Յոթերորդ կնիքը
| Յոթերորդ կնիքը Det Sjunde Inseglet |
|
Կյանքի իմաստի, անհայտ բաների և այլ հարցերի որոնումներ, որոնց պատասխանն այդպես էլ չի գտնվի |
|
| Ժանր | առակ, դրամա |
|---|---|
| Երկիր | |
| Թվական | 1957 |
| Պրեմիերա | 1957, փետրվարի 16, Շվեդիա |
| Լեզու | շվեդերեն |
| Ռեժիսոր | Ինգմար Բերգման |
| Պրոդյուսեր | Ալլան Էքելունդ |
| Սցենարիստ(ներ) | Ինգմար Բերգման |
| Դերակատարներ | Մաքս ֆոն Սյուդով, Հուննար Բյուրնսթրանդ, Բիբի Անդերսոն |
| Օպերատոր | Հուննար Ֆիշեր |
| Երաժշտություն | Էրիկ Նորդգրեն |
| Մոնտաժ | Լենարթ Վալլեն |
| Կարդում են | Բենգթ Էքերութ |
| Ընկերություն | Svensk Filmindustri (SF) |
| Տևողություն | 96 րոպե |
| Բյուջե | 150.000 |
| Նախորդ | Ամառային գիշերվա ժպիտը |
| Հաջորդ | Մորու բացատը |
| IMDb | ID 0050976 |
«Յոթերորդ կնիքը» (շվեդ.՝ Det Sjunde Inseglet), Շվեդական գեղարվեստական ֆիլմ, նկարահանված հայտնի շվեդ ռեժիսոր՝ Ինգմար Բերգմանի կողմից, 1957 թվականին: Ֆիլմի առաջին պրեմիերան, տեղի է ունեցել 1957 թվականի փետրվարի 16-ին, Շվեդիայում: Բերգմանի ճանաչված գործերից մեկն է: Արված է՝ «փիլիսոփայական առակ» ժանրով:
Բովանդակություն |
Սյուժե [խմբագրել]
Ֆիլմի գործողությունը ծավալվում է 14-րդ դարում: Ասպետ՝ Անտոնիուս Բլոկն, իր զինակից Յոնսի հետ, վերադառնում են դեպի հայրենի Շվեդիա, Խաչակրաց արշավանքից, տաս տարվա բացակայությունից հետո:
Դատարկ ծովափում, ասպետին այցելում է մահը, սև հագուստ հագած, տղամարդու կերպարանքով: Նա եկել է, որպեսզի իր հետ ընդմիշտ տանի ասպետին: Սակայն Անտոնիուսն առաջարկում է մահին, իր հետ շախմատ խաղալ, քանի որ լսել է, որ նա շախմատի վարպետ է: Հաղթանակի դեպքում, մահը կտանի Անտոնիուսին իր հետ, իսկ պարտության դեպքում, բաց կթողնի: Մահն ու ասպետը քիչ խաղալուց հետո, դադար էին տալիս, ինչից հետո մահը հեռանում էր գործերով, իսկ հետագա տեսարաններում, նորից վերադառնում, որպեսզի խաղը շարունակվի: Դադարների ժամանակ, Անտոնիուսն ու Յոնսը շարունակում են իրենց հեռավոր ճանապարհը:
Հետո ի հայտ է գալիս, թափառող դերսանների մի խումբ՝ Յուֆը, Միան, իրենց նորածին որդու հետ, և իրենց դերասան ընկերը: Յուֆը կարող է այնպիսի տեսիլքներ տեսնել, որոնք ոչ ոք չի տեսնում, օրինակ՝ քայլող Մարիամ Աստվածածնին, իր սուրբ որդու՝ Հիսուսի հետ: Սակայն, երբ նա պատմում է դրա մասին մյուսներին, բոլորը կարծում են թե դերասանը կատակում է: Թափառող դերասանները ճանապարհորդում են և ներկայացումներ տալիս, երկրի փողոցներում:
Յոնսը մի նկարչի է այցելում, որը պատմում է իրեն, տարածաշրջաններում տիրող ահավոր հիվանդության՝ ժանտախտի մասին: Հիվանդությունը լիքը մարկանց կյանքեր է խլում և շարունակում է առաջ շարժվել երկրներով, իսկ ժողովուրդները մտածում են, թե դա Աստվածն է պատժում մարկությանը և շուտով աշխարհի վերջն է գալու:
Անտոնիուս Բլոկը եկեղեցի է մտնում, որտեղ ուզում է խոստովանվել քահանային: Պատի ետևից նա պատմում է հոգևորականին, իր և մահի միջև ընթացող շախմատի խաղի մասին: Նա ասում է, որ ամբողջ կյանքը ընկած է եղել որոնումների մեջ, երազել է ձեռք բերել գիտություններ, անհայտ բաների մասին, ուզեցել է գտնել Աստծոն և մի սխրանք գործել: Նա պատմում է իր մտահաղացման մասին, թե ինչ քայլերով կկարողանա հաղթել մահին, սակայն նկատում է, որ հոգևորականի կերպարանքով, կանգնած է հենց մահը: Հիմա նա գիտի, Անտոնիուսի խորամանկության մասին:
Յոնսը փրկում է մի համր աղջնակին, որին ուզում էր բռնաբարել մի կողոպտիչ: Յոնսը ճանաչում է ավազակին: Տաս տարի առաջ, վերջինս եկեղեցական ծառայող էր, որը ներշնչել էր իր տիրոջն՝ Անտոնիսուս Բլոկին, որ նա Խաչակրած արշավանք մեկնի: Յոնսը զգուշացնում է նրան, որ այլևս իր աչքին չընկնի, և իր հետ վերցնում համր աղջկան:
Անտոնիուսը, Յոնսն ու աղջիկը շարունակում են իրենց ճամփան: Նրանք տեսնում են այն երեք դերասանների ներկայացումը, որի ժամանակ հրապարակ են մտնում խելահեղ մարդիկ: Վերջիններս մեծ խմբերով քայլում են, մեծ խաչեր քաշ տալով, տանջելով ինքն իրենց, և բոլորին գոչում, որ Աստված պատժում է ժանտախտի օգնությամբ մարկանց ու շուտով աշխարհի վերջն է գալու: Նրանք կոչ են անում բոլորին մեղանչել ու քարոզում են Աստծո պատիժը, քննադատելով ամեն անցորդին:
Դրանից հետո, դերասան Յուֆը, ճաշում է մի պանդոկում, որտեղ նրա վրա հարձակվում է այն նույն ավազակը, որն ուզում էր վնասել համր աղջկան: Այդ պահին մտնում է Յոնսը, որը տեսնելով ավազակին, և իր արարքը, դանակով սպի է թողնում իր դեմքին ու փրկում է Յուֆին:
Անտոնիուսը մտերմանում է Յուֆի կնոջ՝ Միայի, և իրենց փոքր որդու հետ: Հետո ասպետն իմանում է, որ դերասանները որոշել են մայրաքաղաք գնալ, մասնակցելու տոնին: Նա զգուշացնում է Յուֆին, որ մայրաքաղաքի ճանապարհին ժանտախտ է տիրում և զգուշանալու համար, ավելի լավ է դերասանների ընտանիքը իր հետ, իր դղյակ մեկնեն: Դերասանները համաձայնվում են:
Անտոնիուսը շարունակում է շախմատի խաղը մահի հետ: Խոսակցության ժամանակ, նա հասկանում է, որ մահը մտադիր է պարտության դեպքում, իր հետ տանել նաև ասպետի ընկերներին:
Նրանց է մյանում, նաև տեղի դարբին՝ Փլուգը, որի կինը՝ Լիսան, փախչել է դերասանների խմբի, երրորդ դերասանի հետ:
Անտոնիուսը, Յոնսը, համր աղիկը, Փլուգը և երկու դերասանները, իրենց որսու հետ, ճամփա են ընկնում: Ճանապարհին նրանց է մյանում դարբին Փլուգի փախած կինը, որը զղջում է իր արարքի համար: Երրորդ դերասանն էլ, դրամատիկ ձևով, կեղծ ինքնասպան է լինում, որպեսզի խղճահարություն առաջացնի բոլորի մոտ: Բոլորի գնալուց հետո, նա գիշերելու համար, ծառի վրա է բարձրանում: Հանկարծ գալիս է մահը, որը տեղեկացնելով դերասանին իր կյանի ավարտի մասին, կտրում է ծառը և այդպսիով սպանում նրան:
Ճանապարհին ընկերները հանդիպում են զինվորականների մի խմբի, որոնք պատրաստվում են խարույկի վրա այրեն, մի վհուկի, որն իբր թե շփվում էր սատանայի հետ: Անտոնիուսը մոտենում է վհուկին և հարցուփորձ անում նրան սատանայի մասին: Նա խնդրում է այնպես անել, որ ինքն էլ տեսնի սատանային, որպեսզի հարցնի վրջինիս Աստծո մասին: Վհուկի խոսքերից բան դուրս չի գալիս, և Անտոնիուսը չի հանդիպում սատանային: Փոխարենը նա նկատում է, որ զինվորականների խմբում, հոգևորականի կերպարանքով կանգնած է մահը:
Մութ, լուռ ու վախենալու անտառում, ճանապարհորդները որոշում են գիշերել: Շախմատի խաղը շարունակվում է: Անտոնիուսը պարտվում է մահին: Այդ ժամանակ, նրանց խաղը նկատում է Յուֆը, որը միակն է, ով կարող է չտեսնված բաներ տեսնել: Անտոնիուսը մի պահ զբաղացնում ու շեղում է մահին, այդպիսով հնարավորություն տալով դերասանների փախչել: Դա էլ դառնում է նրա երազած սխրանքը: Նա փրկում է երիտասարդ կյանը, զոհաբերելով իրեն: Յուֆը, Միան և իրենց որդին փախչում են, իսկ մահը խոստանում է, որ հաջորդ հանդիպման ժամանակ, իր հետ կտանի Անտոնիուսին և նրա ընկերներին:
Ասպետն ու իր մնացած ուղեկցողները, հասնում են իր պալատ, որտեղ նրանց դիմավորում է Անտոնիուսի կինը՝ Կարինը: Առավոտյան նա Նոր Կտակարանից, բոլորի մոտ, կարդում է Հայտնություն Հովհաննեսի (գլուխ 8) գիրքը: Այդ պահին ներս է մտնում մահը, և իր հետ տանում՝ Անտոնիուսին, Յոնսին, Կարինին, համր աղջկան, դարբինին, իր կնոջ հետ:
Յուֆը տեսնում է թե ինչպես է նրանց բոլորին, մահվան պարի մեջ, սարի վրայով, տանում արևածագից՝ մահը: Նա ասում է դրա մասին Միային, սակայն վերջինս լուրջ չի ընդունում դա, և նրանք շարունակում են ճանապարհը:
Դերակատարներ [խմբագրել]
| Դերակատար | Դեր |
|---|---|
| Մաքս ֆոն Սյուդով | Անտոնիուս Բլոկ |
| Գուննար Բյորնսթրանդ | Յոնս |
| Բենգթ Էքերութ | մահ, պատմող |
| Նիլս Փուփփե | Յուֆ |
| Բիբի Անդերսոն | Միա |
| Գուննել Լինդբլյում | համր աղջնակ |
| Օքե Ֆրիդելլ | Փլուգ |
| Ինգա Յիլ | Լիսա |
| Բերթիլ Անդենբերգ | Ռավել |
| Ինգա Լանդգրե | Կարին |
Մրցանակներ և անվանակարգեր [խմբագրել]
Մրցանակներ [խմբագրել]
- 1957 թվական.
-
- Ժյուրիի հատուկ մրցանակ
- «Ոսկե արմավենու ճյուղ» մրցանակի թեկնածու
- 1961 թվական.
Իտալական Կինոլրագրողների Ազգային Սինդիկատի՝ «Արծաթե ժապավեն» մրցանակ, լավագույն ռեժիսորին (Ինգմար Բերգման)
- 1962 թվական.
-
- Circulo de Escritores Cinematográficos (Իսպանիա) մրցանակներ, լավագույն օտարերկրյա ռեժիսորի և լավագույն օտարերկրյա ֆիլմի համար
- Fotogramas de Plata (Իսպանիա) մրցանակ, լավագույն օտարերկրյա դերակատարի համար (Մաքս ֆոն Սյուդով)
- Sant Jordi (Իսպանիա) մրցանակ, լավագույն օտարերկրյա ռեժիսորի և լավագույն օտաերկրյա ֆիլմի համար
Անվանակարգեր [խմբագրել]
- 250 լավագույն ֆիլմեր IMDb-ի վարկածով ցուցակում, գրավում է 118-րդ տեղը
Վերլուծություն [խմբագրել]
«Յոթերորդ կնիքը» ֆիլմը, պարունակում է իր մեջ սիմվոլիզմի շատ մասնիկներ: Թեթևամիտ սյուժեի ետևում, առկա է խորը իմաստ և գաղափար: Ֆիլմի ռեժիսորն՝ Ինգմար Բերգմանն, իր ստեղծած տարբեր կերպարներով, արտահայտում է տարբեր մարդկային բնավորություններ, հատկանիշներ և այլն...
Անտոնիուս Բլոկի կերպարը, մի խորամիտ ասպետի կերպար է, որը տաս տարի դեգերում էր Խաչակրաց արշավանքներում և հիմա հոգնել է ամեն տեսակ պայքարներից և ընդհանրապես, բուռն կյանքից: Նա ուզում է անկեղծ ճանաչել Աստծոն, ձեռք բերել այնպիսի գիտություններ, որոնք անհայտ են մարդկությանը և վերջապես մի արժանի արարք գործել: Իր սեփական կյանքից, նա արդեն դատարկություն է զգում և ձանձրալի է ինքն իրեն: Դրա համար կարելի է նույնիսկ նշել, որ մահը ինչ որ հետաքրքրություն է առաջացնում ասպետի կյանքում: Շախմատի խաղի ժամանակ, Անտոնիսուսն ավելի իմաստուն է դառնում և սովորում է գնահատել կյանքը: Վերջում նրան հաջողվում է գործել իր երազած բարի արարքը, երբ նա փրկում է դերասանների ընտանիքը, զոհաբերելով իրեն:
Զինակից Յոնսը, նույնպես մի հետաքրքիր մարդկային տեսակ է: Նա ի տարբերություն իր տիրոջը, կտրականապես հրաժարվում է հավատալ սուրբ հոգուն և շարունակական կյանքին: Պատերազմի ժամանակ, նրա մեջ ձևավորվել էր այդ միտքը, որ նա նույնիսկ չի էլ ուզում գիտակցել, վերին ուժի մասին: Դժվար պահերին, օրինակ՝ վհուկի այրման ժամանակ, նա միշտ հուսադրում է ինքն իրեն, որ չկա ոչ դրախտ ոչ դժոխք, ուստի այստեղից էլ կարելի է եզրակացնել, որ Յոնսը նույնպես տանջվում է՝ «կա՞ Աստված, թե ոչ» մտքից: Բնականաբար նա նաև վախենում է մահից, քանի որ չգիտի թե ուր կհայտնվի հետո: Դրա համար էլ միշտ հուսադրում է իրեն, որ մահից հետո գալիս է սև դատարկությունը: Զինակիցը փորձում է հավատալ միայն իրականությանը: Երբ մահը գալիս է հերոսների ետևից, Յոնսը միևնույն է սկսում է մխիթարել ինքն իրեն, որ արտասովոր բան գոյություն չունի և ասում է, որ երբեք չի իջեցնի գլուխը մահվան առջև:
Թողնելով մնացած կերպարներին, որոնք նույնպես խորհրդանշում են կյանքի առանձնահատուկ կողմերը, հարկավոր է նշել նաև դերասանների ընտանիը՝ Յուֆին, Միային և իրենց նորածին որդուն՝ Միքայելին: Յուֆը կարող է հեքիաթային տեսիլքներ տեսնել և այնպիսի բաներ, որ ոչ ոք չի տեսնում: Երբ նա պատմում է դրա մասին մյուսներին, ոչ ոք չի հավատում: Այդպես էլ լինում է իրական կյանքում, երբ մարդուն չեն հավատում, սակայն նա իրավացի է: Բերգմանը ակնհայտորեն ակնարկում է հանդիսատեսին, որ նրանք խորհրդանշում են սուրբ ընտանիքը՝ Հովսեփին, Մարիամ Աստվածածնին և Հիսուսին: Նրանք փախչում են մահից և փրկվում են, ինչպես և փախչում էր սուրբ ընտանիքը, դեպի Եգիպտոս: Այդպիսով, նրանք միակ հույսն են դառնում հանդիսատեսի համար, երբ շարունակում են իրենց ճանապարհը:
Ֆիլմի գլխավոր իմաստն, արտահայտվում է կյանքի և մահվան փնտրտուքների մեջ: Բերգմանն ուզում է նշել, որ ինչքան էլ մարդ չընկնի կյանքի իմաստի որոնումների մեջ, նա միևնույն է չի հասնի հաջողության: Հարցեր, որոնց պատասխանը չկա, ինչպես ասում է մահն ասպետին: Մարդ պետք է ապրի, ապրի ճիշտ կանոններով և պարզապես վայելի աշխարհը, ինչպես անում և չէին անում ֆիլմի հերոսները:
Հետաքրքիր փաստեր [խմբագրել]
- «Յոթերորդ կնիքը» ֆիլմի անվանումը, վերցված է Հայտնություն Հովհաննեսի՝ 8-րդ գլխի մեջբերումից:
- Ինգմար Բերգմանի հիսունից ավելի նկարահանված ֆիլմերից, սա նրա սեփական, ամենասիրված ֆիլմերից է:
- Այս ֆիլմի ստեղծման ոգեշնչման աղբյուրը, կարելի է ասել, հանդիսացել են Ճապոնացի նշանավոր ռեժիսոր՝ Ակիրա Կուրոսավայի ֆիլմերը, որոնց վառ երկրպագուն էր Բերգմանը:
- Շախմատի քարերը, որոնք օգտագործվել էին ֆիլմի մեջ, վաճառվեցին 2009 թվականին, հանգուցյալ Բերգմանի գույքի հետ, 1 մլն շվեդական կրոնով (մոտ 145.000 $ ԱՄՆ-ում, այն ժամանակվա տարադրամով):
- Մաքս ֆոն Սյուդովի կերպարը ֆիլմում, կրում է՝ Անտոնիուս Բլոկ անունը: Չնայած որ նա գլխավոր հերոսն է, բայց նրա անունը ամբողջ ընթացքում, օգտագործվում է միայն երկու անգամ:
- Հուննել Լինդբլյումի կողմից մարմնավորած համր աղջկա կերպարի անունն, այդպես էլ չի հնչեցվում ֆիլմում: Նա չի հանում ոչ մի ձայն մինչև ֆիլմի նախավերջին տեսարանը, որտեղ մահը տանում է իր հետ հերոսներին, և աղջիկն ասում է՝ «իրականացա՛վ»:
- Վհուկի այրման տեսարանում, այն պահին, երբ տեսախցիկը ցույց է տալիս զինվորականների դեմքերը՝ փայտ ջարդելուց, ետևի պլանում կարելի է մի բարձրահարկ շենք նկատել:
- Վերջին տեսարանը, մահվան պարի հետ, մաքուր իմպրովիզ էր: Դերասաններն արդեն խաղացել էին ամբողջ ավարտական տեսարանը, երբ հանկարծ Բերգմանը նկատեց երկնքում, մի անսովոր տեսք ունեցող ամպ: Նա պահանջեց դերասաններից, որ նրանք դարձյալ հագնվեն և մեկ անգամ էլ նկարահանեց վերջին դրվագը:
Անվանումն այլ լեզուներով [խմբագրել]
- Շվեդերեն — Det Sjunde Inseglet
- Անգլերեն — The Seventh Seal
- Ռուսերեն — Седьмая печать
- Գերմաներեն — Das siebente Siegel
- Էսպերանտո — La sepa sigelo
- Իսպաներեն — El séptimo sello
- Ֆրանսերեն — Le Septième Sceau
- Իտալերեն — Il settimo sigillo
- Հոլանդերեն — Het zevende zegel
- Լեհերեն — Siódma pieczęć
Արտաքին հղումներ [խմբագրել]
- «Յոթերորդ կնիքը»(անգ.) ֆիլմը Internet Movie Database կայքում:

- «Յոթերորդ կնիքը»(անգ.) ֆիլմը «AllRovi» կայքում:

- «Յոթերորդ կնիքը»(ռուս.) ֆիլմը «KinoPoisk» կայքում:

|
|||||||||||||