Մուտագեններ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Մուտագեններ (մուտացիա և ․․․գեն), մուտացիաներ առաջացնող գործոններ են՝

  • ֆիզիկական
  • քիմիական
  • կենսաբանական
  • ֆարմակոլոգիական

Ֆիզիկական մուտագեններն են իոնացնող (7- և ռենտգենյան ճառագայթները, պրոտոնները, նեյտրոնները ) և ուլտրամանուշակագույն ճառագայթները, ուլտրաձայնը, բարձր և ցածր ջերմաստիճանը, մեխանիկական գործոնները։ Իոնացնող են համարվում ռենտգեն ճառագայթները, տիեզերական ճառագայթների նեյտրոնները, ինչպես նաև ռադիոակտիվ տարրերի իզոտոպները, ռադիոակտիվ թափոնները և այլն։ Այդ ճառագայթները օժտված են մեծ էներգիայով և կարող են թափանցել հյուսվածքները և առաջացնել դրական լիցքավորված ազատ ռադիկալներ։ Իոնացնող ճառագայթներն ուժեղացնում են գենային մուտացիաները, առաջացնում են նաև քրոմոսոմների կառուցվածքի խանգարումներ՝ աբերացիաներ։ Ուլտրամանուշակագույն ճառագայթներն օժտված են ավելի փոքր էներգիայով, ուստի թափանցում են միայն բույսերի և կենդանիների մակերեսային շերտի բջիջների մեջ և չեն առաջացնում խորանիստ հյուսվածքների իոնիզացիա։ Ուլտրամանուշակագույն ճառագայթների մուտագեն ազդեցությունը հատկապես վտանգավոր է երիտասարդ տարիքում, որովհետև կլանվելով մաշկի կողմից՝ հաճախ առաջացնում են ռեպլիկացիայի խանգարումներ։

Քիմիական մուտագենները ըստ ազդեցության սկզբունքի բաժանվում են 5 խմբի՝ 1․ նուկլեինաթթուների ազոտային հիմքերի ինհիբիտորներ, 2․ նուկլեինաթթուների ազոտային հիմքերի անալոգներ,3․ ալկիլացնող միացություններ, 4․ օքսիդացնող, վերակագնող և ազատ ռադիկալներ, 5․ ակրիդինային ներկանյութեր։ Մուտագեններ են նաև որոշ կենսապոլիմերներ (օտարածին ԴՆԹ, հավանաբար նաև օտարածին ՌՆԹ

Կենսաբանական մուտագեններ են վիրուսները, որոշ բակտերիաներ, մակաբույծ որդերի կողմից արտազատվող տոքսիններ, հիվանդությունների հարուցիչներ և այլն։ Կենսաբանական մուտագեն ազդեցություն ունեն վիրուսները, որոնք կարող են առաջացնել քրոմոսոմային աբերացիաներ։ Այդպիսի ունակությամբ է օժտված, օրինակ, գրիպի վիրուսը։ Գենետիկական գաղթող տարրերը տրանսպոզոններ նույնպես կարող են առաջացնել գենային և քրոմոսոմային մուտացիաներ։ Մուտացիաների հաճախականությունը մինչև հարյուրավոր անգամներ մեծացնող քիմիական մուտագենները կոչվում են սուպերմուտագեններ։ Հավանաբար մուտագեններ ունիվերսալ են, այսինքն՝ կարող են մուտացիաներ առաջացնել կյանքի բոլոր ձևերում, սկսած վիրուսներից և բակտերիաներից մինչև բարձրակարգ բույսերը, կենդանիներն ու մարդը, սակայն տարբեր տեսակի օրգանիզմների զգայնությունը մուտագենների ազդեցության նկատմամբ տարբեր է։ Մուտագենները լայնորեն օգտագործվում են գյուղատնտեսության բույսերի և օգտակար միկրոօրգանիզմների սելեկցիայում։ [1]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Ս. Հ. Սիսակյան Ընդհանուր և բժշկական կենսաբանություն
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 91