Յոհան Ֆրիդրիխ Հերբարթ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Յոհան Ֆրիդրիխ Հերբարթ
Հերբարթի գերեզմանը Գյոթինգենում

Ցոհան Ֆրիդրիխ Հերբարթ (գերմ.՝ Johann Friedrich Herbart, մայիսի 4, 1776, Օլդենբուրգ - օգոստոսի 14, 1841, Գյոթինգեն), գերմանացի փիլիսոփա, հոգեբան և մանկավարժ։ Կրթությունն ստացել է Ենայի համալսարանում։ Հերբարթը հակադրվել է հետկանտյան շրջանի գերմանական դասական իդեալիզմին, ժխտել գիտակցության ստեղծագործական և ինքնակա բնույթը։ Նա փիլիսոփայության հիմքը համարել է փորձը, իսկ փիլիսոփայությունը՝ ինքը ըստ Հերբարթի, պետք է զբաղվի «փորձի հասկացությունների մշակմամբ», դրանք պարզաբանելու և շտկելու նպատակով։ Հերբարթը գոյություն ունեցող ամեն ինչի հիմք էր համարում «ռեալները»՝ հավերժական, անփոփոխ, հոգևոր (ինչպես Լայբնիցի «մոնադը»), անճանաչելի (ինչպես Կանտի «ինքնին իրը») էությունները։ «Հոգին» առավել կատարյալ «ռեալն» է, որն առաջ է բերում բոլոր հոգեկան երևույթները։ Տրամաբանության մեջ Հերբարթը կանգնած էր Կանտի դիրքերում։ Հերբարթը այսպես կոչված ձևական գեղագիտության հիմնադիրն է։ Ըստ Հերբարթի գեղեցիկը դրսևորվում է համաչափության, համամասնության, ռիթմի, ներդաշնակության որոշակի ձևական հարաբերակցության մեջ։ Հերբարթի հոգեբանական գաղափարները զգալի հետք են թողել հոգեբանության պատմության մեջ։ Հերբարթը հանդես է եկել ընդունակությունների, որպես առաջնային և անտարրալուծելի հոգեկան ուժերի, ուսմունքի դեմ, քանի որ այն չի կարող բացատրել «հոգու բնական ատմությունը», այսինքն՝ մարդու հոգեկան կյանքի օրինաչափ ձևավորումը։ Հերբարթը առաջինը վարձեց հոգեբանությունը կառուցել որպես սիստեմատիկ գիտություն, որը, նրա կարծիքով, պետք է հիմնվի մետաֆիզիկայի, փորձի և մաթեմատիկայի վրա։ Զբաղվել է անգիտակցականի և այլ հարցերով։ Անգիտակցականի մասին նրա հայացքները դարձել են ֆրեյդիզմի աղբյուրներից։ Զբաղվել է նաև դաստիարակության հարցերով, ըստ նրա փիլիսոփայությունը պետք է ցույց տա դաստիարակության նպատակը, իսկ հոգեբանությունը՝ դրան հասնելու միջոցները։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png