Մարգարետ Թետչեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Մ. Թետչերից)
Մարգարետ Թետչեր
Margaret Thatcher
Մարգարետ Թետչեր
Մեծ Բրիտանիայի վարչապետ
4 Մայիս 1979 - 28 Նոյեմբեր 1990
Նախորդող Ջեյմ Կալագեն
Հաջորդող Ջոն Մեյջոր
 
Ծննդյան օր 13 Հոկտեմբեր 1925
Ծննդավայր Գրենթեմ, Լինքոլնշիր,
Մեծ Բրիտանիա
Վախճանի օր 08 Ապրիլ 2013
Վախճանի վայր Լոնդոն
Միացյալ Թագավորություն
Ամուսին Դենի Թետչեր
Զավակներ Կարոլ Թետչեր
Մարկ Թետչեր

Մարգարետ Թետչեր (անգլ.՝ Margaret Hilda Thatcher; 1925թ. հոկտեմբերի 13, Գրենթեմ, Լինքոլնշիր, Անգլիա - 2013թ. ապրիլի 8), Մեծ Բրիտանիայի վարչապետ 1979-1990 թթ., պահպանողական կուսակցության առաջնորդ 1975-90 թթ., բարոնուհի (1992)։ Հայտնի է որպես «երկաթյա տիկին» (iron lady)։ Առաջին և դեռևս միակ կինը, որն զբաղեցրել է Մեծ Բրիտանիայի վարչապետի պաշտոնը։

1950 թ. Թետչերն ավարտել է Օքսֆորդի համալսարանի բնագիտության ֆակուլտետը։ Եղել է Օքսֆորդի համալսարանի պահպանողական կուսակցության ասոցիացիայի առաջին կին նախագահը։ 1951 թ. ամուսնացել է ձեռնարկատեր Դենիս Թետչերի հետ։ 1954 թ. ստացել է փաստաբանի վկայական։ 1959 թ. ընտրվել է Համայնքների պալատի պատգամավոր։ 1961-1964 թթ. եղել է սոցիալական ապահովության նախարար։

1970-1974 թթ. Մարգարետ Թեթչերը եղել է կրթության և գիտության նախարար Էդվարդ Հիթի կառավարությունում։ 1975 թ. փետրվարին ընտրվել է Պահպանողական կուսակցության առաջնորդ։

Թետչերի ներքին քաղաքականությունը. «թետչերիզմ»[խմբագրել]

Թետչերի իշխանության տարիներին իրականացվող սոցիալ-տնտեսական քաղաքականությունը հետագայում կոչվեց «թետչերիզմ»։ «Թետչերիզմը» և նեոպահպանողականության հիմքը «մոնետարիստական» տեսությունն էր, որի հեղինակը Չիկագոյի մոնետարիստական տնտեսական դպրոցի ներկայացուցիչ ամերիկյան տնտեսագետ Միլթոն Ֆրիդմանն էր։ Այդ տեսության և «թետչերիզմի» հիմնական դրույթները հետևյալն են՝

  1. Տնտեսության պետական կարգավորման նվազեցում.
  2. Անեկամտաբեր ձեռնարկությունների բյուջետային ֆինանսավորումից հրաժարում.
  3. Սղաճի դեմ պայքարը՝ պետության տնտեսական քաղաքականության հիմնական ուղղություն.
  4. Տնտեսության պետական հատվածի մասնավորեցում
  5. Մասնավոր ձեռնարկությունների, շուկայական ձեռնարկատիրական գործունեության խրախուսում, տնտեսական համակարգի կայուն կենսագործունեության ապահովում.
  6. Սոցիալական ծրագրերի ֆինանսավորման կտրուկ կրճատում.
  7. Արհմիությունների իրավունքների սահմանափակում։

Թետչերի կառավարությանը բաժին է ընկնում բարդ խնդիրներ սոցիալական և տնտեսական քաղաքականության բնագավառներում։ Սկսած 1979 թ. կեսից տնտեսությունը զգալի անկում էր ապրում։ 1979 թ. Իրանում տապալվեց շահի վարչակարգը, և շուտով սկսվեց Իրան-Իրաք պատերազմը, որի հետևանքով երկու անգամ բարձրացավ նավթի գինը։ Անգլիայում արդյունաբերության արտադրության ընդհանուր անկումը կազմեց 12%։ Ճգնաժամն ուղեկցվում էր սղաճի և գործազրկության կտրուկ աճով։ Թետչերի կառավարությունը ձեռնամուխ եղավ կառուցվածքային տնտեսական բարեփոխումների անցկացմանը։ Պետությունը հրաժարվեց արդյունաբերական ձեռնարկություններին դոտացիաներ տալու քաղաքականությունից։ Բարեփոխման ենթարկվեց և հարկային համակարգը։ Իջեցվեց եկամտահարկը, իսկ ուղղակի հարկերը խոշոր եկամուտների վրա կրճատվեցին 3, 5 մլրդ. ֆունտ ստերլինգով, միևնույն ժամանակ բարձրացվեցին անուղղակի հարկերը։ 8%-ից մինչև 15% բարձրացվեց ավելացված արժեքի հարկը։ Բոլոր այդ միջոցառումները ուղեկցվում էին ակտիվ քարոզչական արշավով՝ ուղղված անձնական սպառման կրճատմանը։ Կառավարությունը կոչ էր անում «ապրել ըստ միջոցների»։ Թետչերը կտրուկ կրճատեց պետական ծախսերը կոմունալ և ճանապարհային տնտեսությունների վրա, մշակույթի և կրթության ոլորտներում։ Կրճատվեց պետական ապարատը։ Ապապետականացվեցին մի շարք պետական ձեռնարկություններ։ Այս քաղաքականության արդյունքում 1981-1982թթ. սղաճն նվազեց մինչև 4%, տնտեսության մեջ աճի միտումներ նկատվեցին, իսկ 1983 թ. սկսած նկատվեց արտադրության զգալի աճ։ Կտրուկ բարձրացան անգլիական խոշոր մենաշնորհների բաժնետոմսերի կուրսերը, զգալի աճ ունեցան մասնավոր ներդրումները։ Սակայն, մյուս կողմից, «ցնցումային թերապիան» ուներ նաև բացասական հետևանքներ՝ ձեռնարկությունների ապապետականացումը ուղեկցվում էր գործազրկության կտրուկ աճով։ Միայն 1980-1983 թ. ընթացքում գործազուրկների թիվը 2 մլն-ից հասավ մինչև 3 մլն մարդ։ Տեղի էին ունենում աշխատանքից զրկվող բանվորների հակակառավարական բողոքի ցույցեր, որոնք հաճախ ավարտվում էին ոստիկանության հետ բախումներով։ Կառավարությունն ընդունեց մի շարք օրենքներ, որոնք ուղղված էին արհմիությունների իրավունքների սահմանափակմանը և գործադուլների դեմ։

1984-87թթ. ապապետականացվեց արդյունաբերական հիմնարկների 1/3-ը, այդ թվում հեռուստահաղորդակցման ընկերություններ, պողպատաձուլման ձեռնարկություններ, գազի արդյունաբերությունը, էլեկտրաէներգետիկան։ Բացի ապապետականացումից, Թետչերի կառավարությունը կտրուկ կրճատեց ամեն տեսակի օգնությունը պետական հիմնարկներին (շուրջ 10 անգամ 1980-1987թթ. ընթացքում)։ Ընդհանուր պետական ներդրումների ծավալը կրճատվեց 50-ից մինչև 25%։ Դա հնարավորություն տվեց կայունացնել բյուջեն և թույլ չտալ տնտեսական վերելքի պայմաններում սղաճի մակարդակի բարձրացմանը։ Կառավարության քաղաքականությունն ուղղված էր միջին և մանր բիզնեսի զարգացմանը, ինչպես նաև անգլիական խոշոր մենաշնորհների զարգացմանը։ Արդյունքում, 1980-87թթ. ընթացքում սեփական գործ ունեցողների թիվը 1, 9-ից հասավ մինչև 3 մլն. մարդ։ Բացի այդ, ապապետականացումը թույլ տվեց բնակչության լայն զանգվածներին դառնալ բաժնետեր։ Թետչերի կառավարության գործողությունների հետևանքով Անգլիայի տնտեսությունը սկսեց վերելք ապրել՝ տարեկան աճը կազմում էր 3-4%։ Կրճատվեց գործազուրկների թիվը՝ 2, 6 մլն. 1979 թ. մինչև 1, 9 մլն. 1987թ։ Տնտեսական վերելքը ուղեկցվում էր անգլիացիների բարեկեցության բարձրացումով։ Բնակչության եկամուտները այդ տարիներին աճում էին տարեկան մոտ 5%-ով։

1987 թ. հունիսի 11-ի ընտրություններում պահպանողականները մեծ առավելությամբ հաղթում են՝ ստանալով 376 տեղ, լեյբորիստները ստացան 229 պատգամովարական տեղ։

1988-1989թթ. կառավարությունը շարունակում է իր կուրսը. ապապետականցվում են նոր ձեռնարկություններ, օդանավակայաններ, մունիցիպալ շենքեր։ Շարունակվեց նաև առողջապահության և կրթության ոլորտներում շուկայական հարաբերությունների հաստատման գործընթացը։ Սակայն 1989 թ. ներքին սոցիալ-քաղաքական դրությունը երկրում սրվում է։ Դրա պատճառն է դառնում Թետչերի կողմից ձեռնարկված «գլխահարկի» մասին օրենքի փոփոխությունը։ Եթե նախկինում «գլխահարկը» գանձում էին ամբողջ ընտանիքից՝ հաշվի առնելով նրա կազմը, եկամուտները, բնակարանի կամ տան արժեքը, ապա նոր օրենքով այդ հարկը սահմանվում էր բոլորի համար հավասարաչափ, ինչից տուժում էին բազմանդամ ընտանիքները, շահում էին միայնակ հարուստ բնակիչները։ Դա տեղիք տվեց բողոքի ցույցերի և հանրահավաքների, որոնց դեմ սկսեցին կիրառվել ոստիկանական ուժեր։ Այդ իրադարձությունները մեծ հարված հասցրին Թետչերի հեղինակությանը։ Բացի այդ, բարեփոխումների հետևանքով հասարակությունում աճեց խորը սոցիալական բևեռացումը՝ ընտանիքների մոտավորապես 20% ապրում էին աղքատության պայմաններում։ Անգլիական հասարակության զգալի մասը հոգնել էր Թետչերի քաղաքական ոճից, անհաշտությունից, ավտորիտարիզմից։ Հասկանալով, որ կուսակցությունը կանգնած է տրոհման եզրին, Թետչերը 1990 թ. աշնանը թողնում է պաշտոնը՝ կուսակցության առաջնորդի և վարչապետի դերը զիջելով Ջոն Մեյջորին։

Թետչերի արտաքին քաղաքականությունը[խմբագրել]

President Reagan and Prime Minister Margaret Thatcher at Camp David 1986.jpg

Թետչերի արտաքին քաղաքականության ռազմավարությունը նախատեսում էր Մեծ Բրիտանիայի՝ որպես մեծ տերության կարգավիճակ ունեցող երկրի վերականգնումը։ Աֆրիկայում բրիտանական կառավարությունը նպաստեց Հարավային Ռոդեզիայում սահմանադրական բարեփոխումների և ընդհանուր ընտրությունների անցկացմանը, որի արդյունքում 1980 թ. Հարավային Ռոդեզիայի փոխարեն առաջացավ նոր պետություն՝ Զիմբաբվեի Հանրապետությունը։ Միևնույն ժամանակ Թետչերը, առաջնորդվելով Հարավային Աֆրիկայում բրիտանական կապիտալի շահերով, դեմ հանդես եկավ, որպիսզի Հարավ-Աֆրիկյան Հանրապետության նկատմամբ պատժամիջոցներ կիրառվեն՝ չնայած նրան, որ այդ երկրում տիրում էր ապարտեիդի համակարգը։

1982թ. տեղի ունեցավ կարճատև պատերազմ Անգլիայի և Արգենտինայի միջև Ֆոլկլենդյան (Մալվինյան) կղզիների համար, որոնք 1833 թվականից անգլիացիների հսկողության տակ էին։ Պատերազմը սկսվեց 1982 թ. ապրիլի 2-ին, երբ արգենտինյան զորքերը ափ իջան և կալանավորեցին կղզիների նահանգապետին ու կայազորը։ Նույն օրը Անգլիան խզեց հարաբերությունները Արգենտինայի հետ և ուղարկեց կղզիներ 40 նավերից բաղկացած ռազմական նավատորմ։ Պատերազմը տևեց 10 շաբաթ՝ ավարտվելով անգլիացիների հաղթանակով։ Արգենտինացիները տվեցին 1300 զոհ, անգլիացիները՝ 250։

Ֆոլկլենդյան ճգնաժամը էապես ամրապնդեց անգլո-ամերիկյան դաշնակցային հարաբերությունները։ Երբ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում առաջ քաշվեց բանաձև, որով կողմերը պետք է կասեցնեին ռազմական գործողությունները և անցնեին բանակցությունների, Մեծ Բրիտանիան և ԱՄՆ վետո դրեցին այդ բանաձևի վրա։ ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի բարեկամական հարաբերությունները պայմանավորված էին նաև Թետչերի և Ռեյգանի անձնական ջերմ փոխհարաբերություններով։ Անգլիան պաշտպանում էր ԱՄՆ-ին բոլոր տարածքային կոնֆլիկտների հարցերում՝ Իրանի դեմ պայքարում, ինչպես նաև խորհրդային զորքերի դեմ՝ Աֆղանստանում։ Թետչերը պաշտպանեց մոսկովյան օլիմպիադայի բոյկոտը, կրճատեց տնտեսական և մշակութային համագործակցությունը ԽՍՀՄ-ի հետ։ 1986թ. Անգլիան աջակցեց ԱՄՆ-ին Լիբիայի դեմ գործողություններում՝ թույլ տալով ամերիկյան ինքնաթիռներին օգտագործել բրիտանական ռազմական օդանավակայանները։ Թետչերը ՆԱՏՕ-ի հզորության ամրապնդման համառ կողմնակից էր։ Նա միջուկային զենքը համարում էր խաղաղություն ամրապնդող, համաշխարհային պատերազմը կանխարգելող միջոց և դեմ էր միջուկային լիակատար զինաթափմանը։ Թետչերը չհամաձայնվեց իջեցնել բրիտանական միջուկային հզորության մակարդակը, երբ ԱՄՆ և ԽՍՀՄ-ը որոշեցին ոչնչացնել Եվրոպայի տարածքում իրենց տեղակայված միջին հեռահարության միջուկային զենքը։

Չնայած դրան, որ Թետչերը իր կառավարման առաջին տարիներին բռնել էր կոշտ հակախորհդային դիրք, նա արևմտյան առաջնորդներից առաջինը ողջունեց ԽՍՀՄ-ում սկսած վերակառուցման քաղաքականությունը։

Աղբյուրներ[խմբագրել]

Արտաքին հղումներ[խմբագրել]