Մուստիերյան մշակույթ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Մուստիերյան մշակույթ, հին քարի դարի վերջին շրջանը։ Հաջորդել է Աշևյան մշակույթին։ Շատ մասնագետներ համարում են միջին հին քարի դար։

Առաջինը հայտնաբերել է ֆրանսիացի հնագետ Մորտիլիեն XIX դ․ 60-ական թթ․։ Անվանումն ստացել է Լը Մուստիե (Le Moustier) քարայրից (Ֆրանսիայի Դորդոն դեպարտամենտում)։ Տարածված է Եվրոպայում, Հյուսիսային Աֆրիկայում, Մերձավոր Արևելքում և Միջին Ասիայում։ Երկրաբանորեն համընկնում է վերին պլեյստոցենին, ռիսվյուրմյան միջսառցադաշտային շրջանի վերջին և Եվրոպայի վերջին սառցապատման (վյուրմյան) շրջանի 1-ին կեսին։ Մուստիերյան մշակույթի ուշ շրջանի հուշարձանները Եվրոպայում թվագրվում են մ․թ․ա․ 53—33-րդ հազարամյակներով։ Մուստիերյան մշակույթի առաջացման ժամանակաշրջանը, հավանաբար, մ․թ.ա․ 100—80-րդ հազարամյակներն են։ Մուստիերյան մշակույթին բնորոշ են սկավառակաձև քարե միջուկները։ Ոսկորի մշակումը եղել է թույլ զարգացած։ Գոյություն են ունեցել Մուստիերյան մշակույթի մի շարք տարատեսակներ, որոնք հաճախ պատահում են միևնույն տարածքում։ Մուստիերյան մշակույթի կրողը եղել է նեանդերթալյան մարդը։ Մուստիերյան շրջանի մշակույթի հետքերը հայտնի են Հայաստանի մի շարք կայաններից, որոնցից ամենավաղ շրջանին պատկանում են Արտին լեռան (Սատանի դար, Արեգունի և Հարավային բլուրներ), Հրազդանի միջին հոսանքի (Արզնի, Նուռնուս, Ջրաբեր, Ֆանտան, Թեժրաբեկ, Ճաթկռան), Նոյեմբերյանի (Կաքլիկ), Արթիկի (Պեմզաշեն) կացարանները։ Աշելյան գործիքների հետ գտնվել են նաև Մուստիերյան մշակույթի ժամանակաշրջանի սրածայրեր, քերիչներ, դակիչներ, հատիչներ, ինչպես նաև բնակավայր-քարայրեր և այլն։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png