Մուհամմադ Ալի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մուհամմադ Ալի
ModernEgypt, Muhammad Ali by Auguste Couder, BAP 17996.jpg
ԱԱՀ՝ Մուհամմադ Ալի
Բնագիր
ԱԱՀ՝
محمد علي
Ծննդյան օր՝ մարտի 4, 1769
Ծննդավայր՝ Կավալա, Ալբանիա
Վախճանի օր՝ օգոստոսի 2, 1849
Հպատակություն՝ Եգիպտոս
Ազգություն ալբանացի

Մուհամմադ Ալի փաշա (1769-1849) (արաբերեն՝ محمد علي باشا), օսմանյան բանակի զորահրամանատար, ով դառնում է վալի, ապա՝ ինքնիշխան խեդիվ և անկախ միապետ՝ փաշա։ Նա ղեկավարել է Եգիպտոսը ավելի քան 40 տարի։ Նրա հիմնած դինաստիան եգիպտական գահին էր իշխում 150 տարի՝ մինչև 1952թ.։ Մուհամմադ Ալին, լինելով ալբանացի, Եգիպտոսի զարգացման համար կատարել է անուրանալի քայլեր։

Եգիպտոսը 1802-1804թթ.[խմբագրել]

Ֆրանսիացիները Եգիպտոսում

Նապոլեոն Բոնապարտի արշավանքի ձախողումից հետո, երբ ֆրանսիացիները լքեցին Եգիպտոսը, երկրում մնացին անգլիական ավելի քան 20 հազարանոց, թուրքական 40 հազարանոց և մամլուքների 4 հազարանոց բանակները։ Նրանք թալանում և ավիրում էին երկիրը, ինչը, առաջացնում էր բնակչության դժգոհությունը։ Տարաձայնություններ կային նաև այդ զորքերի ճամբարներում։ Յուրաքանչյուրն իր հերթին ցանկանում էր իր դիրքերը ամրապնդել Եգիպտոսում։ Թուրքերը այդ նպատակի իրականացման համար որոշել էին մեկընդմիշտ վերջ դնել մամլուքյան ինքնիշխանությանը, որը իրենից բավական հզոր ուժ էր ներկայացնում։ Թուրքերի դեմ պայքարում անգլիացիները մեծապես հենվում էին մամլուքների վրա։

Սուլթան Սելիմ Երրորդի օրոք թուրքերին հաջողվեց ծուղակի մեջ գցելով մամլուքներին, կոտորել մեծ մասին, իսկ մի մասին էլ գերեվարել։ Սակայն անգլիացիների՝ Կահիրեի ուղղությամբ կրակ բացելու սպառնալիքների ներքո թուրք փաշան ստիպված է լինում ազատ արձակել մոտ 2500 մամլուքների։

Անգլիան պահանջեց դուրս բերել թուրքական նավատորմը Եգիպտոսից։ Սակայն շուտով անգլիացիների գերիշխանության վերջը ևս եկավ։ 1802 թ. մարտի 27-ին Անգլիայի և Ֆրանսիայի միջև կնքված Ամիենական համաձայնագրի պայմանների համաձայն անգլիացիները պետք է լքեին Եգիպտոսը։ Եվ որքան էլ նրանք փորձում էին երկարաձգել էվակուացիան, այդուհանդերձ հիմնական ուժերն արդեն 1802 թ. սկզբին դուրս էին բերվել երկրից, իսկ մնացած մասը դուրս եկավ Ալեքսանդրիայից 1803 թ. մարտին։

Egypt under Muhammad Ali Dynasty map en.svg

Անգլիացիները, այնուամենայնիվ, չէին հրաժարվել իրենց նվաճողական պլաններից։ Նրանք իրենց հետ Լոնդոն տարան մամլուքների առաջնորդ Մուհամադ Էլֆին, որպեսզի հարմար պահին նրան նորից եգիպտական ասպարեզ իջեցնեն։ Նապալեոնն իր հերթին չէր հրաժարվել Եգիպտոսից, և 1802 թ. այնտեղ ուղարկեց իր լավագույն հետախույզներից Սեբաստիանիին, որպեսզի վերջինս հիմք նախապատրաստի նոր արշավանքի համար։ Սեբաստիանին կապեր հաստատեց երկու այլ մամլուք առաջնորդների՝ Իբրահիմ բեյի և Օսման Բարդիսի հետ։

Օգտվելով այն հանգամանքից, որ անգլիացիները լքում են Եգիպտոսը, թուրք փաշան որոշեց վերսկսել մամլուքների դեմ պայքարը։ 1802 թ. նա իր զորքերն ուղարկեց Վերին Եգիպտոս, որտեղ կային մամլուքների կուտակումներ։ Մամլուքները, որոնք այդ պահին արդեն դաշինք էին կազմել բեդվին շեյխերի հետ, կարողացան դիմակայել և անգամ ետ շպրտեցին թուրքերին։ Ավարը բաժանել չկարողանալու պատճառով իրավիճակը լարված էր թուրքական բանակում։ Դրա հետևանքով Կահիրեում չէին դադարում զինվորական ընդվզումները։ Երկրում քաոս էր հաստատվել. միայն մեկ ամսվա ընթացքում մեկը մյուսի հետևից պաշտոնանկ արվեց 3 փաշա։ Օսմանյան բանակի խոշորագույն ջոկատներից մեկը՝ ալբանականը, միացավ մամլուքներին։ 1803 թ. մայիսին Կահիրեն գրավվեց մամլուքների և ալբանացիների կողմից։ Օսմանյան իշխանությունը սկսեց կրել ձևական բնույթ։ Եռապետությունը, որը բաղկացած էր երկու մամլուք բեյերից և մեկ ալբանացի հրամանատարից՝ Մուհամադ Ալիից, սկսեց ղեկավարել երկիրը։ Սակայն մամլուքյան իշխանության վերջը մոտենում էր. 500 տարուց ավելի իշխող մամլուքները սպառել էին իրենց։

Մուհամմադ Ալին՝ զորահրամանատար[խմբագրել]

Մուհամմադ Ալիի տունը Կավալայում
Mamelucos.jpg

Մուհամադ Ալին, ով հսկայական դեր է խաղացել Եգիպտոսի պատմության մեջ, այդ ժամանակ դեռ երիտասարդ էր։ Նա ծնվել էր 1769 թ.-ին Կավալլա մակեդոնական քաղաքում։ Երբ 30 տարեկան էր, Բարձր Դուռը հրաման է արձակում Կավալլայից Եգիպտոս ուղարկել ալբանական 300 հոգուց բաղկացած ջոկատ։ Մուհամադ Ալին ընդգրկվեց այդ ջոկատում որպես հրամանատարի օգնական և առաջին իսկ օրերից աչքի ընկավ զինվորական տաղանդով և քաջությամբ։ Շուտով նա դարձավ Եգիպտոսում բոլոր ալբանական ջոկատների հրամանատար։ Առաջին հաջողություններից ոգևորված նա որոշեց գրավել ողջ երկիրը, և այդ նպատակով նա դաշինքի մեջ մտավ մամլուքների հետ։

Թվում էր, թե մամլուքները կրկին հաստատվել էին Եգիպտոսում։ Նրանք վերադարձրել էին իրենց իշխանությունն ու տիրույթները, վռնդել էին թուրքերին։ Մամլուքների հաղթանակից որոշեցին օգտվել անգլիացիները, ովքեր այդ ժամանակ վերսկսել էին պատերազմը Ֆրանսիայի դեմ։ Նրանց գործակալը՝ Մուհամադ Էլֆին, 1804 թ.-ն ուղղարկվեց Ալեքսանդրիա։

Դեպքերը ցույց տվեցին, որ ֆրանսիացիների ջանքերը զուր չէին անցել։ Եգիպտոսում իշխող մամլուքները Օսման Բարդիսի գլխավորությամբ հանդես եկավ անգլիական գործակալի դեմ։ Մուհամադ Էլֆիի ջոկատը ոչնչացվեց, իսկ Էլֆին փախավ անապատ։ Վերադառնալով մայրաքաղաք հաղթանակած մամլուքները դեմ առան ժողովրդական ապստամբության։ Օգտվելով մամլուքյան բանակում առկա պառակտումներից, Կահիրեի բնակչությունը որոշել էր թոթափել մամլուքյան լուծը։

Ապստամբության գլուխ կանգնեց հոգևորականությունը՝ Ալ-Ազհարի շեյխերը։ Նշանակված օրը Կահիրեում մարդիկ հրաժարվեցին հարկեր վճարելուց։ Օսման Բարդիսի դղյակը ոչնչացվեց, իսկ ինքը Բադրիսը փախավ Կահիրեից։ Բնակչության բողոքն ուղղված էր նաև ալբանացիների դեմ, բայց Մուհամմադ Ալին լինելով ճկուն քաղաքական գործիչ, հասկացավ աճող ժողովրդական շարժման ուժը և անցավ նրանց կողմը։ Ալ-Ազհարում շեյխերի առջև ելույթ ունենալով , իրեն հռչակեց եգիպտացի ժողովրդի պաշտպան, իր ալբանական ջոկատները դուրս բերեց մամլուքների դեմ։ Այս ճկուն քայլըն էլ ապահովեց Եգիպտոսի վրա նրա իշխանության հաստատումը։ Շեյխերի խորհուրդը նրան ընտրեց կայմակամ, այսինքն եգիպտական փաշայի տեղակալ։ Մամլուքները շրջափակման մեջ գցեցին Կահիրեն։ Քաղաքը դիմադրեց շրջափակմանը գրեթե 4 ամիս։ Մուհամադի հեղինակությունը, ով ղեկավարում էր Կահիրեի ինքնապաշտպանությունը, կտրուկ աճեց։ Բարձր Դուռը, զգալով աճող վտանգը, հրամայեց Մուհամմադ Ալիին վերադառնալ հայրենիք։ Դա Կահիրեում դժգոհություն առաջացրեց. Խանութները և արհեստանոցները փակվեցին, սկսվեցին ժողովրդական շարժումներ։ Արդյունքում Բարձր Դուռը ստիպված էր հետ վերցնել հրամանը։ Օգտվելով այն փաստից, որ Մուհամմադ Ալին ողջ 1804-1805 թթ. հետապնդում էր մամլուքներին Վերին Եգիպոտոսում, թուրք փաշան սկսեց կեղեքել Կահիրեի բնակչությանը։ Նա հավաքեց հաջորդ տարվա հարկերը, վերսկսվեց թալանը, սպանությունները, բռնությունները։ Բնակչությունն այլևս չէր կարող հանդուրժել այդ ամենը։

Մուհամմադ Ալիի դրոշը
Մուհամմադ Ալիի զինանշանը

1805 թ. Կահիրեում ծագեց համաժողովրդական ապստամբություն։ Փաշան գահընկեց արվեց և Մուհամմադ Ալին հռչակվեց Եգիպտոսի կառավարիչ։ Սուլթան Սելիմ III ստիպված էր ճանաչել Մուհամմադ Ալիին որպես Եգիպտոսի փաշա։ Այդ ընթացքում վերսկսվել էր պատերազմը Ֆրանսիայի և Անգլիայի միջև։ Օսմանյան կայսրությունը ևս ներքաշվեց պատերազմի մեջ։ Այս անգամ նա հանդես էր գալիս որպես Ֆրանսիայի դաշնակից։ Անգլիական նավատորմը սկսեց շարժվել Եգիպտոսի ուղղությամբ, 1807 թ. մարտի 17-ին նրանք Ալեքսանդրիայում դեսանտ իջեցրին՝ նպատակ ունենալով գրավել Եգիպտոսը։

Եգիպտացիները Մուհամմադ Ալիի գլխավորությամբ պայքարի մեջ մտան անգլիացիների դեմ։ Կահիրե մտնելու երկու անհաջող փորձերից հետո անգլիացիներ փակվեցին Ալեքսանդրիայում, Մուհամմադ Ալին զորքով շարժվեց այդ ուղղությամբ։ Անգլիական դեսանտի հրամանատարը հաշտություն խնդրեց։ 1807 թ. սեպտեմբերին անգլիական զորքերը դուրս բերվեցին Ալեքսանդրիայից, իսկ Մուհամմադ Ալին սկսեցընկալվել որպես Եգիպտոսի ժողովրդի փրկիչ։ Նա սկսեց ղեկավարել Եգիպտոսը։ Հաճախ նա ոչ միայն չէր հնազանդվում սուլթանին, այլև պատերազմում նրա դեմ։

Մուհամմադ Ալին՝ Եգիպտոսի փաշա[խմբագրել]

Mouhamed ali army&navy.jpg
Muhammad Ali Dynasty portrait.jpg

Իշխանության գալուց հետո Մուհամմադ Ալին սկսեց մի շարք բարեփոխումների իրականացում։ Դրանցից առաջինը հողային բարեփոխումներն էին։ Այդ բարեփոխումները մեծ հաշվով ուղված էին մամլուքների դեմ։ 1808 թ. նա վերցրեց մուլթազիմների տիրույթները, 1812 թ. խլեց մամլուքներին պատկանող բոլոր հողերը, իսկ 1814 թ. ամբողջությամբ վերացրեց իլթիզամի համակարգը։ Ալժմ գյուղացին հարկը վճարում էր ոչ թե մուլթազիմին, այլ անմիջապես պետությանը։ Այդպիսով վերացավ գյուղացու կախվածությունը մուլթազիմից։ Այս փոփոխությունները քիչ թե շատ թեթևացրին գյուղացու կարգավիճակը, այդուհանդերձ ֆեոդալական կարգը այդպես էլ չվերացավ, և եթե նախկինում գյուղացին ենթարկվում էր շահագործման ավատատեր-կալվածատիրոջ կողմից, ապա այժմ՝ ամբողջ պետության։ Շուտով անհատներից բռնագրավված բոլոր հողերը, որոնք անցել էին պետությանը, տրվեցին այլ անհատների։

1830-ական թթ. Մուհամմադ Ալին սկսեց հողերը բաժանել իր բարեկամ-հարազատներին։ Փոփոխություններից դժգոհ մամլուքները 1809-1810 թթ. երկու անգամ ապստամբեցին, սակայն անհաջող։ 1811 թ. Մուհամմադ Ալին որոշեց վերջնականապես ազատվել մամլուքներից և զինվորական շքերթի ժամանակ, որին մասնակցում էին 500 մամլուքներ, շրջապատեցին և կոտորեցին նրանց։ Միայն մի մասին հաջողվեց փախչել Սուդան։

RecepcionMehmetAli.jpg

Հողային բարեփոխումներին հաջորդեցին ռազմական բարեփոխումները։ Իշխանության գալուց անմիջապես հետո Մ. Ալին ձեռնամուխ եղավ մշտական բանակի ստեղծմանը։ Կադրերի և զենքի բացակայության պատճառով գործը դանդաղ էր առաջ գնում։ Սկզբնապես նոր ձևավորվող բանակի հիմքը կազմում էին ալբանացիները։ Եգիպտացիներին բանակ չէին վերցնում։ Արաբական թերակղզի արշավանքից հետո (1811-1819) Ալին սկսեց բանակ զորակոչել Եգիպտացի ֆելահին։ Այս զորքերը նրան մեծ հաղթանակներ բերեցին Սիրիայում։ Սկզբնական շրջանում բանակի ուսուցմամբ զբաղվում էին արտասահմանյան զինվորական մասնագետները։ Արաբիա կատարած արշավանքից հետո Մ. Ալին Ասուանում ստեղծեց ճամբար, որտեղ հազարավոր երիտասարդներ վերապատրաստում էին անցնում ֆրանսիացի և իտալացի զինվորական մասնագետների մոտ։ Դրա հետ մեկտեղ Ալին ստեղծեց ռազմական դպրոցներ հրամանատար դասի վերապատրաստման համար։ Զինվորական նոր զորամասերի համար ֆրանսերերնից թարգմանվեցինֆրանսիական զինվորական կանոնադրությունները։ 30ականներին եգիպտական կանոնավոր մշտական բանակը հասավ մեծ թվերի։ 1833 թ. այն հաշվվում էր 36 հետևակային ջոկատ, յուրաքանչյուրը 3000 զինվոր, 180 հազար զինվոր, կար նաև ոչ մշտական զորք, որի թիվը հասնում էր 40 հազար զինվորի։

Tomb Muhammad Ali Pasha 2.jpg

Մուհամմադ Ալին չսահմանափակվեց ցամաքային բանակի ստեղծմամբ։ Նա ձեռնամուխ եղավ նավատորմի ստեղծմանը։ Մարսելից, Լիվոռնոյից գնում էր նավեր, հետագայում Ալեքսանդրիայում բացվեց նավաշինարան, որտեղ նավերի կառուցումը ընթանում էր շատ արագ տեմպերով։ Նավաշինարանի 8 հազար աշխատողների մեծագույն մասը եգիպտացիներ էին։ Ստեղծվեցին նավաստիների ազգային կադրեր, կարճ ժամանակահատվածում 15 հազար եգիպտացիներ սովորեցին ծովային գործը։

Ձևականորեն Եգիպտոսը շարունակվում էր համարվել Օսմանյան կայսրության փաշայություններից մեկը, իսկ Մուհամադ Ալին՝ փաշա, որը ենթարկվում էր սուլթանին ու Բարձր Դռանը։ Իրականում սակայն Մուհամմադ Ալին կատարում էր Բարձր Դռան միայն այն հրամանները, որոնք հարմար էր գտնում կատարել։ Իր դիրքերն ամրապնդելու համար Մուհամմադ Ալին իրականացրեց վարչական բարեփոխումներ։ Վերացնելով հին մամլուքյան ադմինիստրատիվ համակարգը ստեղծեց կենտրոնական պետական ապարատ։

Մուհամմադ Ալի փաշայի մզկիթը

Եգիպտոսում նշանակվեցին մի քանի նախարարներ եվրոպական օրինակով, հստակ բաժանվեցին յուրաքանչյուրի գործառույթները։ Դրանք էին՝ ֆինանսների, առևտրի, ռազմական, ազգային լուսավորչության, արտաքին և ներքին գործերի և այլն։ Նախարարություններին կից ստեղծվեցին խորհուրդներ, որոնք զբաղվում էին հատուկ հարցերով, օրինակ՝ ծովային հարցերով, հողագործությամբ, առողջապահությամբ և այլն։ Տեղի ունեցավ վարչատարածքային նոր բաժանում։ Եգիպտոսը բաժանվեց 7 նահանգների։ Յուրաքանչյուրը ղեկավարում էր մուդիրը՝ նահանգապետը, որի գործառույթների մեջ էր մտնում հարկերի հավաքում, պետական գործարանների և արտադրամասերի, ջրանցքների, կամուրջների, ճանապարհների վերահսկում և այլն։

Մշակույթի և կրթության բնագավառում բարեփոխումները ևս հսկայական էին. բազմաթիվ երիտասարդներ պետության հաշվին մեկնում էին եվրոպական երկրներ՝ սովորելու։ Բացվեցին առաջին աշխարհիկ դպրոցները, որտեղ ուսուցանցվում էր թուրքերեն, մաթեմատիկա, աշխարհագրություն և այլն։ Մշակութային կարևոր իրադարձություն էր 1822 թ. Եգիպտոսում առաջին տպարանի բացումը, որտեղ սկսեցին հրատարակվել գրքեր արաբերենով, թուրքերենով և պարսկերենով։

Աղբյուրներ[խմբագրել]

  • Վլադիմիր Լուցկի «Արաբական երկրների նորագույն պատմություն», 1965թ, Մոսկվա

Արտաքին հղումներ[խմբագրել]