Յոհաննես Լեփսիուս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Johannes Lepsius.jpg
Յոհանես Լեփսիուսը հայկական դրոշմանիշի վրա

Յոհաննես Լեփսիուս (1858 թ. դեկտեմբերի 15, Պոտսդամ, Գերմանիա1926 թ. փետրվարի 3, Մերան, Իտալիա), գերմանացի հասարակական գործիչ, հոգևորական։

Կենսագրություն[խմբագրել]

Գերմանացի հասարակական գործիչ, հոգևորական (աստվածաբանության դոկտոր), արևելագետ Յոհաննես Լեփսիուսը, դատապարտելով թուրքական իշխանությունների հայաջինջ գործողությունները, իր երկրի կառավարությունից պահանջել է ազդու միջոցներով դադարեցնել հայերի կոտորածները։ Նրա երկերը և դիվանը (պատմական փաստաթղթերի ժողովածու) ապացուցում են, որ Արևմտյան Հայաստանում և Օսմանյան կայսրության հայաբնակ վայրերում Առաջին աշխարհամարտի (1914–18 թթ.) ժամանակ կատարվել է Հայոց ցեղասպանություն։

Յոհաննես Լեփսիուսը երկար տարիներ զբաղվել է Հայկական հարցով։ 1896 թ-ի գարնանը՝ աբդուլհամիդյան կոտորածների ժամանակ, Գերմանիայի հասարակական գործիչ, հայազգի Ջեյմս Գրինֆիլդի հետ շրջել է Փոքր Ասիայում՝ ականատեսների վկայություններ հավաքելու և հայերին հնարավոր օգնություն ցույց տալու նպատակով։ Նույն թվականի օգոստոսից Լեփսիուսը գերմանական մամուլում հրապարակել է «Ճշմարտությունը Հայաստանի մասին» հոդվածաշարը (18 հոդված), որը դարձել է «Հայաստանը և Եվրոպան...» (1896 թ.) աշխատության հիմքը։ Վերջինս 2 տարում հրատարակվել է 7 անգամ և թարգմանվել անգլերեն ու ֆրանսերեն։ Լեփսիուսը մասնակցել է հայերի սպանդի դեմ բողոքի ցույցերի կազմակերպմանը, իր ելույթներում ընդգծել, որ այդ հանցագործությունը կատարել է թուրքական կառավարությունը՝ սուլթանի գլխավորությամբ։ Սակայն նրա հայապաշտպան գործունեությունը հանդիպել է Թուրքիայի հետ մերձեցման ձգտող Գերմանիայի պաշտոնական շրջանակների հակազդեցությանը։

XIX դարի վերջին Լեփսիուսը միջոցներ է հավաքել Փոքր Ասիայի հայ բնակչության և տարբեր երկրներում ապաստանած հայ փախստականների համար որբանոցներ, դպրոցներ, հիվանդանոցներ, արդյունաբերական ձեռնարկություններ կառուցելու համար։ Արևմտահայերին օգնելու նպատակով 1914 թ-ի հունիսին նրա նախաձեռնությամբ ստեղծվել է «Գերմանա-հայկական ընկերություն» հասարակական կազմակերպությունը, որի նախագահն էր մինչև մահը։ Առաջին աշխարհամարտի նախօրեին եվրոպական երկրներում գործունեություն է ծավալել Արևմտյան Հայաստանում բարենորոգումներ կատարելու համար, համագործակցել է Կոստանդնուպոլսի հայերի, Պողոս Նուբարի (Պողոս փաշա Նուբարյան) հետ։

1915 թ.-ի հուլիսին` հայերի շարունակվող տեղահանության և կոտորածների շրջանում, Լեփսիուսը հանդիպել է երիտթուրքական եռապետության պարագլուխներից և Հայոց ցեղասպանության գլխավոր հանցագործներից Էնվերին, պահանջել դադարեցնել ոճրագործությունը, սակայն ապարդյուն։ 1915 թ-ի սեպտեմբերին շվեյցարական թերթում հրապարակել է «Մի ամբողջ ժողովրդի ոչնչացումը» հոդվածը՝ սկզբնավորելով հայապաշտպան մեծ արշավը։ 1916 թ-ին հրատարակել է «Տեղեկագիր հայ ժողովրդի կացության մասին Թուրքիայում» երկը, որը բաժանել է Գերմանիայի քաղաքական և եկեղեցական գործիչներին։ 1919 թ-ին այդ գիրքը վերահրատարակել է լրացումներով՝ «Հայ ժողովրդի մահը» վերնագրով (հայերեն՝ «Հայաստանի ջարդերը», 1919 թ.)։

«Տեղեկագիրը...» հրատարակելուց հետո Լեփսիուսը տարագրվել է չեզոք երկիր՝ Հոլանդիա, որտեղ շարունակել է հայանպաստ գործունեությունը, կապեր հաստատել հայկական շրջանակների, գրագրություն՝ անգլիացի պետական գործիչ Ջեյմս Բրայսի հետ։ Մշակել է ի պաշտպանություն հայերի ստեղծվելիք միջազգային լիգայի մանրամասն ծրագիրը։

Առաջին աշխարհամարտից հետո Լեփսիուսը հրապարակել է բազմաթիվ կարևոր փաստաթղթեր Հայաստանի վերաբերյալ («Գերմանիան և Հայաստանը 1914–18 թթ-ին», 1919 թ.)։ Այդ ժողովածուն Ավետիք Իսահակյանի միջոցով ուղարկել է Վերսալյան հաշտության խորհրդաժողովին մասնակցող հայկական պատվիրակությանը։ Ժողովածուում ընդգրկված նյութերը՝ Գերմանիայի և Թուրքիայի դեսպանների, հյուպատոսների և պաշտոնական այլ անձանց գաղտնի զեկուցագրերը, ականատեսների վկայությունները, հաստատում են, որ երիտթուրքերի կազմակերպած հայերի տեղահանությունն ու կոտորածները նպատակ ունեին ոչնչացնելու հայ ժողովրդին, և այդ հանցագործության մեջ մեղքի իր բաժինն ունի նաև Գերմանիան։

1921 թ.-ին Բեռլինում Սողոմոն Թեհլերյանի դատավարության ժամանակ հանդես է եկել որպես վկա և մերկացրել երիտթուրք ոճրագործ Թալեաթ փաշային։ Շարունակել է նյութական օգնություն ցույց տալ հայ որբերին ու փախստականներին, Խորհրդային Հայաստան է ուղարկել Գերմանա-հայկական ընկերության հայթայթած դեղորայքը։

Հղումներ[խմբագրել]

Այս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարան «Լեփսիուս Յոհաննես» հոդվածիից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png