Նիկոլ Դումանի տուն-թանգարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Նիկոլ Դումանի տուն-թանգարան
Տեսակհուշային թանգարան
Երկիր Արցախ
ՏեղագրությունՔըշլաք
ՀասցեԱրցախ, Ասկերանի շրջան, գյուղ Ծաղկաշատ, Պետական հուշարձան NK2/166
Քարտեզ
Քարտեզ

Նիկոլ Դումանի տուն-թանգարան, ժողովրդական ճարտարապետության, ազգագրության և գյուղական կենցաղի թանգարան Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանի Ծաղկաշատ գյուղում։ Ընդգրկված է Ծաղկաշատի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տեղակայված է Ասկերանի շրջանի Ծաղկաշատ գյուղում (Ղշլաղ), Ստեփանակերտ-Գանձասար ավտոմայրուղու 22-րդ կիլոմետրի վրա։ Այն իրենից ներկայացնում է 19-րդ դարի բնակելի շինությունների համալիր, վերականգնվել է բնագրաբնույթ նյութերով։ Հիմնականում դրանք շինարարական տեխնիկայի լավագույն ավանդույթները իրենց մեջ վերցրած, փորագրված փայտյա պատշգամբներով, երկհարկանի տներ են։ Պատշգամբների փայտյա ժանյակները, հմտորեն փորագրությամբ պատված սյուներն ու փայտամածները առանձնանում են իրենց անկրկնելիությամբ։ Ազգագրական թաղամասի տարածքում մանրակրկիտ ճշտությամբ ներկայացված են ղարաբաղցիների 19-րդ դարի կենցաղի ու կյանքի պայմանները։ Ռեալորեն վերականգնված է ինտերերը, կահույքը, տնտեսության և կենցաղի առարկաները, իրական նմուշներ՝ հավաքված շրջակա գյուղերից։

Ազգագրական թանգարանի տարածքում է տեղակայված 19-րդ դարի վերջի և 20-րդ դարի սկզբի հայ ժողովրդի ազգային ազատագրական շարժման հերոսներից մեկի՝ Նիկոլ Դումանի (Նիկողայոս Տեր-Հովհաննիսյան) տուն-թանգարանը։ Տուն-թանգարանի դահլիճներից մեկը նվիրված է նրա կյանքին ու գործունեությանը։ Այստեղ ցուցադրվում են քարտեզներ, հայերի ազատագրական շարժումը լուսաբանող գծագրեր, հայրենիքի ֆիդայի պաշտպանների սխրագործությունները։ Առանձին վահանակ է տրամադրված 1905-1906 թվականների Բաքվում հայ-թաթարական ընդհարումներին, երբ ի շնորհիվ Նիկոլ Դումանի բացառիկ ռազմական տաղանդի մի բուռ վատ զինված հայ կամավորականների հաջողվեց պաշտպանել Բաքու քաղաքի հայկական բնակչությանը, ներկայիս Ադրբեջանի մայրաքաղաքի քրիստոնեական մասը կողոպտած ադրբեջանական մոլեռանդ ամբոխի մոլեգին հարձակումներից։

Ցուցադրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Դահլիճում ցուցադրվում է հայ ֆիդայիների օգտագործած 19-րդ դարի զենքի իրական նմուշներ, այլ ռազմական պարագաներ։ Թանգարանի տարածքում վերականգնված է համապատասխան դարաշրջանի տնտեսական կառույցներ։ Հաճախորդները կարող են ոչ միայն տեսնել ավանդական թոնրատունը (հացի փուռ), այլև փորձել իրենց աչքի առջև նոր թխված ավանդական ղարաբաղյան հաց՝ թոնրի հաց և ավանդական մառանում (գինու նկուղ) համտեսել տեղական գինու տեսակներ և թթի օղի։

Գորգա-ջուլհականոցում կարելի է տեսնել թե ինչպես հնագույն տեխնոլոգիայով ժամանակակից ջուլհակագործները գործում են հիանալի ղարաբաղյան գորգեր։

Միջոցառումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ազգագրական թաղամասի տարածքում հաճախ հայտնի խմբերի կողմից կազմակերպվում է ավանդական և դասական երաժշտությամբ համերգներ։ Կազմակերպվում են նաև Ղարաբաղի գյուղի 19-րդ դարի կայնքն ու կենցաղը ցուցադրող զգեստավորված ազգագրական շոուներ։ Թանգարանը աշխատում է առանց հանգստյան և տոն օրերի։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]