Մշակութային ցեղասպանություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Մշակութային ցեղասպանություն (նաև՝ Սպիտակ ցեղասպանություն), որևէ ժողովրդի կամ էթնիկ խմբի պատմամշակութային հուշարձանների, հոգևոր արժեքների, ազգային մշակույթի այլ տարրերի ոչնչացում կամ յուրացում։ Համարվում է մարդկության դեմ իրականացված ոճիր։

Որևէ ժողովրդի կամ էթնիկ խմբի մշակույթը ոչնչացնելու նպատակով իրականացված գործողությունները ազգային-մշակութային ցեղասպանություն են կոչում։ Ըստ իրավագետ Ռաֆայել Լեմկինի, ցեղասպանությունը ոչ միայն ազգային կամ կրոնական խմբի ֆիզիկական բնաջնջմամբ վերացումը, այլև նրա ազգային-հոգևոր մշակույթի ոչնչացումն է։ «Ազգային-մշակութային ցեղասպանություն» հասկացությունը, սակայն, չի մտել «Ցեղասպանության հանցագործությունը կանխելու և դրա համար պատժի մասին» ՄԱԿ1948 թ.դեկտեմբերի 9 կոնվեցիայի մեջ։

Հայկական պատմամշակութային ժառանգության ոչնչացումը[խմբագրել | խմբագրել կոդը]

Արևմտյան Հայաստան[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայկական մշակութային ժառանգության ոչնչացումը Արևմտյան Հայաստանում և Թուրքիայում կրել է շարունակական բնույթ և յուրօրինակ կապող օղակ է հանդիսանում ինչպես սուլթանական, երիտթուրքական, այնպես էլ քեմալական-հանրապետական վարչակարգերի միջև՝ հայկական հարցի լուծմանն ուղղված քաղաքականության մշակման գործում։ Օսմանյան կայսրությունում հայկական մշակութային արժեքների ոչնչացումը սկիզբ է առել դեռևս 16-ից 17-րդ դարերում և ժառանգվելով հետագա իշխանությունների կողմից՝ շարունակվում է մինչև մեր օրերը։ Սակայն եթե սկզբնական շրջանում այդ արժեքների ոչնչացումը համատարած կամ զանգվածային բնույթ չի կրել, ապա 19-րդ դարի վերջից սկսած և հատկապես ողջ 20-րդ դարի ընթացքում գրանցվել է հայկական մշակութային ժառանգության զանգվածային, կանխամտածված ոչնչացում, որը հայերի դեմ իրագործված ցեղասպանական ծրագրի մաս է կազմում։ Պատմական տարբեր ժամանակահատվածներում թուրքական վերոնշյալ վարչակարգերի կողմից հայկական մշակույթի ոչնչացմանն ուղղված բոլոր դրսևորումներն, անկասկած, համապատասխանում են ՄԱԿ-ում դեռևս 1948 թ.-ին ընդունված «Ցեղասպանության հանցագործության կանխման և դրա համար պատժի մասին» կոնվենցիայի նախնական տարբերակում ընդգրկված մշակութային ցեղասպանությունը բնորոշող սահմանումներին[1]։ Օսմանյան կայսրությունում, ապա նաև Թուրքիայի Հանրապետությունում հայկական մշակութային ժառանգության ոչնչացման ողջ գործընթացը պայմանականորեն կարելի է բաժանել երեք փուլի՝

  • Առաջին փուլը ներառում է 16-րդ դարից մինչև 19-րդ դարի վերջն ընկած ժամանակահատվածը, երբ տեղի է ունեցել մշակույթի ոչ զանգվածային, տարերային ոչնչացում։ Այս փուլին բնորոշ ոչնչացման ընդգծված մեխանիզմը եկեղեցու փոխակերպումն է մզկիթի, որի մասին երբեմն վկայում են հենց թուրքական աղբյուրները։ 17-րդ դարի թուրք պատմագիր-աշխարհագրագետ Քյաթիբ Չելեբին իր «Ջիհան Նյումա» աշխատության մեջ նկարագրելով Բիթլիս քաղաքը, գրում է, որ իսլամական իշխողներն այս քաղաքում կառուցել են բազմաթիվ բարեգործական հիմնարկներ, այդ թվում՝ 4 մեծ ջամիներ (մզկիթներ), որոնցից մեկը նախապես հայկական եկեղեցի է եղել, սակայն քաղաքի գրավումից հետո վերածվել է մզկիթի և հայտնի է «Կըզըլ Մեսջիտ» անունով[2]։ Նմանատիպ հիշատակություններ առկա են նաև 17-րդ դարի թուրք ճանապարհորդ Էվլիյա Չելեբիի «Ուղեգրության» մեջ, որոնցից մեկում հեղինակը, բնութագրելով Վանի մզկիթները, գրում է. «Վերին բերդում կա Վանք-ջամի, որը վեհափառ Դավթի դարում հնագույն տաճար է։ Հետագայում, երբ վեհափառ Էբուբեքիրը եկել է այստեղ, այն մզկիթի է վերածել… 940 (1533) թվականին սուլթան Սուլեյմանը նորոգել ու ընդարձակել է այն և անվանել «Սուլթան Սուլեյման» ջամի»[3], իսկ Բիթլիս քաղաքի «Վերին բերդի» մզկիթի նկարագրության մեջ հեղինակը նշում է, որ այն սկզբնապես եկեղեցի է եղել և մզկիթի է վերածվել սուլթան Էվհադ-Ուլլահի կողմից[4]։ Թուրք պատմագրի և ճանապարհորդի արժեքավոր այս վկայությունները փաստում են այն իրողության մասին, որ Օսմանյան կայսրությունում հայկական մշակութային ժառանգության, տվյալ դեպքում՝ հուշարձանների ոչնչացումն ունի ավելի խորը արմատներ։
  • Հայկական մշակույթի ոչնչացման երկրորդ փուլը ներառում է 1894-ից մինչև 1920-ական թվականների սկիզբն ընկած ժամանակահատվածը, երբ իրագործվեց արևմտահայ մշակութային ժառանգության զանգվածային ոչնչացում՝ հայերի ֆիզիկական բնաջնջումով։ Այս փուլում, թերևս, միայն հոգևոր մշակույթի կրող հանդիսացող հայ մտավորականության ոչնչացումը՝ որպես մշակութային ցեղասպանության առանձին դրսևորում[5], պետք է դիտարկել ծրագրված մշակութային ցեղասպանություն։

Մինչև 1920-ական թթ. մշակույթի արժեքների ոչնչացումն իրագործվել է ինչպես կանոնավոր բանակի, քրդական ու թուրքական զորաջոկատների, այնպես էլ հայերի ողջ ունեցվածքը, այդ թվում՝ մշակութային հարստության տեսանելի հատվածը հնարավորինս արագ կողոպտելու, յուրացնելու մոլուցքով տարված ժողովրդական զանգվածների կողմից։ Նրանց նպաստում էին մի կողմից՝ կառավարող շրջանների՝ թուրք հասարակության մեջ ներմուծած ատելությունը քրիստոնյաների, հատկապես հայերի հանդեպ, ինչն առավել մոլեռանդ էր դարձնում զանգվածների գործողությունները, մյուս կողմից՝ այդ գործողությունների բացարձակ ազատությունն ու անպատժելիությունը։ Ատելության ու մոլեռանդության դրսևորումներն առանձնակի ընդգծված են հայերի հոգևոր հաստատության դեմ իրականացված գործողություններում։ Մասնավորապես 1915-1923 թթ.-ի ընթացքում հայկական մշակութային հուշարձանների հանդեպ թուրքական կողմի քաղաքականությունն ու կոնկրետ գործողությունները թեև շատ դեպքերում անկառավարելի էին, սակայն իրենց մեջ ներառում էին հստակ ուրվագծվող ծիսական, կրոնական արարողակարգային տարրեր, որոնց նպատակն էր նաև պղծել սրբավայրը՝ որպես թիրախ օգտագործելով էթնոկրոնական, դավանական հաստատությունը։ Դա հաճախ ուղեկցվել է կոնկրետ խորհրդանշական գործողություններով՝ խաչի հանում, մուսուլման հոգևորականի կողմից եկեղեցու վերաօծումը մզկիթի, խաչի ու զանգի տապալում և նամազի կոչ զանգակատնից[6], սպանությունների, բռնաբարությունների խորհրդանշական գործողություններ հատկապես եկեղեցու բեմի վրա, որը կոչված էր էլ ավելի նսեմացնելու զոհ դարձած էթնիկ հանրության դավանական զգացմունքները։ Նույն կերպ սպանության գործողությունը կամ մարդկանց ողջակիզումը եկեղեցու ներսում ընկալվելով որպես սիմվոլիկ զոհաբերության ակցիա՝ կոչված էր խոր անարգանք հասցնելու տվյալ էթնիկ հանրության հոգևոր զգացմունքներին ու ավանդույթներին[7][8]։ Եկեղեցու ներսում ողջակիզման օրինակները բազմաթիվ են հատկապես համիդյան և 1909 թ. Ադանայի կոտորածների ընթացքում։ 1895 թ.-ի Ուրֆայի Մայր տաճարում թուրքական ամբոխի կողմից ողջակիզվեց այնտեղ ապաստանած շուրջ 3000 հայ, իսկ հետագայում՝ մասնավորապես 1909 թ., նմանատիպ փորձեր կիրառվեցին հայկական գրեթե բոլոր բնակավայրերում։ Միայն Ադանա քաղաքում հրկիզված 6 եկեղեցիներից երկուսում՝ Սուրբ Ստեփանոսում և Սուրբ Աստվածածնում, ողջակիզվեցին այնտեղ ապաստանած շուրջ 3500 հայեր[9]։

Հայկական հոգևոր-մշակութային հաստատությունները, փաստորեն, ֆունկցիոնալ առումով թուրքական կողմի համար դիտվել են որպես նպատակահարմար միջոց՝ ցեղասպանական գործողություններ իրականացնելու համար։ Մասնավորապես վանքերն օգտագործվել են որպես զինվորական և ոստիկանական հենակետեր՝ հարակից հայկական բնակավայրերի դեմ պատժիչ գործողություններ իրականացնելու համար։ Վանքը կամ եկեղեցին վերածվել է նաև հավաքատեղիի՝ մի կողմից՝ զանգվածային սպանություն իրականացնելու կամ ողջակիզելու նպատակով, մյուս կողմից՝ բանտի՝ հայ տարագրյալներին և հատկապես կանանց այնտեղ արգելափակելու համար[10], ապա և պահեստավայրի՝ իսլամադավան բնակչության և իշխանությունների կողմից հայերի բռնագրավված ունեցվածքի կուտակման, բաշխման կամ հետագա թալանի համար[11]։

  • Հայկական մշակութային ժառանգության ոչնչացման երրորդ փուլը ներառում է 1920-ականներից մինչև մեր օրերը, երբ իրագործվեց այդ ժառանգության մնացյալ հատվածի ծրագրված ցեղասպանություն։

Հայոց ցեղասպանության իրագործումից հետո ժամանակի հրամայական էր դառնում բազմաթիվ հայաթափված գավառների վերաբնակեցման խնդիրը, ինչը լուծվեց Բալկաններից, Միջագետքից և այլ վայրերից տեղափոխված թուրքերի և իսլամադավան այլ ազգերի վերաբնակեցման պետական ծրագրի իրագործումով[12]։ Այս ծրագրի իրագործումն անմիջականորեն բախվում էր հայերի բնիկ լինելու հանգամանքն անըհդհատ փաստող նյութական մշակույթի մնացորդների՝ դեռևս կանգուն կամ կիսավեր հայկական հնագույն հուշարձանների ներկայության հետ։ Այս պահից սկսած՝ քեմալական վարչակարգը մշակեց և գործի դրեց հայերի մշակույթին առնչվող ցանկացած փաստի ոչնչացման պետական ծրագիրը, որի իրագործումով, փաստորեն, ամբողջացվեց Հայոց ցեղասպանության երիտթուրքական ծրագիրը։

Թուրքական կառավարության կողմից հայկական դարավոր հուշարձանները կանխամտածված և հետևողականորեն ոչնչացնելու առնչությամբ ուշագրավ է Միություն և առաջադիմություն կուսակցության անդամ, թուրքական ազգային մեծ ժողովի պադգամավոր, Մուստաֆա Քեմալի խորհրդական Ռիզա Նուրի բեյի՝ 1921 թ.-ի մայիսի 25-ի նամակն՝ ուղղված արևելյան ճակատի հրամանատար Քյազիմ Կարաբեքիրին, ուր մասնավորապես ասվում էր. «Անի քաղաքի հուշարձանների մնացորդներն ու հետքերը պետք է ջնջվեն երկրագնդի երեսից։ Դուք մեծ ծառայություն կմատուցեք Թուրքիային` այդ նպատակն իրագործելով»[13]։

Դեռևս 1920-ականներից կիրառվող հայկական մշակութային հուշարձանների անհետացման պետական ծրագիրն առավել ամբողջական ու համակարգված բնույթ կրեց 1940-1960-ականն թվականներին, երբ Օսմանյան կայսրության նախկին հայաբնակ տարածքներում և, մասնավորապես, Արևմտյան Հայաստանում աննախադեպ չափերի հասավ ոչնչացվող հուշարձանների թիվը։ Ծրագրի պետական մակարդակով իրագործման մասին են վկայում անգամ հուշարձանների ոչնչացման եղանակները՝ հրետակոծության, պայթեցումների միջոցով, մինչև անգամ՝ հուշարձանը թիրախ դարձնելով հրետանային զինավարժությունների համար։ Նման եղանակով մինչև 1960-ական թթ.-ը ոչնչացվեցին վաղ միջնադարյան և միջնադարյան հայկական այնպիսի հուշարձաններ, ինչպիսիք են Տեկորի Սուրբ Երրորդություն (5-րդ դար) եկեղեցին, Բագրևանդի Սուրբ Հովհաննու եկեղեցին (631 թ.), Խծկոնքի վանական համալիրը (9-11 դդ.) և տասնյակ այլ եկեղեցիներ[14]։

Թուրքական վանդալիզմը այսքանով չսահմանափակվեց. 1950-ական թթ. սկսած, արդեն իսկ կիսավեր հայկական եկեղեցիները, ենթարկվեցին նոր ավերումների՝ Ճանապարհաշինության կամ այլ նկատառումներով տրակտորների օգնությամբ։ Ֆրանսիացի ուսումնասիրող Ժան Միշել Թիերին վկայում է, որ Թուրքիայում իր հերթական ուսումնասիրությունների ժամանակ ականատես է եղել, թե ինչպես են կառուցողական մեծ աշխատանքներն ավերման նոր պատճառ դարձել։ Նա, մասնավորապես, գրում է. - «Մենք ականատես եղանք, թե ինչպես Կապուտկողի Սուրբ Հակոբ վանքը (11-րդ դար)` իր բարձրարժեք որմնանկարներով, ավերվեց տրակտորով՝ ճանապարհը ընդարձակելու համար»[15]։

Ուսումնասիրությունները փաստել են, որ 1970-1980-ական թթ. Արևմտյան Հայաստանի տարածքում հայկական մշակութային հուշարձանների ոչնչացման քաղաքականությունը հետևողականորեն շարունակվել է այն տարբերությամբ, որ ավերիչ ուժն արդեն առավելապես ոչ թե պետությունն էր՝ զինվորական ուժի գործադրմամբ, այլ հիմնականում պետական քարոզչությամբ ու անպատժելիությամբ խրախուսված քուրդ և թուրք բնակչությունը։ Այս շրջանում հայկական պատմաճարտարապետական հուշարձանները ոչնչացվել են գերազանցապես հետևյալ եղանակներով՝

  • Արևմտահայաստանի վանքերի ու եկեղեցիների, ինչպես, օրինակ, Վարագավանքի, Նարեկավանքի, Մշո Սուրբ Կարապետի սրբատաշ քարերով կառուցվել են գյուղական տներ՝ մինչև անգամ խաչքարերը, արձանագրությունները և զարդաքանդակներն արտաքին պատերում օգտագործելով որպես դեկորացիա։
  • հայկական կրոնական շինությունները վերածվել են մզկիթների՝ համապատասխան վերաձևումից հետո։
  • օգտագործվել կենցաղային ու հասարակական ամենատարբեր նպատակներով՝ գոմեր, մարագներ, ֆերմաներ, բանտեր, մարզասրահներ, պարասրահներ, հասարակաց տներ, լավագույն դեպքում՝ թանգարաններ։
  • ոչնչացվել են եկեղեցիների և վանքերի ինքնությունը փաստող արձանագրություններն ու սրբապատկերները։

Նույն ժամանակամիջոցում Թուրքիան ոչ միայն սահմանադրությամբ, այլև հուշարձանների պահպանմանն ու խնամքին վերաբերող միջազգային գործող պայմանագրերի ստորագրումով թեև պարտավորություններ է ստանձնել, որոնք վերաբերում են նաև ազգային փոքրամասնությունների մշակութային հուշարձանների պահպանությանը, այդուհանդերձ, կանխամտածված կերպով շարունակել է իր տարածքի դեռևս կանգուն կամ կիսավեր հայկական հուշարձանների ոչնչացումը։ Այսպես, Թուրքիայի 1961 թ.-ի հուլիսի 9-ի սահմանադրության 50-րդ հոդվածի 5-րդ մասով պետությունը պարտավորվել է իրականացնել «պատմական ու մշակութային արժեք ներկայացնող ստեղծագործությունների և հուշարձանների պահպանությունը», սակայն այդ հոդվածը դեռ պետք է գործնականում կիրառվեր[16]։ 1965 թ.-ին Թուրքիան ստորագրել է 1954 թ.-ի Հաագայի կոնվենցիան, որտեղ շեշտը դրված է անկախ ծագումից մշակույթների պահպանման կարևորության վրա, և որով Թուրքիան պարտավորվել է պատերազմների ժամանակ պահպանել իր տարածքի մշակութային հուշարձանները[17]։ Թուրքիան ստորագրել է նաև Եվրոպական խորհրդի կողմից կնքված 1985 թ.-ի հոկտեմբերի 3-ին Գրենադայում ստորագրված «Եվրոպական ճարտարապետական ժառանգության պահպանության կոնվենցիան», որը թեև Թուրքիան ստորագրեց նույն թվականին, սակայն նրա Ազգային մեծ ժողովի արտաքին գործոց հանձնաժողովի կողմից վավերացվեց միայն 1988 թ. օգոստոսի 1-ին։ Այդ կոնվենցիայի 3-րդ և 4-րդ հոդվածների համաձայն՝ կողմերը պարտավորվել են միջոցներ ձեռք առնել տվյալ տարածաշրջանի հուշարձանների, կառույցների համալիրների և տեսարժան վայրերի պահպանության համար, կանխել պահպանության տակ եղած անշարժ գույքի փչացումը, քայքայումը կամ ոչնչացումը[18]։ Նշյալ պարտավորությունները միայն փոքր մասն են կազմում այն մի շարք պարտավորությունների, որոնք Թուրքիան թեև ստանձնել է, սակայն գործնականում անգամ չի փորձել կիրառել։

Նախիջևան[խմբագրել | խմբագրել կոդը]

Մշակութային ցեղասպանության դրսևորումները Ասիայում[խմբագրել | խմբագրել կոդը]

Մշակութային ցեղասպանության դրսևորումները Եվրոպայում[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Lyndel V. Prott, Ethnocide, Encyclopedia of Genocide and Crimes Against Humanity, Dinah L. Shelton [editor in chief], vol. 1, Thomson Gale, 2005, p. 309-310.
  2. Թուրքական աղբյուրները Հայաստանի, հայերի և Անդրկովկասի մյուս ժողովուրդների մասին, հ. բ, թարգմանություն թուրքական բնագրերից, Ա. Խ. Սաֆրաստյան, Երևան, 1964, էջ 34։
  3. Էվլիյա Չելեբի, Թուրքական աղբյուրներ, հ. գ, թարգմանություն բնագրից, առաջաբան և ծանոթագրություններ` Ա. Խ. Սաֆրաստյանի, Երևան, 1967, էջ 246։
  4. Էվլիյա Չելեբի, Թուրքական աղբյուրներ, հ. գ, թարգմանություն բնագրից, առաջաբան և ծանոթագրություններ` Ա. Խ. Սաֆրաստյանի, Երևան, 1967, էջ 199։
  5. Lyndel V. Prott, Ethnocide, Encyclopedia of Genocide and Crimes Against Humanity, p. 310.
  6. Սիւրմէնեան Գ., Երզնկա, Գահիրէ, 1947, էջ 348։
  7. David Guant. “Massacres, Resistance, Protectors: Muslim-Christian Relations in Eastern Anatolia During World War I”, Gorgias Press, 2006, էջ 107, 222.
  8. Խոսրոևա Ա. Ռ., Ասորիների ցեղասպանությունն Օսմանյան Թուրքիայում և հարակից թյուրքաբնակ վայրերում (XIX դարի վերջ – XX դարի առաջին քառորդ), Երևան, 2004, էջ 44, 57։
  9. Adossidès A., Armռniens et Jeunes-Turcs, Paris, 1910, p. 104-105:
  10. Adapazar: Statement, dated 24th September, 1915, by a foreign resident in Turkey ; communicated by the American Committee for Armenian and Syrian relief, տես, THE TREATMENT OF ARMENIANS in the Ottoman Empire 1915-16, Documents presented to VISCOUNT GREY OF FALLODON, Secretary of State for Foreign Affairs. By Viscount Bryce T. FISHER UNWIN, LIMITED, LONDON, W.C., 1916, p. 211, 399:
  11. Adapazar: Statement, dated 24th September, 1915, by a foreign resident in Turkey ; communicated by the American Committee for Armenian and Syrian relief, տես, THE TREATMENT OF ARMENIANS in the Ottoman Empire 1915-16, Documents presented to VISCOUNT GREY OF FALLODON, Secretary of State for Foreign Affairs. By Viscount Bryce T. FISHER UNWIN, LIMITED, LONDON, W.C., 1916, p. 403:
  12. Dadrian V. N., The History of the Armenian Genocide, Oxford, 1995.
  13. Baghdjian K., La confiscation par le gouvernment turc, des biens armռniens…, Montrռal, Quռbec, Canada, 1987, p. 56
  14. ] «Վարձք», հուլիս-նոյեմբեր, N2, 2010:
  15. Թիերի Ժ. Մ., Հայկական հուշարձանների կրած վնասները Արևելյան Թուրքիայում, «Անի»-Անիի պահպանության և ուսումնասիրման միջազգային գիտական կենտրոնի գիտական-հասարակական եռամսյա հանդես, N 1, 1992, էջ 35-36։
  16. Ռայմոնդ Գոյ, Թուրքիայի քրիստոնեական մշակութային ժառանգության պահպանությունը, «Անի»-Անիի պահպանության և ուսումնասիրման միջազգային գիտական կենտրոնի գիտական-հասարակական եռամսյա հանդես, N 2, 1992, էջ 63։
  17. Kouymjian D., The Destruction of Armenian Historical Monuments as a Continuation of the Turkish Policy of Cenocide, A Crime of Silence the Armenian Cenocide, Cambridge, Mass., 1985, p.176.
  18. «Անի»-Անիի պահպանության և ուսումնասիրման միջազգային գիտական կենտրոնի գիտական- հասարակական եռամսյա հանդես, N 1, 1992, էջ 57-60, N 2, 1992, էջ 63։