Ներսես Պոզապալյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ներսես Պոզապալյան
Դիմանկար
Ծնվել էհուլիսի 5, 1937(1937-07-05)
ԾննդավայրՔըրքխան, Սիրիայի և Լիբանանի ֆրանսիական մանդատ
Մահացել էհունիսի 27, 2009(2009-06-27) (71 տարեկան)
Քաղաքացիություն Լիբանան,  ԽՍՀՄ և  Հայաստան
ԿրթությունԳևորգյան Հոգևոր Ճեմարան, Մոսկվայի հոգևոր ակադեմիա (1961) և Բոսսեի Էկումենիկ ինստիտուտ (1970)
Մասնագիտությունքահանա և գրող
Զբաղեցրած պաշտոններեպիսկոպոս

Տեր Ներսես արքեպիսկոպոս Պոզապալյան (հուլիսի 5, 1937(1937-07-05), Քըրքխան, Սիրիայի և Լիբանանի ֆրանսիական մանդատ - հունիսի 27, 2009(2009-06-27)

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տեր Ներսես արքեպիսկոպոս Պոզապալյան (ավազանի անունը՝ Հակոբ), ծնվել է 1937 թվականին Կիլիկիայում՝ Քըրքխան քաղաքում, որտեղից 1939 թվականին գաղթել է Բեյրութ։ Սովորել է Բեյրութի Նուբարյան հայկական վարժարանում, Անթիլիասի դպրեվանքում, այնուհետև Բեյրութի կենտրոնական բարձրագույն վարժարանում։

1957 թվականին ընտանիքով տեղափոխվել է հայրենիք։ Ուսումը շարունակել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գևորգյան Հոգևոր Ճեմարանում։

1957 թվականին Ս. Ստեփանոս նախավկայի տոնին երանաշնորհ Տ. Հայկազուն արքեպիսկոպոս Աբրահամյանի ձեռամբ ձեռնադրվել է սարկավագ։

1960-1961 թվականներին ուսանել է Ռուս Ուղղափառ Եկեղեցու Զագորսկի ակադեմիայում։

1961 թվականին Վազգեն Ա Հայրապետի ձեռամբ ձեռնադրվել է կուսակրոն քահանա՝ վերանվանվելով Ներսես։

1962 թվականին Վազգեն Ա Կաթողիկոսի կողմից ստացել է վարդապետական, ապա՝ 1965 թվականին ծայրագույն վարդապետության աստիճան։

1963-1965 թվականներին ուսանել է Անգլիայի Յորքշայր նահանգի Հարության քոլեջի աստվածաբանական բաժնում, որի ընթացքում մասնակցել է Քեմբրիջի համալսարանի անգլիական գրականության և մշակույթի ամառային դասընթացներին։

1965-1969 թվականներին վարել է Ս. Էջմիածնի Հոգևոր ճեմարանի տեսչի պաշտոնը։

1969-1970 թվականներին ուսանել է Եկեղեցիների Համաշխարհային Խորհրդի Բոսսեի Էկումենիկ ինստիտուտում։

1969-1972 թվականներին եղել է Շվեյցարիայի հայոց հոգևոր հովիվը։

1973 թվականին ընտրվել է Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի հայոց թեմի առաջնորդ։

1974 թվականին ձեռամբ Վազգեն Ա Կաթողիկոսի ձեռնադրվել է եպիսկոպոս։

1977 թվականին Գերաշնորհ Ներսես Պոզապալյանը Էլիզաբեթ II թագուհու կողմից արժանացել է Հատուկ Շնորհակալական Նամակի։

1982 թվականին Վազգեն Ա երջանկահիշատակ կաթողիկոսի կողմից հրավիրվել է Մայր Աթոռ և նշանակվել Մայր Աթոռի դիվանապետ։ Եղել է նաև Գերագույն Հոգևոր Խորհրդի անդամ։

1983 թվականին ընտրվել է Եկեղեցիներ Համաշխարհային Խորհրդի Կենտրոնական Կոմիտեի անդամ։

1982-1995 թվականներին հիմնել և ղեկավարել է Հայաստանի Աստվածաշնչային Ընկերությունը։

1986 թվականին ձեռամբ Վազգեն Ա Կաթողիկոսի ստացել է արքության պատիվ։

1991 թվականին ի վեր եղել է Եվրոպայի և Մերձավոր Արևելքի Աստվածաշնչային Ընկերության Գործադիր Կոմիտեի անդամ։

1993-2001 թվականներին Ջինիշյան Հիշատակի բարեգործական հիմնադրամի Հիմնադիր մարմնի անդամ է եղել և ծառայել է որպես ատենապետ։

1999 թվականին ընտրվել է Ռուսաստանի Հումանիտար Ակադեմիայի իսկական անդամ։

1999 թվականին հուլիսի 4-ին ընտրվել է կաթողիկոսական տեղապահ և կազմակերպել է կաթողիկոսական ընտրությունները 1999 թվականին հոկտեմբերի 27-ին։

Սրբոց Նահատակաց եկեղեցի

Կյանքի վերջին տասնամյակը[խմբագրել | խմբագրել կոդը]

Ներսես Պոզապալյանի գերեզմանը Սրբոց Նահատակաց եկեղեցու բակում

2000-2003 թվականներին իր հոգևոր գործունեության 40-ամյակի առիթով Կոտայքի շրջանի Թեղենիք գյուղում կառուցել է Սրբոց Նահատակաց եկեղեցի՝ իր ծնողների՝ Գրիգոր և Մաքրուհի Պոզապալյանների հիշատակին, որի առիթով Վեհափառ Հայրապետի կողմից պարգևատրվել է Հայ Եկեղեցու բարձրագույն՝ Ս. Գրիգոր Լուսավորիչ շքանշանով։

Ներսես Սրբազանը հրատարակել է 10 անուն բանաստեղծական և քարոզախոսական գրքեր։ Դասախոսել է Գևորգյան Հոգևոր Ճեմարանում։ 2000-2006 թվականներին եղել է Մայր Աթոռ Ս. Էջմիածնի Հրատարակչական մարմնի տնօրեն։

Սրբազան Հայրը 2009 թվականի փետրվարի 18-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանական իր կացարանում ենթարկվում է հարձակման, որի հետևանքով ծանր վնասվածք է ստանում և անգիտակից վիճակում փոխադրվում հիվանդանոց։ Միջադեպից չորս ամիս անց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի երիցագույն միաբաններից Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու նվիրյալ և բազմավաստակ սպասավոր Գերաշնորհ Տ. Ներսես արքեպիսկոպոս Պոզապալյանը հունիսի 27-ին կնքում է իր մահկանացուն։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ներսես Պոզապալյան» հոդվածին։