Նավթագազեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Նավթագազերի գործարան

Նավթագազեր, նավթային գազեր, բնության մեջ նավթին ուղեկցող և նավթի վերամշակման ընթացքում ստացվող գազեր։ Նավթին ուղեկցող գազերը պարունակում են մեթան, էթան, պրոպան, բութան և այլ հագեցած ածխաջրածիններ, ջրային գոլորշիներ, երբեմն նաև ազոտ, ածխաթթու գազ, ծծմբաջրածին, հելիում, արգոն։ 1 տ նավթին ընկնող գազերի քանակությունը՝ գազային գործոնը, կախված է նավթահանքի առաջացման և երկրի ընդերքում նրա տեղադրման պայմաններից և կարող է լինել 1—2-ից մինչև մի քանի հազար մ3/տ։ Գազավերամշակման գործարաններում նավթագազերից ստանում են գազային բենզին, բենզինազտված գազ և ածխաջրածիններ։ Ածխաջրածնային ֆրակցիաները քիմիական և նավթաքիմիական արդյունաբերության կարևոր հումք են, որոնցից ստանում են ացետիլեն, էթիլեն, ացետալդեհիդ, մրջնալդեհիդ, քացախաթթու, ացետոն, բարձրօկտանային վառելանյութերի բաղադրիչներ, կաուչուկ և այլն։ Հեղուկացված պրոպան-բուտանային ֆրակցիան լայնորեն օգտագործվում է որպես շարժիչային և կենցաղային վառելանյութ։ Նավթավերամշակման գազերն անջատվում են նավթաթորման սարքերում և առաջանում են նավթի ջերմային ու կատալիտիկ վերամշակման ընթացքում։

Նավթագազերի բազա

Բաղկացած են հիմնականում ցածրամոլեկուլային ածխաջրածիններից։ Իտարբերություն նավթին ուղեկցող և բնական այրվող գազերի, պարունակում են ջրածին (0,2—7%) և չհագեցած ածխաջրածիններ։ Բացառություն են նավթի թորման, ռիֆորմինգի և հիդրոֆորմինգի գազերը, որոնք բաղկացած են սահմանային ածխաջրածիններից և պարունակում են փոքր քանակներով N2, Օ2, C02 և այլն։ Կրեկինգի և պիրոլիզի ենթարկվող նավթի 8,5—9,5%-ը փոխարկվում է նավթագազերի, այդ թվում մինչե 2,5%֊-ը չհագեցած ածխաջրածինների (էթիլեն, պրոպիլեն, բուտիլեն, բուտադիեն ևն)։ Նավթավերամշակման գազերն ունեն այրման մեծ ջերմություն՝ 52,3 Մջ/մ3 (12500 կկաչ/մ3) և օգտագործվում են որպես վառելանյութեր։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 192