ստ]

Գործարանի ստեղծումը պայմանավորված էր սարքաշինական արդյունաբերության բուռն աճով, որն անհրաժեշտ էր ապահովել արհեստական կորունդից պատրաստված զանազան առանցքակալներով ու կրնկալներով։

Նման գործարանի գոյության համար կարևոր նախադրյալ էր Կիրովականի քիմիական կոմբինատում ստեղծված արհեստական կորունդի նոր արտադրամասը, որը հումքով ապահովելու էր նորաստեղծ գործարանին, կարևոր նշանակություն ուներ նաև որ ապագա գործարանի արտադրանքը տեխնոլոգիապես աշխատատար էր, քիչ նյութատար և դրա կազմակերպումը Հայաստանի պայմաններում մասնավորապես երկաթգծից համեմատաբար հեռու բնակավայրում նպատակահարմար էր։ 1959 թվականին գործարանը մտավ գործող ձեռնարկությունների շարքը և նույն թվականի հուլիսին գործարանը տվեց իր առաջին արտադրանքը՝ կորունդե ասեղներ ձայնապնակների համար, հետագա երկու-երեք տարիների ընթացքում յուրացվեց տարբեր սարքերում կիրառվող կորունդե առանցքակալների, հարթ, գնդային և կոնական կրնկակալների ողջ տեսականու զանգվածային արտադրությունը։ Իմիջիալյոց նշենք, որ արհեստական կորունդը բյուրեղային նյութ է, իր կարծրությամբ երկրորդը ալմաստից հետո, ունի բարձր ամրություն, միաժամանակ փխրուն է։ Այս հատկությունները թելադրում են դրա մեխանիկական մշակման բարդ յուրահատուկ տեխնոլոգիան, որում որպես կտրող գործիքներ օգտագործվում են ալմաստի փոշին և ալմաստից պատրաստված գործիքներ։[փա՞ստ]

1960 թվականին սկսվեց գործարանի հիմնական մակերեսների կառուցումը և երեք - չորս տարիների ընթացքում շարք մտան կորունդե տեխնիկական քարերի, գործիքաշինական, հատուկ հաստոցաշինական, վարչակենցաղային մասնաշենքերը։ Ամբողջ գործարանի արտադրական ընդհանուր մակերեսը ավելի քան քսանհինգ հազար քառակուսի մետր է, ունի 14 հիմնական արտադրամասեր։[փա՞ստ]

Եթե 1960 թվականին գործարանը թողարկել է միայն մեկ տեսակի արտադրանք՝ 68.000 ռուբլու, ապա 1976 թվին այն թողարկել է ավելի քան 60 տեսակի՝ 12.6 միլիոն ռուբլու։[փա՞ստ]

Գործարանում իր ուրույն տեղն ուներ սարքաշինությունը։ 1978-1980 թթ. գործարանը թողարկում էր ավելի քան 80 տեսակ արտադրանք, սերտ կապերի մեջ էր նախկին ԽՍՀՄ-ի ավելի քան 250 գործարանների, իսկ գիտատեխնիկական խնդիրներով՝ 64 գիտահետազոտական ինստիտուտների հետ։[փա՞ստ]

Արտադրանքն արտահանվում էր 14 երկիր, այդ թվում ԳՖՀ, Անգլիա, Իտալիա, Հնդկաստան և այլուր։[փա՞ստ]

Այստեղ հարկ է նշել գործարանի տնօրեն՝ Ա. Հարությունյանի և գլխավոր ինժեներ Կ. Գալոյանի քրտնաջան աշխատանքը, որն էլ նպաստել է արտադրության զարգացմանը, որի շնորհիվ էլ գործարանն արժանացել էր ԽՍՀՄ բարձր պարգևին՝ “Պատվո նշան” շքանշանի (1971 թ.)։[փա՞ստ]

Մշակույթի պալատ[խմբագրել | խմբագրել կոդը]

Նոր Հաճնի մշակույթի պալատը կառուցվել է 1971 թվականին։ Առ այսօր չի հիմնանորոգվել։ Գտնվում է անմխիթար վիճակում։

Այժմ գործում է Գառնիկ Հունանյանի ղեկավարությամբ։

«Ալմաստ» համույթի սաներն են շենքում պարեր սովորում՝ պարուսույց Արմեն Կոստանդյանի ղեկավարությամբ։

Շենքի սենյակներից մեկն էլ ծառայում է որպես եկեղեցի. Հաճնի հոգևոր առաջնորդ քահանա Արսեն Տեր Համբարձումյանն այստեղ է անում կիրակնօրյա պատարագներն ու քարոզչությունը։[փա՞ստ]

Արվեստի դպրոց[խմբագրել | խմբագրել կոդը]

Նոր Հաճնի արվեստի դպրոցը հիմնադրվել է 1968-ին, որի նպատակն է հաճնցի երեխաների գեղագիտական դաստիարակությունն ապահովելը։

Ունի 26 ուսուցիչ և 193 աշակերտ՝ դաշնամուրային, լարային, ժողովրդական (քանոն, շվի, քամանչա, դուդուկ, դհոլ) նվագարանների, վոկալի, գեղարվեստի և շախմատի բաժիններում։

Դպրոցի երգչախումբն ամեն տարի հոկտեմբերի երկրորդ կիրակի՝ Հաճնի հերոսամարտի օրը ելույթ է ունենում։

Դպրոցում պարբերաբար կազմակերպվում են համերգներ։

Գեղարվեստի բաժնի երեխաները մրցութային ցուցահանդեսների են մասնակցում՝ թե’ տեղում, թե’ Հայաստանի տարբեր վայրերում և թե’ արտասահմանում։

Տասնյակ շրջանավարտներ են իրենց կրթությունը շարունակել և այժմ էլ ուսանում են Երևանի Կոմիտասի անվան կոնսերվատորիայում։

Թանգարան[խմբագրել | խմբագրել կոդը]

Հաճնի 1920 թվականի հերոսամարտի նահատակների հիշատակը հավեժացնող կոթողը: 1973 թ.: Ճարտարապետ՝ Ռաֆայել Իսրայելյան

Հաճնի 1920 թվականի հերոսամարտի նահատակների հիշատակը հավեժացնող և Հաճնի վերածնության խորհրդանիշ՝ հուշարձան-կոթողը կառուցվել է 1973 թվականին (հեղինակ՝ ժողովրդական ճարտարապետ Ռաֆայել Իսրայելյան)։ Կոթողի ներսում 1978 թվականին հիմնադրվել է “Կիլիկիայի հայերի պատմության” թանգարանը, որն իր գոյության 25 տարիների ընթացքում հանգամանալից լուսաբանել է Կիլիկիայի հայկական թագավորության փառահեղ պատմությունը, Հաճնի հերոսական անցյալի դրվագները։ Թանգարանը Կիլիկիայի մշակութային ժառանգության միակ գիտամշակութային կենտրոնն է, ոչ միայն Նոր Հաճնի, այլև Կոտայքի մարզի ամենահայտնի մշակութային օջախներից է, սրբատեղի՝ սփյուռքահայության համար և կարևոր օղակ՝ Սփյուռք-Հայրենիք կապերի ամրապնդման համար։ Թանգարանը նպաստել է՝

  1. Հաճնի 1920 թվականի հերոսամարտի ամենամյա տարեդարձներին նվիրված միջոցառումերի անցկացմանը,
  2. Սփյուռքահայ հաճնցիների հետ բարեկամական կամուրջներ ստեղծելուն,
  3. Մշակույթի բնագավառում Նոր Հաճն համայնքի և Սփյուռքի գործնական շփումների իրականացմանը,
  4. Մշակութային զբոսաշրջիկության զարգացմանը,
  5. “Հաճն-Նոր Հաճն” բուկլետի ստեղծմանը։

Թանգարանային հավաքածուն բաղկացած է 1882 (2006 թ. տվյալնների համաձայն) թանգարանային առարկաներից, պարունակում է հնատիպ գրքեր, եզակի դրամներ, արժեքավոր լուսանկարներ, տարեկան սպասարկում է 1200-1300 այցելուների, բարձրացնում է բնակչության մշակութային մակարդակը։

1998 թվականի մայիսի 15-ից թանգարանը հանձնվել է համայնքի տնօրինությանը, որը միջոցների սղության պատճառով չի կարողանում պահպանել եղած պատմամշակութային արժեքները և հարստացնել դրանց հավաքածուները։

Գնալով ավելի լայն հեռանկարներ են բացվում Սփյուռքի հաճնցիական գաղթօջախների հետ կապերի ընդլայնման և խորացման համար։

Ազատամարտիկների Պանթեոն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նոր Հաճնի «Ազատամարտիկների Պանթեոնը» կամ «Զորաց Պանթեոնը» կառուցվել է 1990 թ.՝ նորօրյա Հայ Ազատամարտի զոհված հերոսների շիրիմների շուրջ։ Հուշահամալիրի քանդակագործն է Ռաֆիկ Խաչատրյանը՝ Խաչառը, որի հատիչով է կերտվել, մասնավորապես՝ «Հայոց Ազատության Արծիվը»։ Հուշարձանի պատվիրատուներից է զոհված ազատամարտիկ, զինագործ Էդիկ Տոռոզյանի ընտանիքը։ Հուշահամալիրում փորագրված է Եղիշեի «Մահ անիմացեալ մահ է, մահ իմացեալ՝ անմահութիւն» հայտնի արտահայտությունը։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Հայաստանի Հանրապետության մշտական բնակչության թվաքանակը 2022 թվականի հուլիսի 1-ի դրությամբ,» (PDF). Վերցված է 2022 Օգոստոսի 9-ին.(չաշխատող հղում)
  2. «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, Թ.Խ. Հակոբյան, Ստ.Տ. Մելիք-Բախշյան, Հ.Խ. Բարսեղյան». www.nayiri.com. Վերցված է 2021 թ․ հունվարի 18-ին.
  3. «Հայաստանի հանրապետության բնակավայրերի բառարան, էջ 150» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2014 թ․ սեպտեմբերի 12-ին. Վերցված է 2014 Ապրիլի 16-ին.
  4. 2011 թ Հայաստանի մարդահամարի արդյունքները