Յոթն աղբյուր (բնակատեղի)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Յոթն աղբյուր բնակատեղին, Ազատ քաղաքից դեպի հարավ-արևելք, Նորատուս տանող ճանապարհի ձախ կողմի սարահարթում փռված է միջնադարյան լայնանիստ, ավերակ մի հնավայր, որին տեղացիները «Յոթն աղբյուր» անունն են տալիս կամ «Աբլլու» կամ էլ «Ասլան-Ղափլան»։ Վերջին անունը կապված է այդ ավերակներից ոչ հեռու գտնվող քարե մահարձանի գազանակերպ գծագրության հետ, որոնք հիշեցնում են առյուծի ու վագրի պատկերներ։

Այդ բնակատեղին մինչև այժմ դիտվել է, ինչպես Ազատ քաղաքը, իբրև սոսկ միջնադարյան մի ավերակ գյուղ, սակայն հետազոտությունները ցույց տվեցին, որ այս գյուղի տակ գտնվում է հնագույն ամրոց-շեն։ Կիկլոպյան միջնաբերդը գտնվում է սարահարթի հյուսիս-արևմտյան վերջավորության վրա, ունենալով անկանոն 350 մետր երկարություն ունեցող պարիսպ, որը ընդգրկում է 3/4 հեկտար տարածություն։

Միջնաբերդը բոլոր կողմերից շրջապատված է կցարաններով, որտեղ պարզ երևում են ծայրամասերի բնակարանների արտաքին պատերի միացումները, որոնցով ամբողջ բնակավայր ստացել է մի ուրույն պարսպապատում։

Սարահարթը, որի վրա կառուցված է միջնաբերդը, երեք՝ արևմտյան, հյուսիսային և արևելյան կողմերով դժվարամատչելի է, ունի խիստ թեք լանջեր, որոնք շրջապատից բարձր են 250-30 մետր, իսկ հարավային ու հարավարևելյան կողմերով լանջերն աստիճանաբար իջնում են և միաձուլվում դաշտի ընդհանուր մակերևույթին։

Միջնաբերդն ունի մուտք՝ դարձված դեպի հյուսիս, որտեղից ճանապարհը դուրս գալով թեքվում է դեպի արևմուտք և ապա հարավ ու կորչում բնակավայրում։ Միջնաբերդն ունեցել է երեք աշտարակ, որոնցից երկուսը գտնվում են պարսպի արևելյան հատվածում, իսկ մեկը՝ արևմտյան։ Նրանք ունեցել են 5x5 մետր հարթակ, սակայն նրանց բարձրության մասին դժվար է որևէ բան կռահել։ Միջնաբերդից դեպի հյուսիս և հյուսիս-արևելք, լճի մակարդակն իջնելուց հետո, հարթության վրա երևում են հնագույն կացարանների հետքեր, իսկ այդ ավերակներից այն կողմ նշմարվում են մի քանի, բավականին խոշոր դամբարաններ։

Այս ամրոց-շենում ջրի մատակարարման հարցը, ըստ երևույթին, լուծված է եղել։ Ջուրը վերցրել են «Յոթն աղբյուրից», որոնք գոյություն ունեին մի քանի տասնյակ տարի առաջ։ Այժմ աղբյուրները ցամաք են հավանորեն լճի իջեցման պատճառով։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]