Մրճանման մատ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մրճանման մատ
Աջ ձեռքի մրճանման միջնամատ. ծալված (կախ ընկած) ծայրը և գերտարածված մերձադիր միջմատոսկրային հոդը մատին տալիս են «կարապի պարանոցի» տեսք
Տեսակհիվանդություն
Հիվանդության ախտանշաններՄատի ծայրը չի ուղղվում և մնում է կախ ընկած
Բժշկական մասնագիտությունՁեռքի վիրաբուժություն
ՀՄԴ-9736.1
ՀՄԴ-10M20.0
 Mallet finger Վիքիպահեստում

Մրճանման մատ կամ գլխիկոր մատ (նաև՝ «բեյսբոլիստի մատ», «կախ ընկած մատ», «հեզ մատ» և այլն), ձեռքի մատն ուղղող՝ տարածիչ ջլի վնասումն է մատի ծայրային հոդում, որի արդյունքում մատի ծայրը չի ուղղվում և մնում է կախ ընկած։ Չնայած մրճանման մատը ջլերի ամենահաճախ հանդիպող վնասվածքն է, սակայն Հայաստանի հիվանդությունների դասակարգման ընդունված կարգում (ՀՄԴ-10) այն ներկայացված չէ որպես առանձին միավոր։ Դրա փոխարեն ՀՄԴ-10-ում M20.0 ծածկագրի տակ ներառված է մատի՝ «կարապի վզի» տեսքով դեֆորմացիան[1], որը շատ դեպքերում հանդես է գալիս որպես մրճանման մատի հետևանք[2]։

Հաճախ հանդիպում է մարզիկների (հատկապես գնդակով մարզաձևերով զբաղվողների՝ բասկետբոլ, վոլեյբոլ, ֆուտբոլ, բեյսբոլ և այլն) մոտ, բայց կարող է ծագել յուրաքանչյուրի մոտ որևէ «անմեղ» վնասվածքից հետո, երբ մատի ծայրը հանկարծակի կտրուկ և ուժգին ծալվում է, այն ժամանակ, երբ մարդը պատրաստ չի լինում դրան։

Անատոմիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջիլը պարանի նման թելավոր հյուսվածք է, որը միացնում է մկանը ոսկրին։ Մատները տարածող (ուղղող) մկանները տեղակայված են նախաբազկի թիկնային (հետին), իսկ ծալող մկանները՝ ափային (առաջային) շրջանում։ Ջլերը սկսվում են մկաններից նախաբազկի ստորին երրորդականի շրջանում և հասնում են մինչև մատների ծայրերը՝ ամրանալով մատոսկրերին (ֆալանգներին)։ Տարածիչ ջլերն ամրանում են ծայրային մատոսկրերի հետին, իսկ ծալիչները՝ առաջային մակերեսներին։

Պատճառներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մրճանման մատի զարգացման մեխանիզմը տարածիչ ջլի փակ վնասման դեպքում

Տարածիչ ջլի՝ մատոսկրին ամրացող ծայրը շատ բարակ է ու տափակ՝ մոտ 1 մմ հաստությամբ և 4-5 մմ լայնությամբ։ Այն տեղակայված է մատոսկրի և թիկնային մաշկի միջև նեղ տարածքում և ունի շատ սահմանափակ սահելու ունակություն։ Այդ իսկ պատճառով, մատի ծայրի հանկարծակի կտրուկ և ուժգին ծալման դեպքում տարածիչ ջիլը հեշտորեն պատռվում է կամ պոկվում մատոսկրից՝ երբեմն իր հետ պոկելով նաև ոսկրի մի բեկոր։

Մրճանման մատ կարող է զարգանալ նաև մատի ծայրային հոդի թիկնային շրջանի կտրվածքի դեպքում։

Համաճարակաբանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մրճանման մատի հանդիպման հաճախականությունը կազմում է մոտ 1/10.000[3]: Ամենից հաճախ հանդիպում է երիտասարդից միջին տարիքի տղամարդկանց և տարեց կանանց մոտ՝ շուրջ 3 անգամ ավելի հաճախ տղամարդկանց շրջանում։

Ավելի հաճախ (74%) վնասվում է գերակշռող (դոմինանտ) ձեռքի մատը։ Ընդ որում 90% դեպքերում ախտահարվում է միջնամատը, մատանեմատը կամ ճկույթը[4]։

Կլինիկական պատկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիվանդի հիմնական գանգատը լինում է այն, որ ձեռքի մատի ծայրը ծալված, կախ ընկած է և չի կարողանում ուղղել։ Հաճախ այդ երևույթը հիվանդը կապում է մատի ծայրի հանկարծակի կտրուկ ծալման հետ։ Բայց հազվագյուտ չեն դեպքերը, երբ հիվանդը (հատկապես տարեց) զարմանքով նշում է, որ գուլպայի կամ կոշկի ճիտքը բարձրացնելուց կամ էլ սպիտակեղենն ուղղելուց հետո մատի ծայրը մնաց կախ ընկած։ Նման դեպքերում դիտվում է այտուց մատի ծայրային հոդի թիկնային շրջանում, որն առանձնապես ցավոտ չի լինում։ Թարմ դեպքերում մատի ծայրի պասիվ տարածումը (մյուս ձեռքի օգնությամբ) պահպանված է լինում, իսկ հնացած դեպքերում կարող է խիստ սահմանափակված լինել։ Ոչ թարմ դեպքերում հաճախ մատն ուղղելիս ծայրի կախ ընկած լինելուն զուգահեռ մերձադիր միջմատոսկրային հոդը գերտարածվում է՝ ձևավորելով մատի «կարապի վզի» դեֆորմացիա, ինչը խորանալու դեպքում կարող է հանգեցնել մատի լիարժեք ծալման խիստ սահմանափակման։

Ծայրային մատոսկրի կոտրվածքի դեպքում մատի ծայրի կախ ընկած լինելուց բացի կարող է նշվել նաև տեղային ցավ, այտուց և կապտուկ։

Շատ հաճախ մրճանման մատը լինում է առանց մատի ծայրային հոդի թիկնային մաշկի արտաքին վնասվածքի՝ փակ մրճանման մատ։ Բայց երբեմն մրճանման մատ կարող է զարգանալ մատի ծայրային հոդի թիկնային շրջանի կտրվածքի հետևանքով՝ բաց մրճանման մատ, որի դեպքում մատի ծայրի կախ ընկած լինելուց բացի նշվում է նաև վերքի առկայութուն։

Ախտորոշում[խմբագրել | խմբագրել կոդը]

Յուրատեսակ կլինիկական պատկերն օգնում է կատարել ճիշտ ախտորոշում առանց լրացուցիչ հետազոտությունների։ Սակայն երբեմն ծայրային մատոսկրի հիմի կոտրվածքը բացառելու համար անհրաժեշտ է լինում կատարել ռենտգեն-հետազոտություն։ Ընդ որում մատը պետք է պարտադիր նկարել ոչ միայն ուղիղ, այլև կողմնային դիրքերով, քանի որ մի դիրքով հստակ երևացող կոտրվածքը մյուս դիրքով կարող է ընդհանրապես չնշմարվել։

Բուժում[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաջին օգնություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ցավը մեղմելու և այտուցը կրճատելու համար պետք է մատի վրա անմիջապես դնել սառույց և ձեռքը պահել սրտից բարձր։

Սակայն երբեմն հիվանդը սկզբում չի էլ նկատում խնդրի առկայությունը, քանի որ որոշ դեպքերում մրճանման մատը լինում է առանց լուրջ միջադեպի և չի ուղեկցվում ցավով ու այտուցվածությամբ։ Դրա համար հազվագյուտ չեն դեպքերը, երբ մրճանման մատի կապակցությամբ ձեռքի վիրաբույժին դիմում են բավականին ուշացած՝ վնասվածքից 1 ամիս հետո և ավել, երբ մատի ծայրն ինքնուրույն ուղղելու հույսը կորցնում են։

Կոնսերվատիվ (ոչ վիրահատական)[խմբագրել | խմբագրել կոդը]

Ինչպես թարմ, այնպես էլ ուշացած մրճանման մատի դեպքում սկզբում ձեռքի վիրաբույժն կարող է առաջարկել բուժման ոչ վիրահատական եղանակ տարբեր տիպի բեկակալներով (օրթեզներով, ֆիքսատորներով), որոնց նպատակը մի որոշ ժամանակ մատի ծայրը ուղիղ պահելն է։ Այդ ժամանակն անհրաժեշտ է, որպեսզի վնասված ջիլը և/կամ ոսկրը սերտաճեն։ Եթե թերմոպլաստ կամ պատրաստի Սթաքի բեկակալ չի լինում, մատի ծայրը կարելի է ֆիքսել ալյումինե թիթեղով կամ գիպսակապով, ինչը, սակայն, այնքան էլ հարմար չէ։ Միայն ջլային վնասման դեպքում մատի ծայրն անշարժացնում են 6-8 շաբաթով, իսկ ոսկրային վնասման դեպքում՝ 4-5 շաբաթով՝ ամբողջ օրվա ընթացքում (նույնիսկ լողանալիս)[5]։ Պլաստմասե օրթեզի դեպքում հիվանդն ամեն օր զգուշությամբ այն հանում է այնպես, որ մատի ծայրը չծալվի, և մաքրում է մատի մաշկը, լվանում ու չորացնում օրթեզը, որից հետո կրկին հագնում է։ Բուժման առաջին փուլից հետո ձեռքի վիրաբույժը գնահատում է վերականգնման աստիճանը. բավարար լինելու դեպքում բեկակալը շարունակում են կրել ևս 6-8 կամ 4-5 շաբաթ՝ միայն գիշերները, իսկ ցերեկները միայն վտանգավոր գործողություններ կատարելիս։ Այդ ընթացքում նաև աստիճանաբար մեծացնում են մատի ծանրաբեռնվածությունը, մատի ծայրային հոդի շարժումները լիարժեքորեն վերականգնելու համար։

Բեկակալով բուժման արդյունավետությունը կազմում է մինչև 90%[2]։ Ընդ որում կարող է մնալ տարածման մինչև 10° դեֆիցիտ։ Օրթեզի կրումը դադարեցնելուց հետո շուրջ 1-2 ամիս մատի ծայրի թիկնային մաշկը կարող է մնալ վարդագույն և զգայուն։

Վիրահատական[խմբագրել | խմբագրել կոդը]

Բաց մրճանման մատի կամ ոչ վիրահատական բուժման անարդյունավետության կամ հիվանդի ցանկության դեպքում մրճանման մատը բուժում են վիրահատական եղանակով։ Տարբերում են վիրահատական փակ և բաց եղանակ։

Փակ եղանակի դեպքում մատի ծայրային հոդը բեկակալի փոխարեն ֆիքսում են մետաղական շյուղով, որի ծայրը թողնում են մատի ծայրի մաշկի տակ։ 4-6 շաբաթ անց շյուղը տեղային անզգայացման տակ հեռացնում են։

Բաց եղանակի դեպքում մատի ծայրային հոդը շյուղով ֆիքսելուց բացի կատարում են կտրվածք մատի ծայրի թիկնային մաշկի ծալքի շրջանում, գտնում են վնասված ջլի ծայրերը և կարում։ Ոսկրի պոկման դեպքում անհրաժեշտ է լինում ոսկրաբեկորը տեղում ֆիքսել շյուղով կամ հատուկ «կոճակավոր» կարով։ 4-6 շաբաթ անց շյուղերը տեղային անզգայացման տակ հեռացնում են։

Նախազգուշացում[խմբագրել | խմբագրել կոդը]

Հաճախ հիվանդին թվում է, որ եթե մրճանման մատի ծայրը զոռով, ցավին դիմանալով շարժի ու հաճախակի վարժություններ կատարի, ապա մատի ծայրի ուղղվելը կվերականգնվի։ Սակայն նման վարժություններն արգելված են, քանի որ ավելի են մեծացնում վնասված տարածիչ ջլի ծայրերի միջև հեռավորությունը և խիստ նվազեցնում են հետագա բուժման արդյունավետությունը։

Կանխատեսում[խմբագրել | խմբագրել կոդը]

Չնայած մրճանման մատը թվում է համեմատաբար անվնաս («անշառ») վնասվածք, այնուամենայնիվ հիվանդների մինչև 25%-ը ստիպված են լինում մոտ 6 շաբաթով թողնել իրենց աշխատանքը, մարզաձևը կամ նույնիսկ ամենօրյա կենսակերպը[3]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]