Ներգծյալ և արտագծյալ պատկերներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Տարբեր երկրաչափական պատկերների ներգծյալ շրջանագծեր

Ներգծյալ և արտագծյալ պատկերներ, տարրական երկրաչափության մեջ, բազմանկյունը կոչվում է տրված ուռուցիկ կորին ներգծյալ, իսկ կորը՝ արտագծյալ բազմանկյանը, եթե բազմանկյան բոլոր գագաթները գտնվում են կորի վրա։ Բազմանկյունը կոչվում է արտագծյալ կորին, իսկ կորը՝ ներգծյալ բազմանկյանը, եթե բազմանկյան կողմը (կամ նրա շարունակությունը) շոշափում է կորը։ Որպես կոր հիմնականում դիտարկում են շրջանագիծը։ Այսպես, օրինակ, յուրաքանչյուր եռանկյուն ունի մեկ արտագծյալ և չորս ներգծյալ (դրանցից երեքը, կոչվում են առներգծյալ) շրջանագիծ։ Ուռուցիկ քառանկյունն ունի արտագծյալ շրջանագիծ (ուռուցիկ քառանկյանը կարելի է արտագծել շրջանագիծ) այն և միայն այն դեպքում, եթե նրա հանդիպակաց անկյունների գումարը 180° է, և ուռուցիկ քառանկյանը կարելի է ներգծել շրջանագիծ այն և միայն այն դեպքում, եթե քառանկյան երկու հանդիպակաց կողմերի գումարը հավասար է մյուս երկու հանդիպակաց կողմերի գումարին։ Ուռուցիկ բազմանկյանը կարելի է արտագծել (ներգծել) շրջանագիծ այն և միայն այն դեպքում, եթե նրա կողմերի միջնակետերով այդ կողմերին տարված ուղղահայացները (անկյան կիսորդները) հատվում են մի կետում։ Ներգծյալ և արտագծյալ պատկերներ դիտարկվում են նաև տարածության մեջ։ Այս դեպքում բազմանկյան դերը կատարում է բազմանիստը, իսկ ուռուցիկ կորի դերը՝ ուռուցիկ մակերևույթը՝ շատ հաճախ գնդային մակերևույթը։ Երբեմն ասում են նաև, որ կոնը արտագծված է գնդին կամ գունդը ներգծված է կոնին։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 242