Նո
Նո (ճապոներեն` 能) կամ Նոգակուն ամենախստաշունչ դասական թատրոնն է, Ճապոնիայի ավանդական թատրոնի առաջին համակողմանիորեն զարգացած ձևը։
Բովանդակություն |
Պատմությունը [խմբագրել]
Նո թատրոնի ծագումը վերագրվում է 15-րդ դարի առաջին կեսին և կապված է Ձենամի Մոտիկիյոյի (1363-1443) անվան հետ։ Սակայն թատրոնն իսկական ծաղկման հասավ միայն 17-րդ դարում, Տոկուգավա սյոգունների տիրապետության հաստատումից հետո։ 1603-ից` այն ժամանակից, երբ իշխանության գլուխ անցավ սյոգուն Տոկուգավա Իեյասուն, թատրոնի ներկայացումները սկսեցին կրել ծիսակարգի բնույթ։ Այդպիսին դարձան նաև ամենամյա փառատոնները: Այդ ժամանակներից հանդիսավոր ներկայացումներով էին նշվում նոր տիրակալի իշխանության գլուխ անցնելը, երևելի անձանց ամուսնությունները, բարձրագույն պաշտոնների նշանակումները, արու զավակների ծնունդը ազնվական ընտանիքներում, նրանց չափահաս դառնալը և այլն։ Ներկայացումները տևում էին մի քանի օր, դրանք կարող էին դիտել հինգ հազար մարդ։ Մեծ պատիվ էր համարվում այդ ներկայացումներին հրավիրված լինելը, այդպիսի իրավունքի համար պայքար էր մղվում։
Նոյի դպրոցները [խմբագրել]
Նո արվեստի կատարելագործմանը զուգընթաց ստեղծվում էին զանազան դպրոցներ։ Մինչև մեր օրերն են հասել հինգը` Կանձեն, Կոմպարուն, Հոսյուն, Կոնգոն և Կիտան։ Առաջին չորսը ստեղծվել է 14-15-րդ դարերում, վերջինը` 17-րդ դարի սկզբին։ Դպրոցների տարբերությունը ձևական է։
Նոյի բեմը [խմբագրել]
Նո ներկայացումները ընթանում են քառակուսի փոքր բեմում, որը պատրաստվում է հինոկիի (ճապոնական փոքր նոճի) չներկած փայտից։ Բեմը հանդիսասրահից բաժանված է մեկ մետրանոց շերտով, որը ծածկված է մանր կոպիճով կամ խոշորահատ ավազով։ Բեմը բաց է երեք կողմից, նրա հետնամասում, ոսկեգույն ֆոնի վրա, պատկերված է ոճավորված ճյուղատարած սոճի։ Սոճին երկարակեցության խորհրդանիշ է։
Բովանդակությունը [խմբագրել]
Նո թատրոնն ներկայացումները բեմադրում է երկու հիմնական սկզբունքով` մոնոմանե (բառացի` «նմանեցում»)` բեմական ճշմարտություն, և յուգեն (բառացի` «ներքին խորություն», «նվիրական», «խորհրդավոր»)` ներդաշնակ, վեհաշունչ գեղեցկության բարձրագույն ձև։ Այս սկզբունքների պահանջներն արտահայտված են տեքստերում, պարերում, երաժշտության, երգեցողության մեջ, դերասանների բեմական շարժումներում, որոնց խնդիրն է ստեղծել «Գերզգացողություն»։ Այս սկզբունքների հիմքում ձեն ուսմունքն է, որը մղում է սուբյեկտի և օբյեկտի միաձուլման, տվյալ դեպքում դերասանի և հանդիսատեսի ապրումների միաձուլման։