Մոնպառնաս կայարանի վթար
Մոնպառնաս կայարանի վթար, Փարիզում 1895 թվականի հոկտեմբերի 22-ին տեղի ունեցած վթարն է, երբ մարդատար գնացքի շոգեքարշը չկարողանալով արգելակել, ճեղքել էր երկաթուղային կայարանի պատը և ընկել փողոց: Ամենատպավորիչ և հայտնի տրանսպորտային վթարներից մեկն է համարվում:[1][2]
[խմբագրել] Իրադարձությունների ընթացքը
№ 56 Գրանվիլից Փարիզ մեկնող մարդատար գնացքը 8:45-ին ճանապարհ էր ընկել: Այն քաշում էր № 721 շոգեքարշը, որը ղեկավարում էր մեքենավար Գիյոմ-Մարի Պելերեն (Guillaume Marie Pellerin), որի աշխատանքային ստաժը այդ պահին 19 տարի էր: Գնացքը 12 վագոնից էր` սկզբից երկու բեռնատար, հետո փոստային մեկ վագոն, որից հետո 8 մարդատար վագոններ 131 ուղևորով: Գնացքը ժամանելու էր 15:55, բայց քանի որ ուշանում էր, ապա մեքենավարը թեքության վրա չօգտագործեց արգելակները: Կայարան հասնելուց մի քանի րոպե առաջ փորձեցին աշխատեցնել ձեռքի արգելակները, բայց ապարդյուն, թեքության վրա աճող արագությունը մեծ էր և գնացքը 40 կմ/ժ արագությամբ մտնելով Արևմտյան կայարան (այժմ Մոնպառնաս), ջարդեց 60 սմ հաստությամբ պատը 10 մետր բարձրությունից ընկավ Ռյու դե Ռեն փողոց: Մարդատար վագոնները մնացին կայարանում:[3]
[խմբագրել] Հետևանքներ
Վթարի հետևանքով վիրավորվել է 5 մարդ` շոգեքարշի անձնակազմը, երկու ուղևոր և հրշեջը: Մնացած ուղևորները անվնաս են մնացել: Միայն մահացել է փողոցում երեկոյան թերթեր վաճառող կինը, որը այդ օրը փոխարինում էր ամուսնուն: Արևմտյան երկաթգիծը լիովին վճարեց թաղման ծախսերը և երկու որբացած երեխաներին թոշակ նշանակեց: Մեքենավար Գիյոմ-Մարի Պելերենը դատապարտվեց երկու ամսվա ազատազրկման և վճարեց 50 ֆրանկ զոհվածի բարեկամներին: Գնացքի պետը վճարեց 25 ֆրանկ տուգանք: