Մոսկվայի հայկական կոմիտե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մոսկվայի հայկական կոմիտե
Տեսակհասարակական կազմակերպություն
Երկիր Ռուսաստան
Հիմնադրվածհոկտեմբերի 26, 1914
Լուծարված1919
Գլխադասային գրասենյակՄոսկվա, Խորհրդային Ռուսաստան

Մոսկվայի հայկական կոմիտե, ստեղծվել է 1914 թվականի հոկտեմբերի 26-ին, Մոսկվայում։

Հիմնադրել են մոսկվաբնակ հայերը։ Անդամներն էին Ստեփան Մամիկոնյանը (նախագահ), Կարապետ Կուսիկյանը, Ալեքսանդր Ծատուրյանը, Ալեքսեյ Ջիվելեգովը և ուրիշներ։

Մշակվել է կոմիտեի կանոնադրություն, որը հաստատվել է 1914 թ. դեկտեմբերի 20-ին։ Համաձայն այդ կանոնադրության՝ կոմիտեի նպատակն էր օրինական և հասանելի հասարակական կազմակերպչական բոլոր միջոցներով նպաստել Թուրքիայի դեմ պատերազմում ռուսական զենքի հաջողությանը և օգնություն կազմակերպել պատերազմից տուժածներին, այն է՝ զբաղվել ռուսական բանակի զինվորներին, վիրավորներին, հայ կամավորներին և գաղթականներին օգնություն կազմակերպելու հարցերով։ Կոմիտեի գործունեությունն ընդգրկել է Ռուսական կայսրության տարածքը։ Միջոցները գոյացել են անդամավճարներից, նվիրատվություններից, համերգներից, դասախոսություններից ու այլ միջոցառումներից հանգանակված գումարներից, կոմիտեի հրատարակություններից ստացված եկամուտներից և այլն։

1915 թ. հուլիսի 10-ի որոշմամբ Մոսկվայի հայկական կոմիտեն ընդգրկվել է Ռուսաստանի Կարմիր խաչի ընկերության կազմի մեջ։ Կոմիտեն գաղթականներին օգնել է հիմնականում դրամով, անհրաժեշտ իրերով, ղեղորայքով, ալյուրով։ 1915-ի մարտին կազմակերպել է բժշկասանիտարական երկու ջոկատ և ուղարկել Հայաստան։ Հանգրվանելով Էջմիածնի և Ալեքսանդրապոլի գավառներում՝ նրանք բացել են պարենի կետեր, հիվանդանոց և ամբուլատորիաներ, որբանոցներ։

1916 թ. հիմնադրել է «Արմյանսկի վեստնիկ» («Армянский вестник») շաբաթաթերթը։

Կոմիտեի նախաձեռնությամբ և ծախսով 1916 թ. լույս է ընծայվել Վալերի Բրյուսովի «Հայաստանի պոեզիան» անթոլոգիան։

Մոսկվայի հայկական կոմիտեի գործունեությունը շարունակվել է մինչև 1918-ի մարտը։

Մոսկվայի հայկական կոմիտեին կից 1914-ի նոյեմբերից գործել է Կանանց կոմիտեն, որի անդամներն էին Մոսկվայի հայուհիները։ Նրանք մեծապես աջակցել են հայ գաղթականներին օգնություն կազմակերպելու գործին և, մասնավորապես, Մոսկվա հասած հայ գաղթականներին։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է «Հայկական հարց» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 35