Յան Ամոս Կոմենսկի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Յան Ամոս Կոմենսկի (Komensky, Comenius) (մարտի 28, 1592, Նիվնիցե, Հարավային Մորավիա - նոյեմբերի 15, 1670, Ամստերդամ), չեխ մանկավարժ-հումանիստ, հասարակական գործիչ։

Կենսագրություն[խմբագրել]

Տարրական կրթությունն ստացել է եղբայրական, ապա՝ լատիներեն (1608-1610) դպրոցներում, այնուհետև՝ Հերբորնի ակադեմիայում և Հայդեչբերգի համալսարանում, որտեղ ձեռնամուխ է եղել «Իրերի հանդես» (1614-1627) յուրօրինակ հանրագիտարանի և «Չեխերեն լեզվի գանձարան» (1612-1656) բառարանի ստեղծմանը։ 1618-1621 թթ ապրել է Ֆուլնեկում։ Կաթոլիկների կողմից հալածանքի ենթարկվելով՝ 1627 թ-ին տեղափոխվել է Լեհաստան (Լեշնո), որտեղ ավարտել է «Դիդակտիկա»-ի չեխերեն տարբերակը (1632), այնուհետև վերամշակել ու թարգմանել է լատիներենի և անվանել «Մեծ դիդակտիկա» (1633-1638)։ Կազմել է «Լեզուների և բոլոր գիտությունների բաց դուռ» (1631), «Աստղաբաշխություն» (1632), «Ֆիզիկա» (1633) դասագրքերը, գրել ընտանեկան դաստիարակության մասին պատմության մեջ առաջին՝ «Մայրական դպրոց» (1632) ուղեցույցը։

Գործունեություն[խմբագրել]

Կոմենսկին զբաղվել է պանսոֆիական գաղափարների (ուսուցում բոլորը բոլորին) ուսումնասիրմամբ։ 1650 թ-ին հրավիրվել է Հունգարիա՝ դպրոցներ կազմակերպելու. այստեղ ավարտել է «Զննական աշխարհ նկարներով» (1658) առաջին պատկերազարդ դասագիրքը։ Տեղափոխվելով Ամստերդամ՝ ավարտել է «Համընդհանուր խորհուրդ մարդկանց գործերի կարգավորման» ծավալուն աշխատությունը (առաջին երկու մասերը հրատարակվել են 1562 թ-ին, ամբողջությամբ աշխատությունը հրատարակվել է 1966 թ-ին, Պրահայում

Կոմենսկին ընդունել է իմացության 3 սկզբնաղբյուր՝ զգայություն, բանականություն, հավատ։ Աշխարհաճանաչողության և ուսուցման ընթացքում առաջնակարգ նշանակություն է տվել զգայական ընկալումներին և զննականությանը։ Դաստիարակության հիմքում, ըստ Կոմենսկիի, ընկած է բնահարմարության սկզբունքը։ Քանի որ մարդը բնության մի մասնիկն է, նա պետք է ենթարկվի բնության ընդհանուր օրենքներին, և մանկավարժական բոլոր միջոցները պետք է լինեն բնականին համապատասխան։ Ուսուցման մեջ կարևորել է հաջորդականության, համակարգայնության և մատչելիության սկզբունքը։ Պայքարել է սխոլաստիկ կրթության դեմ, մերժել ուսուցման տառահեգական մեթոդը, շարադրել հնչյունային մեթոդը։ Առաջարկել է ուսուցման դասարանային համակարգը։ Մշակել է միասնական դպրոցական համակարգը, մայրական դպրոց (մինչև 6 տարեկան՝ դաստիարակություն ընտանիքում, մոր ղեկավարությամբ), 6-12 տարեկանների մայրենի լեզվի դպրոց, 12-18 տարեկան առավել ընդունակների համար՝ լատինական դպրոց կամ գիմնազիա։

Յուրաքանչյուր պետություն պետք է ունենա ակադեմիա՝ բարձրագույն դպրոց (18-24 տարեկան երիտասարդների համար)։ Կոմենսկիի տեսությունը դրական ազդեցություն է ունեցել 19-րդ դարի հայ մանկավարժական մտքի զարգացման վրա։ Մամուլում տպագրվել են բազմաթիվ հոդվածներ՝ նվիրված Կոմենսկիի գործունեությանը և աշխատություններին, թարգմանվել են «Մեծ դիդակտիկայի» առանձին հատվածներ, այն ամբողջապես առաջին անգամ թարգմանվել է 1962 թ-ին։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png